Աստղագուշակությունից քիչ լուսաբանվող գիտությունը

30.01.2017, Քննադատ

Ապագա կենսաֆիզիկոս, հետևաբար` գիտության սիրահար և պսևդոգիտության դեմ պայքարող։

Աքաղաղի, այն էլ՝ վարդագույն, Սատուրն մոլորակի, պահանջկոտության և 7 թվանշանի միջև որևէ տրամաբանական կապ չկա: Սակայն մինչ աստղաբանները դրանք իրար են խառնում և կանխատեսումներ կատարում, հայաստանյան լրատվամիջոցները՝ ակտիվորեն լուսաբանելու առիթը բաց չեն թողնում:

Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի տարեվերջյա մամուլի ասուլիսներն ամենամյա ավանդույթ են դարձել։ Իհարկե, կարելի է կետ առ կետ անդրադառնալ ասուլիսի ընթացքում հնչած մտքերին, սակայն նման անդրադարձ արդեն իսկ 5 տարի առաջ է կատարվել։ Իսկ տարիների ընթացքում աստղագուշակության նկատմամբ չմարող հետաքրքրությունը և ակտիվ լուսաբանումը ստիպում են նյութս մեկ այլ ուղղությամբ զարգացնել։

Էլյա Հովհաննիսյանի ասուլիսներին առկա խոսափողերի քանակը, բազմաթիվ կայքերում հայտնված նյութերը շարունակ հիշեցնում են ֆիզիկայի ոլորտում միջոցառումներ կազմակերպելու դրական, բայց լուսաբանման տեսանկյունից՝ ձախողված օրինակները:

«Ֆիզիկան ու Մենք» խորագրով գիտական դասընթացը մեր՝ մի խումբ ֆիզիկոս ուսանողների՝ ֆիզիկան աշակերտների համար ավելի հետաքրքիր դարձնելու և դրա կիրառությունները ցույց տալու առաջին փորձն էր: Դիմումների քանակից, աշակերտների, բանախոս ուսանողների ու դասախոսների դրական արձագանքից ոգևորված, միջոցառման մասին տեղեկացրինք նաև լրատվամիջոցներին:

Հույս ունեինք՝ լուսաբանումը կնպասի նաև հաջորդ միջոցառումների նկատմամբ ավելի մեծ հետաքրքրության և վստահության առաջացմանը: Սակայն միջոցառման երկու օրերի ընթացքում որևէ լրատվամիջոց հետաքրքրություն չցուցաբերեց դրա նկատմամբ.  առավելագույն արդյունքը որոշ կայքերում միջոցառման կարճ նկարագրության տեղադրումն էր:

Առցանց մամուլի կողմից արձագանք չստացան նաև կազմակերպված հաջորդ ուսանողական և աշակերտական միջոցառումները՝ օպտիկայի, դրա կիրառությունների և ՀՀ-ում աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ հանրամատչելի բանախոսությունների շարքը և ֆիզիկայի տարբեր ճյուղերին և գործնական կիրառություններին նվիրված ամառային ճամբարը, թեև դրանց մասին տեղեկությունը պարտաճանաչորեն ուղարկվել էր լրատվամիջոցներին։ Միակ լրատվամիջոցը, որը մինչև միջոցառումների մեկնարկն անդրադարձել էր վերոնշյալ դասընթացին և ճամբարին, Հայաստանի հանրային ռադիոն էր։

Նույնիսկ եթե ենթադրենք, որ այս միջոցառումները լրատվամիջոցների հետաքրքրությունը չեն շարժել, քանի որ կազմակերպված էին անփորձ և երիտասարդ ուսանողների կողմից,  սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ հայտնի գիտնականների վարած միջոցառումները նույնպես պատշաճ չեն լուսաբանվում։ Հաճախ լուսաբանման շեշտը դրվում է գիտնականների անձի վրա, իսկ հայտնագործությունները և դասախոսությունները՝ մնում ստվերում։

2016 թ. ապրիլին Հայաստան 5 Նոբելյան մրցանակակիրների ժամանելու փաստը մեծ հանրայնություն ստացավ, սակայն լրատվամիջոցներն ավելի հաճախ գրում էին գիտնականների՝ Հայաստանից ստացած տպավորությունների, այլ ոչ թե նոբելյան դասախոսությունների մասին։ Մինչև աստղաբանների «շաքարը շիզոֆրենիա է առաջացնում» տիպի խոսքերը կարողանում են կայծակնային արագությամբ տարածվել լրատվամիջոցներով, իսկ նոբելյան մրցանակակիր Ադա Յոնաթի՝ ժամանակակից բժշկության զարգացմանն ու հիմնախնդիրներին անդրադարձող հանրային դասախոսությունը ներկայացնող հայալեզու նյութ հազիվ գտնվի։

2016-ի տարեվերջին էլ բազմաթիվ լրատվամիջոցներ անդրադարձան հայազգի գիտնական Յուրի Հովհաննիսյանի անունով նոր քիմիական տարրի անվանակոչման մասին։ Թեև նյութերում անդրադարձ էր կատարվում ընդուպ մինչև Յ. Հովհաննիսյանի ազգակցական կապերին, սակայն «օգանեսոն» քիմիական տարրի և բուն հայտնագործության թեման շատ քիչ շոշափվեց։

Մեկ այլ հայ գիտնական Արտեմ Օգանովի այցելությանն էլի որոշ լրատվամիջոցներ անդրադարձան, սակայն բավականին հանրամատչելի դասախոսությունն այդպես էլ մնաց ԵՊՀ-ի պատերի ներսում։ Իսկ հայտնի կենսաբան Պիեռ Ժոլիո-Կյուրիի՝ Մարի և Ֆրեդերիկ Կյուրիների թոռան վարած հանդիպմանն ընդհանրապես որևէ լրատվամիջոց չանդրադարձավ։

Թեև որոշ դեպքերում միջոցառումների կազմակերպիչներն էլ մեղքի իրենց չափաբաժինն ունեն, օրինակ լրատվամիջոցների հետ ուժեղ կապեր չունեն: Սակայն նույնիսկ ինֆորմացիան կանոնավոր տարածելու դեպքում կարևոր գիտական հայտնագործությունները կամ հայտնի գիտնականները կարող են ավելի քիչ ուշադրությանը չարժանանալ, քան աստղաբաններն ու կեղծ գիտնականները։

Թեև ամանորյա մաղթանքները արդեն ժամանակավրեպ են, սակայն ուշ և ավելորդ չէ հայաստանյան լրատվամիջոցներին մաղթել, որ իրենց ուշադրությունն ու ձայնագրիչները պսևդոգիտությունից դեպի գիտությունն ուղղեն։

Ռուբինա Դավթյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?