«Ուժի ցցուն դրսևորումը սմարթֆոններով լուսավորված տարածքն է»

20.04.2018, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

«Քայլ արա, մերժիր Սերժին» բողոքի ակցիաների շարքը՝ սկսվելով որպես փոքր նախաձեռնություն, վերածվեց զանգվածային հանրահավքների ու երթերի, որոնք շարունակվում են Երևանի փողոցներում «կազմակերպված քաոսի» եղանակով:

Այդ շարժման մասին ինֆորմացիայի տարածումը ցանցային է ու հրապարակային, ի տարբերություն այն կանխելու մեթոդների, որոնք հիմնված են կա՛մ հստակ ուղղահայաց ճնշման (համազգեստավոր ոստիկանների), կա՛մ քողարկված գործելաոճի վրա (քաղաքացիական հագուստով ուժայինների կամ ուժ գործադրելու չգրված հրաման ստացածների):

Անհնազանդության քայլ անելու կոչերի, դրանց տարածման ու հասարակության համար դրանք գրավիչ դարձնելու մասին շատ բան գիտի շարժման ակտիվիստ, «Ալիք Մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

Նա համարում է, որ առաջնային էր շարժման մեջ ներգրավել երիտասարդներին ու նրանց, ովքեր գտնվում են սոցցանցային տեղեկատվական փուչիկում:

Ցանցային ակցիաների մասին տեղեկությունը տարածելու հիմնական գործիքը համացա՞նցն է:

Հանրահավաքների իրազեկման համար, իհարկե, համացանցը մեծ նշանակություն ունի: Հատկապես, երբ կարիք է լինում արագ արձագանքելու, ինչպես, օրինակ, տեղի ունեցավ ապրիլի 18-ի երեկոյան, երբ հանրահավաքից հետո ինչ-որ անհասկանալի, կենդանակերպ մարդիկ փողոցում լուսացույցեր ու նստարաններ էին կոտրում:

Չնայած մենք ուղիղ կոչ էինք արել մասնակիցներին, չմնալ Ֆրանսիայի հրապարակում, պարզվեց, որ խոսափողներով հաղորդակցությունը բավարար չէր:

Միշտ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ շարժումները կայանում են, երբ ընթացքը արդեն կախված է լինում ոչ թե մեկ մարդուց, այլ գործընթացը ինքնաբերաբար է շարունակվում:

Եվ այո, դրա առաջին նախապայմանը ինտերնետն է, որից մենք շատ ենք կախված:

Բայց ոչ պակաս կարևոր է տեղում կողմնորոշվելու հարցը, հատկապես, երբ որոշում կայացնող մարդկանցից ոմանք տարածքում չեն լինում, և պետք է որևէ մեկը նախաձեռնությունն իր վրա վերցնի:

Երբ օրինակ, գնացել էի ոստիկանական բաժին, որտեղ տարել էին ձերբակալված ուսանողներին, ողջ ընթացքը նկարահանում էի ու ուղիղ հեռարձակում Ֆեյսբուքով: Այդպես տարածվեցին մեր քայլերը:

Մեծ հաշվով ինտերնետը համահարթեցրել է ինֆորմացիայի տարածման խնդիրը: Անգամ եթե այս պահին քո նյութերը լայն լսարան ու մեծ տարածում չեն ստանում,  դրա դեմ պայքարելն ու կապը շրջափակելը շատ բարդ է:

Հնարավոր համարու՞մ եք, որ ստեղծվի պատրանք, թե շարժման մասնակիցները ապրում են հարմարավետության զոնայում, տեսնում են միմյանց հրապարակումներն ու հենց դրանց էլ արձագանքում են:

Իհարկե, հասկանում ենք, որ մեր լսարանը կարող է լինել հիմնականում համակիրներից կազմված:

Իրականում, մենք բոլորս էլ վաղուց ապրում ենք «տեղեկատվական փուչիկի» մեջ: Բայց կարծում եմ՝ գոնե այս փուլում մենք դրանից անդին ենք:

Սրանից տասը օր առաջ հաստատ կարելի էր ասել, որ արձագանքը շատ քիչ էր: Եվ խոսքը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի Հայաստանով մեկ քայլարշավի մասին է, այլև Երևանում կազմակերպված ակցիաների (ասենք, Սերժի համար թոշակ հավաքելը և այլն):

Դրանք թեև լուսաբանվում էին օնլայն հարթակների կողմից, բայց մեծ հաշվով լայն տարածում չէին ստանում: Բայց հիմա ինֆորմացիան շատ արագ է տարածվում:

Եվ բնավ էլ ցանկություն չունե՞ք որևէ բան պահանջել հեռուստատեսությունից, որը կամ լռում է, կամ հատվածային տեղեկություն հաղորդում:

Եթե կարող է որևէ դժգոհություն լինել հեռուստատեսային լուսաբանումից, ապա միայն Հանրային ալիքից, որը մեր հարկերից է վճարվում և պիտի լուսաբանի ոչ միայն պետական կամ կառավարական հիմնարկների, այլևս մեր քայլերը:

Իսկ մնացած ալիքների մասին կարող ենք խոսել բարոյականության տեսանկյունից (և շատ երկար խոսել), բայց պարտադրելու որևէ իրավական հիմքեր չունենք: Այդ ալիքները մասնավոր են կամ կուսակցական և հետապնդում են իրենց շահերը:

Բայց այստեղ ծագում է արդեն լրագրողական էթիկայի խնդիրը: Ես որպես լրագրող ու խմբագիր ունեմ իմ խոսակցությունը, իսկ նրանք, ովքեր քաղաքական տիրույթում են, բայց կարծում են, որ լրագրությամբ են զբաղվում, թող այդպես էլ մոլորված մնան:

Իրականում, մենք այդ մասին շատ ենք մտածել և անիմաստ ենք համարում հիմա դրա վրա ժամանակ ծախսելը:

Ի վերջո, վաղուց արդեն հեռուստատեսությունը ակտուալ չի, լսարանը ոչ միայն չի նայում հեռուստացույց, այլև գիտի, որ եթե անգամ ցույց տան, իրենք չեն հավատալու:

Պատրա՞ստ եք ինֆորմացիայի մանիպուլյացիայի հնարքների, որոնք ուղղված կլինեն շարժման վարկաբեկմանը:

Դրանցից ոչ մեկը նորություն չէ: Օրինակ, կարող են հեռուստատեսությամբ ցույց տալ լուսացույց կոտրող սադրիչներին ու ասել, որ դրանք մեր շարժման կողմնակիցներն են: Կամ ցույց տալ, որ որևէ ավտոմեքենայի անիվներն են ծակվել և դա կրկին արել են մեր կողմնակիցները: Կամ ցույց տալ, որ Նիկոլ Փաշինյանը ոստիկանի հետ երկու վայրկյան տևող շփում է ունեցել, և այդ կադրը հարյուր անգամ կպտտվի տարբեր ալիքներով:

Իհարկե, որոշ տարածքներում այդ մանիպուլյացիաները միգուցե ազդեցություն ունենան:

Ամեն դեպքում գործի կդրվեն նման մանր քայլերը, իսկ ավելի լայն իմաստով՝ չեն կարող վարկաբեկել, քանի որ իրավիճակ է փոխվել:

Տասը տարի առաջ, երբ Հանրային հեռուստատեսությունը ամիսներ շարունակ դեմոնիզացնում էր ընդդիմության շարժումն ու չկային տեղեկություն ստանալու այլընտրանքային աղբյուրներ (անգամ բջջային կապն էր շատ թույլ), թե՛ոստիկանության աշխատակիցները, թե՛ բանակում եղած մարդիկ, դիտում էին միայն Հանրային ալիքը:

Եվ որպես արդյունք, կախում ունեին այդ նառատիվից: Փակ տիրույթներում նրանք դառնում էին այդ նառատիվի գերիները:

Այսօր, այսուամենայնիվ, այդ ինֆորմացիոն շրջափակումը ճեղքված է, և իշխանությունները դա շատ լավ հասկանում են: Պարզապես այլ տարբերակ չունեն: Ի՞նչ պիտի անեն: Փակե՞ն Յություբն ու Ֆեյսբուքը:

Կարող են փորձել...

Ուրեմն կստացվի, որ Արմենբաշի ունենք:

Մեր իրականությունը հիմա շատ նման է Բրեժնևյան լճացման տարիներին, միակ տարբերությունն այն է, որ իշխանությունների դեմ խոսում են ոչ թե խոհանոցներում, այլ բոլորի համար տեսանելի տարածքներում:

Այլևս խոհանոցային ընդդիմության կարիք չկա: Հեռուստացույց նայում են, իմանալու, թե ինչն է սուտը, հետո դուրս են գալիս փողոց և ուղիղ կոմունիկացիայի միջոցով տեղեկանում, թե իրականում ինչ է կատարվում:

2007-2008 թվականներին ընդդիմությունը ստիպված էր կոչ անել, որ չնայեն «Հայլուրը», հիմա դրա կարիքը չկա: Խնդիրը լուծել է ինտերնետը, հիմա հրապարակում չես գտնի մի մարդու, որը չի նկարում հանրահավաքը: Օրինակ, գիշերը, հանրահավաքում եղած սմարթֆոնների լուսային տարածքը հենց ուժի ցցուն դրսևորում է:

Եվ Աստված չանի, որ ստիպված լինենք նորից անցնել արտակարգ դրություն հայտարարելու ու ինֆորմացիայի սահմանափակման ճանապարհով:

Բայց նույնիսկ այդ դեպքում հարց կառաջանա՝ արդյոք իշխանությունները ունե՞ն բավարար ռեսուրս դա իրականացնելու համար:

Ընդունում ենք, որ նրանք բավականին գրագետ ու ճիշտ են գնահատում իրավիճակը, Սերժ Սարգսյանն էլ լավ ճգնաժամային կառավարիչ է, բայց գերադասում է ընդունել միայն այն, ինչը ցանկալի է համարում:

Հավաքները, երթերը պիտի ունենան նաև ձգողականություն, գրավիչ ու գայթակղիչ էներգիա, ֆիզիկական հետքեր քաղաքում, ոչ միայն ցանցերում: Մի խոսքով՝ լինեն ցանկալի:

Այո, պիտի լինեն ցանկահարույց, բայց ոչ բոլորի, այլ հիմնականում այն մարդկանց համար, որոնք գտնվում են ինֆորմացիոն փուչիկի մեջ:

Մեր շարժման ընթացքում անընդհատ մտածել ենք իմիջային նշանների ու հենց այդ գրավչության ֆոնը ստեղծելու մասին:

Երևանի կենտրոնական փղոցների գրեթե 90%-ում արել ենք գրաֆիտիներ՝ օգտագործելով հեշթեգով գրված #ՄերժիրՍերժին գրառումները, որոնք ընդամենը ժամեր անց արագորեն ջնջվել են՝ ծածկվելով սպիտակ ներկով:

Մեր հույսը Դաշնակցության կուսակցության կողմից վաղուց ընդունված մարտավարությունն է՝ գաղափարական կենտրոնացում, գործունեության ապակենտրոնացում:

Սա կազմակերպված քաոս է, որի փորձը դանդաղորեն, բայց ձեռք ենք բերել: Եթե ուղիղ ճանապարհով չի ստացվում, ստիպված ենք զարտուղի ճանապարհներով անել:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?