Աստղերը հուշում են, հեռուստաալիքները լուսաբանում

Աստղերը հուշում են, հեռուստաալիքները լուսաբանում
« Որոշ լրատվամիջոցներ հեռուստադիտողին հուշեցին, որ պետք չէ լուրջ վերաբերվել «աստղագետի» ասուլիսը ներկայացնող տեսանյութնին »

Փետրվարի 6-ին մի «հույժ կարեւոր» մամուլի ասուլիս տեղ էր գտել գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերում: էլյա Հովհաննիսյանին որոշ լրատվամիջոցներ ներկայացնում էին որպես աստղագետ, մյուսները` որպես ատղաբան, մաթեմատիկոս: Ասուլիսին ներկա էին ոչ միայն հեռուստաընկերությունների, այլեւ էլեկտրոնային լրատվամիջոցների լրագրողները: Բայց, այնուամենայնիվ, հենց հեռուստաընկերությունների լրատվական ծրագրերն էին լավագույնս լուսաբանել ասուլիսը: Որպեսզի մեր ընթերցողը հասկանա, թե ինչ կարեւոր մտքեր էր արտահայտում «աստղաբան-մաթեմատիկոսը» եւ ինչու էին հեռուստաընկերություններն անդրադարձել այդ ասուլիսին, բերենք մի մեջբերում. «2012 թվականի հոկտեմբերից հետո կշատանա մահացության թիվը: Պետք է զգուշանալ ոչ թե մահից, այլ խանգարումից: Մահացածները կարող են վերածնվել, իսկ խանգարում ստացած անձինք այլեւս չեն կարող վերածնվել:Մարդկությունը կոչնչանա այն ժամանակ, երբ կվերանա բուսական աշխարհը, հետո կենդանական աշխարհը: Դա կլինի մոտ 120 տարի անց» :

Նմանատիպ զավեշտական մտքեր ասուլիսում շատ են հնչել եւ դրանք թվարկելը երկար ժամանակ կպահանջի: Բայց ամենակարեւորն այն է, որ «աստղագետը» մարդկության ապագայի հետ կապված դարակազմիկ գուշակությունների արանքում չմոռացավ նշել, որ Հայաստանը ծաղկում եւ բարգավաճում է եւ  նրան վտանգ չի սպառնում: Ինչպես նաեւ չմոռացավ իր մասնագիտական գովքն անել`«Ինձ մոտ հերթեր են գոյանում», եւ իր գրքերը գովազդել`«Ես գրել եմ յոթ գրքեր, որոնք աղջիկների համար են: Այդ գրքերը եթե աղջիկները չուսումնասիրեն, չեն կարող գտնել իրենց կեսերին: Աղջիկների մեծ մասը չեն ամուսնանում նրա համար, որ նրանց կեսը նրանց մեջ չէ»: Սա կարևոր է հասկանալու համար, որ մենք գործ ունենք ոչ թե անառողջ սեւեռումներով մարդու հետ, այլ հաջողակ «մասնագետի», ով հստակ պատկերացնում է իր հաճախորդների թիրախային խումբը:


Այն, որ հեռուստաընկերություններն իրենց լրատվական ծրագրերում տեղ են հատկացնում նման ասուլիսներին, վկայում է, որ նրանք եթերաժամը լցնելու խնդիր ունեն, ինչն օրինաչափ է, եթե հաշվի առնենք հեռուստաընկերությունների որդեգրած քաղաքականությունը: Երբ լրատվամիջոցները չեն ցանկանում կամ չեն կարող ներկայացնել հասարակության եւ պետության ներսում առկա իրական խնդիրները, ապա նրանք ստիպված են պսեվդոգիտական ցնդաբանություններ ներկայացնել:

Նկատենք, որ եթե մի լուրջ գիտնական իր աշխատանքները ներկայացներ, խոսեր գիտության ոլորտում առկա խնդիրներից, ապա դժվար թե այդքան լրատվամիջոցներ ներկայանային նրա ասուլիսին եւ այսքան լրջորեն լուսաբանեին: Տիկին Հովհաննիսյանին ներկայացնում էին աստղագետ, մաթեմատիկոս, որովհետև նա այդպես էր ներկայացել: Ստացվում է, որ ով ցանկանա, կարող է մաթեմատիկոս եւ ֆիզիկոս ներկայանալ, եւ լրատվամիջոցներն այդպես էլ կներկայացնեն նրան հեռուստադիտողին:

Աստղաբանի ասուլիսի լուսաբանումը «արդարացված» կլիներ, եթե լրատվամիջոցներն այդ ասուլիսից հեռուստադիտողին ներկայացնեին միայն այն հատվածը, որտեղ «մաթեմատիկոսն» իր գուշակությունն էր հայտնում, թե Հայաստանում ամեն ինչ լավ է ու ավելի է լավանալու: Դա կլիներ գործող իշխանության արդյունավետ գործունեության «գիտական հիմնավորումը» եւ մոտեցող ընտրությունների համատեքստում ընկալելի կլիներ հեռուստադիտողի համար: Բայց խնդիրն այն է, որ այդ «գիտական պայծառատեսության» հատվածներից զատ, լրատվական ծրագրերը ներկայացնում էին նաեւ մնացած ցնդաբանությունները: Օրինակ` մոլորակների «փոխհարաբերությունների» արդյունքում ինքնասպանության մտքով տարված մարդկանց տրվող խորհուրդները.« Ճիշտ կլինի, որ այդ մարդիկ, այդ երկու-երեք օրը, առավոտյան,մինչև բռնկումը, մտնեն դուշի տակ: Լողանալը չի խնդիրը, այլ ուղղակի մի քիչ երկար մնում են դուշի տակ, դրսից մաքրվում են այդ միկրոմասնիկներից»:

Եթե որոշ լրատվամիջոցներ հեռուստադիտողին հուշեցին, որ պետք չէ լուրջ վերաբերվել «աստղագետի» ասուլիսը ներկայացնող տեսանյութնին, ապա «Հ2» հեռուստալիքը տիկին Հովհաննիսյանի ասուլիսը ներկայացրեց ընդգծված լրջությամբ: «Արմնյուզ»-ի տեսանյութը նույնպես  լուրջ էր, սակայն տեսանյութի բովանդակության զավեշտական բնույթի մասին հուշում էր հաղորդավարուհու ժպիտը: Միայն «Շանթ» հեռուստաընկերությունն էր, որ լրջորեն կասկածի տակ դրեց տեսանյութի «լրջությունը»: Ասուլիսի ժամանակ «աստղագետ-մաթեմատիկոսի» հնչեցրած մտքերը զուգակցվում էին  հոլիվուդյան գիտաֆանտաստիկ եւ սարսափ ֆիլմերից վերցված կադրերով: Իսկ տեսանյութի ավարտից հետո Արամ Աբրահամյանն ու Արմեն Դուլյանը «թեմատիկ վերլուծություններ» շարքում իրենց կարծիքը հայտնեցին տեսանյութի կապակցությամբ: Արամ Աբրահամյանը հեշտությամբ հիմնավորեց, թե ինչու է ինքը նման մարդկանց «շառլատաններ» համարում:

Այսպիսով միայն «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվական ծրագիրը որոշակի պատասխանատվություն դրսեւորեց եւ հեռուստադիտողին միայնակ չթողեց «աստղագետ-մաթեմատիկոսի» ցնդաբանությունների առջեւ:  Միայն թե արժե՞ր արդյոք այդքան եթերային ժամանակ տրամադրել «շառլատանին»՝ նախ ներկայացնել ասուլիսը, ապա վերլուծել այն: 

Համբարձում Համբարձումյան

Հեղինակի մասին

Կրթությամբ կինոդրամատուրգ է: Գրում է պատմվածքներ, պաստառ-պատմվածքներ, կինոսցենարներ: Աշխատել է որպես օրաթերթի լրագրող:

Comments

Գեղամին Ես մանկապատանեկան

Գեղամին
Ես մանկապատանեկան խոհերը քննարկելու նպատակահարմարությունը չեմ տեսնում:ՈՒղղակի արձանագրում եմ եվ վերջ:Իսկ կայքի ադմինիստրացիան պիտի իմանա,որ այս տարածքում մենք հեռուստաքննադատություն ենք փնտրում ոչ թե Համբարձում Համբարձումյան:

Էս ինչ ուրախ քննարկում ա

Էս ինչ ուրախ քննարկում ա եղել, չեմ տեսել: Անձնական խնդիր ունեք, Շաքե: Եթե ոչ, ապա գրեք, թե ինչը հոդվածում հեռուստաքննադատություն չէր: Եթե այսքան վստահ գնահատական եք տալիս, ապա հավանաբար քաջ տիրապետում եք քննադատության էդ տեսակին: Ճ

Շաքե, ուրախ եմ, որ մեր

Շաքե, ուրախ եմ, որ մեր կայքում մեդիա քննադատություն եք փնտրում... հենց էտ էլ մեր խնդիրներից է..
Եթե կոնկերտ էս մի հոդվածը ձեզ դուր չի եկել, էլի նորմալ է։ Ուղղակի ավելի արդյուանավետ կլիներ կոնկրետ քննարկելը, քան որակումներ անելը…

Իսկ ինչ է հասկանում այս մարդը

Իսկ ինչ է հասկանում այս մարդը հեռուստատեսությունից,որ մի հատ էլ երկար-բարակ վերլուծություն է գրում.Այս կայքը կանլրջանա,
եթե շարունակի տարածքը լցնել էսպիսի տկարամիտ հոդվածներով:Կներեք անկեղծությանս...

Շաքե, շնորհակալություն

Շաքե, շնորհակալություն կոմենթի համար, բայց շատ ավելի շնորհակալ կլինեի, եթե գրեիք, թե հատկապես ինչի հետ համաձայն չեք հոդվածում ու ինչն է, որ էդքան անլուրջ է ու մի քչ էլ խոսեիք հոդվածի առարկա հեռուստաեթերում հայտնված արտադրանքի լրջության մասին

Շատ ճիշտ ա, էդ շարքից են նաեւ

Շատ ճիշտ ա, էդ շարքից են նաեւ հոգեբանների "գլուխգործոցները"... "լողացեք, որ մաքրվեք" կամ էլ "երջանիկ եղեք, որպեսզի ինքնասպանության մտքերը նահանջեն"... երեւի երբ ասելու բան չկա, դիմում են ասղերի դասավորմանը, միստիկային ու ենթագիտակցությանը: Էդ ժամանակ գիտակցությունը բարեհաջող անջատվում ա:

Մեկնաբանել

Type the characters you see in this picture. (verify using audio)
Type the characters you see in the picture above; if you can't read them, submit the form and a new image will be generated. Not case sensitive.
                                

 Media.am by Media Initiatives Center is licensed under a Creative Commons Attribution 3.0 Unported License
Reproduction in whole or in part without reference is prohibited.

Creative Commons License