Արվեստի գնահատումը լրագրողի նկուն ուսերին

21.02.2018, Քննադատ

Արձակագիր

Անցած տարեվերջին հերթական անգամ հրապարակվեց պետական աջակցություն ստացող ոչ պետական լրատվամիջոցների, այդ թվում՝ մշակութային լրատվության համար օժանդակություն ստացողների ցանկն ու գումարի չափը: Դրանց թիվը մեծ է, գումարը՝ չնչին:

Բայց առավել հետաքրքիր է, թե ինչ ասել է մշակութային լրատվություն: Եթե դա տեղեկությունն է, որ այսինչ թատրոնում պրեմիերա է եղել, կամ համերգ որևէ սրահում, ապա դա անում են գրեթե բոլոր լրատվամիջոցները, կամ գրեթե բոլորը:

Այդպիսի լուր տարածող լրատվամիջոցների թիվը կտրուկ մեծանում է, երբ նման մի միջոցառման մասնակից են լինում նաև հանրապետության առաջին դեմքերը:

Թեև նրանք տրամադրություն ու ժամանակ այնքան էլ չունեն թատրոն կամ թանգարան գնալու, բայց համերգների որոշ մասը անց է կացվում նախագահի, վարչապետի կամ առաջին տիկնոջ բարձր հովանու ներքո: Փորձենք հասկանալ, թե ինչ է նշանակում «բարձր հովանու ներքո արտահայտությունը»: Նրանք հո սաղարթոտ ծառ, անձրևանոց կամ հովանոց չե՞ն:

Սա գրեթե նույնն է, որ ասենք՝ համերգը տեղի է ունենում նախագահի բարձր ստվերի ներքո, կամ շուքին տակ: Հայերեն աղաղակող սխալով այս արտահայտության փոխարեն կարելի էր ուղղակի գրել՝ նախագահի, կամ վարչապետի հովանավորությամբ: Բայց լավ, եթե շատ է պետք՝ թող լինի բարձր հովանավորությամբ:

Բայց չէ, մեզանում բոլոր կարծրատիպային արտահայտությունները պիտի անպայման լինեն կեղծ ու պաթետիկ:

Իսկ մշակութային լրատվությունն, ուրեմն, սահմանափակվում է աֆիշի դերակատարությամբ. լուր տալով, որ այսպիսի մշակութային իրադարձություն է եղել, կամ լինելու է: Առավելագույնը կարող են մեկ-երկու հարց տալ ասենք ներկայացման ռեժիսորին, կամ գլխավոր դերակատարին, որոնք մի լավ փառաբանելով սեփական աշխատանքը, չեն մոռանում վերջում ավելացնել, որ իհարկե, վերջին խոսքը հանդիսատեսին, կամ ընթերցողին է պատկանում:

Իսկ ընթերցողը կամ հանդիսատեսը կարիք ունի վերլուծության:

Լրատվամիջոցները խորշում են դրանից: Համոզված են, որ այդպիսի նյութերն ընթերցող կամ այցելու չեն ունենա: Ուրեմն չկա ո՛չ թատերախոսականի, ո՛չ կինոռեցենզիայի, ո՛չ գրախոսության, ո՛չ էլ երաժշտագիտական կամ արվեստաբանական խոսքի կարիք:

Ընդունենք, որ դրանցով շատ ավելի քիչ մարդ է հետաքրքրված, քան պակաս ժամանակ, ջանք ու իմացություն պահանջող նյութերին ծանոթանալ ցանկացողներն են:

Բայց եթե նույնիսկ փոքրամասնությանն է այն հետաքրքիր, որտե՞ղ կարող է նա բավարարել իր տեղեկատվական պահանջը: Ինչո՞ւ բոլոր տեսակի փոքրամասնությունների իրավունքները հրատապ են, իսկ մտավոր մեծ պաշար ունեցող փոքրամասնությանը՝ ոչ:  

Եզակի բացառություններից էր «Ազգ» օրաթերթի մշակութային հավելվածը: Այժմ գումարվում է նաև «Հրապարակի» հավելվածը, որը ամսական մեկ համարի պարբերականություն կունենա: Բավարա՞ր է սա: Անշուշտ, բավարար չէ:

Բնական է, որ այսպիսի պայմաններում մշակութային տեղեկատվությունը հանձնարարվում է ընդհանուր լրագրություն ուսանածներին:

Ընդ որում, լրատվամիջոցներում այս ասպարեզը համարվում է ամենահեշտն ու անկարևորը: Կարող եմ վկայել, որ այսինիչի խնդրանքով կամ այնինչի պնդմամբ լրատվամիջոց աշխատանքի վերցված նորելուկին գլխացավանքից հեռու մնալու համար մոտ չեն թողնում քաղաքական, տնտեսական, սոցիալական թեմաներին: Թող մշակույթի մասին գրի:

Մինչդեռ մեր կրթական հաստատություններն ամեն տարի մեծ թվով թատերագետներ ու կինոգետներ, արվեստաբաններ ու երաժշտագետներ են ավարտում: Բնագավառի նկատմամբ վերաբերմունքը՝ որպես երկրորդական ու ինչ- որ իմաստով ոտատակ ընկնող ասպարեզի, միայն լրատվամիջոցներին չէ, որ հատուկ է, այլ հանրապետության ողջ մտայնությանն ու մթնոլորտին:

Վերադառնալավ մշակութային լրավությանը պետական աջակցություն տրամադրելու հարցին, ասենք, որ շատ ավելի նպատակային կլիներ ունենալ ամբողջապես կամ մեծամասամբ մշակութային թեմաներ արծարծող որևէ կոնկրետ լրատվամիջոց: Եթե տպագիր մամուլն այլևս պահանջարկ չունի, ուրեմն՝ կայք, որը դրսևորվելու դաշտ կդառնար ոչ այնքան լրագրողների, որքան արվեստի տեսաբանների համար:

Արդյունավետ աշխատելու պարագայում այն կկարողանար բարերար ազդեցություն ունենալ հասարակության ընկալումների վրա, կսահմաներ չափանիշներ, կնպաստեր արժեքային որոշակի համակարգի ստեղծմանը:

Ֆիլմեր կան, որոնք արդեն տարիներ շարունակ «փառապանծ հաղթարշավ» են կատարում Կաննի կամ այլ փառատոններում, իրականում ավելի հաճախ պարզապես ցուցադրվում են ծրագրից դուրս, մասնավոր, վարձված որևէ սրահում, սակայն որևէ վերլուծական գնահատականի չեն արժանացել մեր մամուլում: Դարձյալ առավելագույնը հարցազրույց բեմադրիչի հետ, որը հեքիաթներ է պատմում իր ֆիլմի հերթական հաղթանակի մասին:

Այնուհանդերձ, երբեմն մեր մամուլում հայտնվում են հատուկենտ պրոֆեսիոնալ հեղինակների կինոռեցենզիաներ, սակայն նրանց դիտարկման թիրախը հիմնականում օտարերկրյա կինոն է:

Նույնն է նաև արվեստի այլ ճյուղերի պարագայում:

Մի կողմից վատամարդ չդառնալու ձգտումը, մյուս կողմից հարթակի բացակայությունը թույլ են տալիս միջակ կամ անարժեք ստեղծագործությանը՝ դարակազմիկ գլուխգործոցի հավակնություններ դրսևորել:

Եվ ընդհակառակը, ի հայտ են գալիս արվեստի ու գրականության իրական արժեքներ, որոնք մնում են սառը անտարբերության, նախանձի ու լռության տիրույթում:

Սովորաբար այդպիսի արժեք ստեղծող հեղինակները համեստ, անհավակնոտ մարդիկ են, և հեռու են լրագրողական բում ու PR ստեղծելու վարպետությունից: Կարճ ասած՝ թացը չորից զատելու, ոսկին փայլփլուն անարժեք թիթեղից զատելու գործը ոչ թե լրագրողինն է, այլ՝ մասնագետինը:

 

Հովհաննես Երանյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?