2018.02.02,

Քննադատ

Ընդամենը մեկ զանգ լուսանկարչին

author_posts/german-avagyan
Գերման Ավագյան
twiter

Լուսանկարիչ

Այս հոդվածը արվեստի մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես են ժամանակակից նկարիչներն իրենց ոգեշնչումը «ներբեռնում» լուսանկարներից։

Պատկերազարդումների հոսքի մեջ փայլատակեց երիտասարդ նկարչի աշխատանքը, որի ստեղծման համար նա օգտագործել է «Ֆոտոլուր» գործակալության ֆոտոլրագրող Վահրամ Բաղդասարյանի հայտնի լուսանկարը։

Հիշեցի, որ երկու տարի առաջ մեկ այլ նկարիչ իր ստեղծագործության մեջ օգտագործել էր իմ լուսանկարը։ Քանի որ խնդիրն ինձ էր առնչվում, ծուլացա գրել դրա մասին։ Հիմա այդ երևույթը զանգվածային թափ է հավաքել, և խնդիրը քննարկելու ցանկություն ծագեց։

Երբ հայ ստեղծագործողը ոգեշնչվում է հայ լուսանկարչի աշխատանքով, վերջինս դժվար թե գորովանքով չլցվի դիմացինի նկատմամբ ու մեղմիկ հպարտություն չապրի։ Սովորաբար, այս գորովանքը տևում է մինչ այն պահը, քանի դեռ այդ աշխատանքը չի ցուցադրվել որևէ ցուցասրահում՝ վաճառելու նպատակով։

Հենց նկարչի աշխատանքը վաճառվում է, դրանից հետո լուսանկարիչն ու նկարիչը ինչ-ինչ հարցեր ունեն պարզելու իրար հետ։ Ես, օրինակ, այդ նկարչի ֆեյսբուքյան պատկերազարդումների տակ հարցական նշան (?) դրեցի։ Պատասխանն այս սմայլիկն էր (☺)։

Էլ չսպասեցի՝ մինչև աշխատանքը ցուցադրվի կամ վաճառվի։ Առանց որևէ բացատրության սմայլիկով պատասխանը հուշեց, որ մենք իրար չենք հասկանա երբեք, իսկ դատական հայց ներկայացնելն ընդդեմ տեղացի նկարչի, ըստ իս՝ ժամանակի ու փողի անտեղի կորուստ է։ Իմ կորցրած դրամը դատարանում ծառայելու էր այդ նկարչի գովազդին։ Ընդամենը։

Եթե նույնիսկ պատկերացնենք, որ բանը հասել է մինչև դատարան, այդ դեպքում դատավորի ուսերին էինք դնելու արվեստաբանի կամ արվեստի քննադատի պարտականությունը։ Տեղյակ լինելով մեր դատական ոլորտի մակարդակին, ես չէի ցանկանա նման իրավիճակում հայտնվել։

Լավագույն դեպքում դատարանի վճռով վիճելի աշխատանքն ուղարկվելու էր փորձագիտական հանձնաժողով։ Գուշակեք, թե ովքեր էին լինելու այդ հանձնաժողովում։

Վստահեցնում եմ ձեզ, լուսանկարի ոչ մի փորձագետ չեք գտնի, միմիայն ժամանակակից արվեստի «մասնագետներ»։ Եվ ու՞մ շահը պետք է պաշտպանեին նրանք։ Պարզ է, չէ՞։

Հայաստանում չկա մի կառույց, որտեղ աշխատում են լուսանկարչության մասնագետներ։ Նրանց պարզապես հնարավոր չէ որևէ տեղից պեղել։

Մի քանի տարի առաջ նկարիչներից մեկը ստեղծել էր դիմանկարների մի ողջ շարք (մոտ 20 աշխատանք)՝ համացանցի լուսանկարների հիման վրա։ Լուսանկարները, բնականաբար, ներբեռնել էր Գուգլի օգնությամբ։

Ամեն ինչ հարթ էր ընթանում, քանի դեռ աշխատանքները ցուցադրվում էին Հայաստանում։ Երբ ցուցահանդեսը նախապատրաստվում էր Եվրոպայում, նկարիչը որոշեց ապահովագրել իրեն և նամակ գրեց հեռավոր երկրի մի անհայտ լուսանկարչի՝ նրա լուսանկարներն օգտագործելու թույլտվության խնդրանքով։

Պատասխանը միանշանակ էր. «Ձեր Հայաստանում ինչ ուզում եք արեք, բայց եթե այդ գործերը ցուցադրեք օրինավոր երկրում, դատի կտամ ձեզ»։

Ափսոս։ Այ, եթե նամակն ավելի վաղ գրվեր՝ արտնախագծի համահեղինակ դառնալու առաջարկով (նախագծի, ոչ թե նկարների), հավանաբար նկարիչը կստանար դրական պատասխան։

Լուսանկարիչների ու նկարիչների միջև դատաքննություններ են ընթանում ողջ աշխարհում։

Նկարիչ Ռիչարդ Փրինսն այս ոլորտում ռեկորդակիր է. հինգ դատական գործ ունի ընդդեմ լուսանկարիչների։ Սակայն լուսանկարչի համար դժվար է դատական հայց ներկայացնել մի նկարչի դեմ, որի թիկունքին կանգնած է Լարրի Գագոսյանի նման ցուցասրահատերը։

Դատավարությունները վճիռ կայացնելիս հենվում են քննադատների ու ժամանակակից արվեստի գիտակների տեսակետներին։ Իսկ նրանց տեսակետը կարճուկոնկրետ սա է. եթե նկարիչը միզի ձեր լուսանկարի վրա, ապա կարող է դա խիզախորեն ներկայացնել որպես իր սեփական արտստեղծագործություն և որպես ժամանակակից արվեստի նմուշ վաճառել ցուցասրահում։

Ոչինչ չի խանգարում այդ նույն Փրինսին՝ Ինսթագրամից ներբեռնել կանանց դիմանկարներ, մեծ չափերով բազմացնել տպիչ սարքով և վաճառել այդ նույն Գագոսյանի մոտ՝ հատը 90 հազար դոլարով…

Այցելուները թքում-մրում են, Ինսթագրամի հաշվետերերը զայրանում են… Բայց հուրախություն Գագոսյանի ու Փրինսի՝ աշխատանքները վաճառվում են։

Իսկ ահա Ջեֆ Կունսի բախտն այնքան էլ չի բերել։ Մեկ անգամ չէ, որ նա ստիպված է եղել փոխհատուցել այլոց լուսանկարներն իր ստեղծագործություններում օգտագործելու համար։ Երևի Ֆրանսիայի դատարաններն ավելի շատ բան գիտեն արվեստի մասին եւ առավել պահպանողական են ժամանակակից արվեստի նկատմամբ։

Այսպես, ֆրանսիական դատարանը Կունսին մեղադրեց պլագիատի համար։ 1988-ի «Մերկություն» քանդակի երկու երեխաները չափազանց նման են լուսանկարիչ Ժան Ֆրանսուա Բորեի 1975 թվականի «Երեխաները» լուսանկարին։

Դատարանը վճռեց Պոմպիդուի կենտրոնից, որտեղ պետք է ցուցադրվեր քանդակը, և քանդակագործից բռնագանձել 40 հազար եվրո, որը պետք է ստանար լուսանկարչի այրին՝ Կլոդ Բորե Ալարը։ Jeff Koons LLC ընկերությունը նույնպես պարտավոր էր 4 հազար եվրո տուգանք վճարել կայքում քանդակի լուսանկարը տեղադրելու համար։

Ջեֆ Կունսի «Շնիկների հավաքածու» քանդակը նույնպես գողություն որակվեց։ Այդ քանդակն ստեղծվել էր Արտ Ռոջերսի լուսանկարի «մոտիվներով»։ Վերջինս ոչ միայն շահեց հայցը և ստացավ դրամական փոխհատուցում, նաև դարձավ առկա չորս քանդակներից մեկի տերը։

Ի՞նչ հետևություն կարելի է անել վերոգրյալից։

Կարող եմ միայն առաջարկել ելք, որը համահունչ է միայն հայկական իրականությանը։ Դատարաններում ջղեր և փող չծախսելու համար բավարար է զանգել լուսանկարչին։ Մեկական բաժակ սուրճ, զրույց։ Լուսանկարիչն ու նկարիչը միշտ կարող են լեզու գտնել։

Չեմ կարծում, թե նման հանդիպումից հետո ստեղծագործողն այս կամ այն կերպ իր երախտագիտությունը չի արտահայտի լուսանկարչին՝ բարեհաճող վաճառքից հետո։ Մեկ շիշ կոնյակ կամ նկար…

Մեծ աշխարհ է, մեկ էլ տեսար՝ նաեւ դրամական պարգեւ։

Գերման Ավագյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *