«Ինձ համար ամենազզվելին «պատվեր» բառն է»

14.12.2018, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Մայիսին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո լրատվամիջոցները Հայաստանում փորձում են վերգտնել սեփական տարածքը կամ շավիղից դուրս եկած դերը կրկին շավիղի մեջ տեղավորել: Բոլոր դեպքերում նրանց դասական (կոմերցիոն ու հանրային նշանակության) դերը որոշակի տրանսֆորմացիայի է ենթարկվել:

«Հրապարակ» օրաթերթը, որը նախորդ տասնամյակում աշխատել է շուտափույթ որսալ ու նույնքան արագ էլ արձագանքել լուսանցքային, անգամ միջանցքային լուրերին ու ասեկոսեներին՝ դարձնելով դրանք վաճառվող ապրանք, հիմա էլ շարունակում է նույն մարտավարությունը:

Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը վստահ է, որ այդպես նրանք լրացնում են հանրային պահանջը: Նա ասում է, որ իր թերթի լրագրողների նյութերին գրեթե չի միջամտում, կամ միջամտում է զգուշորեն ու նրբորեն, քանի որ լրագրողները տարբեր կարծիքներ ունեցող սուբյեկտներ են:

Տպավորություն է, որ հեղափոխության ժամանակ որոշ լրատվամիջոցներ համարեցին, որ դա նաև իրենց ձեռքբերումն էր: Եվ այդպես էլ աշխատում են հիմա:

Այո, հեղափոխությունը տարիներ տևող լրագրողական աշխատանքի արդյունքն էր նաև:

Բայց մեր հասարակությունը դժվար փոփոխվող ու իներտ է, ունի իր պատկերացումներն ու կաղապարները, որոնցից չի կարողանում արագ ազատվել ու կողմնորոշվել:

Երբ մայիսի 8-ին իշխանության եկավ նոր ուժը, հասարակությունը շարունակեց նրան վերաբերվել որպես ընդդիմության, այդպես էլ չհասկանալով, որ իշխանություն ունեցողը բոլորովին այլ կարգավիճակ, պատասխանատվություն ու անելիքներ ունի, քան փողոցում պայքարող ուժը:

Բարեբախտաբար, լրագրողների մի մասը դա շատ արագ ընկալեց: Օրինակ, մենք քաշեցինք սահմանագիծ, ասելով, որ մինչ մայիսի 8-ը եղել ենք հեղափոխություն անող հասարակության և ընդդիմադիր ուժի հետ, նույնը անելու ենք նաև մայիսի 8-ից հետո:

Ուղղահայաց իշխանության ժամանակ փոքր մեդիա-կսմիթները, տեղեկատվական մանր արտահոսքերը, միջանցքներում հայտնաբերված սկանդալները լավ աշխատում էին որպես բացահայտման փորձեր: Խորը հետաքննություններ չկային, բայց կար մակերես: Դա ոճի՞ հարց է:

Կան խնդիրներ ու գործընթացներ, որոնց վերաբերվում ենք այնպես, ինչպես տարիներ առաջ: Ես լրագրող եմ, որը միշտ աշխատել է ընդդիմադիր, այսպես ասած՝ ազատ մամուլում: Եվ իմ վերաբերմունքը չի փոխվում այն բանից, որ իմ ընկեր Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության ղեկավար է, իսկ իմ փեսա Ալեն Սիմոնյանը Ազգային ժողովի պատգամավոր է:

Ես շարունակում եմ իմ լրագրողական առաքելությունը: Միշտ համարել եմ, որ բոլոր ժամանակներում, բոլոր երկրներում մամուլը ունի մեկ դեր՝ անկախ այն բանից, թե երկրում ինչ փոփոխություններ են, ով է գալիս և ով է գնում իշխանությունից: Այդ դերը պահապան շան, սանիտարի, թերություն գտնելու, մատնացույց անելու, բարձրաձայնողի դերն է:

Նու՞յն ոճով:

Մամուլը ոչ միայն ակադեմիական վերլուծություններ, բացահայտումներ ու հետաքննություններ անելու համար է, այլև գրելու փոքր սկանդալային լուրեր, միջադեպեր, ասեկոսեներ:

Մենք պետք է հասարակության հետ համահունչ ապրենք ու աշխատենք, չենք կարող կտրվել այն մարդկանցից, որոնց հետաքրքրում է, օրինակ, թե ինչպիսի հարաբերություններ են «Քաղաքացիական պայմանագրի» ներսում կամ ինչպես է ընթացել վարչության նիստը:

Եթե ունենք նման ինֆորմացիա, ինչու՞ չգրենք այդ մասին: Նույնկերպ գրում էինք նաև ՀՀԿ-ի նիստերի ժամանակ տեղի ունեցող վեճերի ու կռիվների մասին:

Մեր վերաբերմունքը չի փոխվել, փոխվել են ընդամենը անձերն ու անունները:

Լրատվամիջոցը պետք է բավարարի հանրային հետաքրքրությունները՝ բոլոր առումներով, տեսնի խոցելի տեղերը, թերությունները, սխալները: Ընդ որում՝ ավելի շատ տեսնի իշխանության, քան ընդդիմության սխալները:

Օրինակ, մեր խմբագրությունում կան թե՛ հեղափոխականներ, թե՛ հակահեղափոխականներ, բոլորն իրենց տեսակետն ունեն: Խնդիրն այն է, թե որքանով ենք թույլ տալիս, որ հնչեն այդ բոլոր տեսակետները: Իմ թերթում տպվող նյութերի ու կարծիքների 70 %-ի հետ ես համաձայն չեմ, բայց կարծում եմ, որ մեր լրագրողներն իրավունք ունեն իրենց հայացքը բերելու թերթ:

Չե՞ք միջամտի նույնիսկ այդ դեպքում, եթե խմբագրվելուց կշահի նյութի կառուցվածքը, բառապաշարը կամ ուղերձը:

Ես խմբագրում եմ շատ զգուշորեն, մերժում եմ միայն համամարդկային ակնհայտորեն մերժվող բաները: Օրինակ, թույլ չեմ տալիս, որ օգտագործվի «աղանդավոր» բառը, քանի որ եթե կա կրոնի ու խղճի ազատություն, ուրեմն պետք է հարգանքով վերաբերել բոլոր կրոնական կազմակերպություններին:

Նույնն էլ սեռակա՞ն փոքրամասնությունների դեպքում է: Հարցնում եմ, քանի որ «Հրապարակում» բավականին հաճախ կարդում ենք նույնասեռականների վտանգի մասին:

Հասարակության մեջ կա նաև կաղապարված խավ, և որքան էլ ուզենք ճիշտ սահմանել ազատությունները, կաղապարները միևնույն է սպրդում են թերթ:

Օրինակ, չենք կարող չլուսաբանել ԼԳԲՏ-ի դեմ ակցիաները, որտեղ հնչում են տարբեր կարծիքներ: Եվ մենք նաև այդ կարծիքներ ունեցողներին ենք տեղ տալիս թերթում:

Ընդհանրապես չեմ սիրում, երբ ասում են, որ խմագրությունը պետք է իր գիծը կամ քաղաքականությունը ունենա: Պետք է հնարավորություն տալ, որ երևան, ինչ-որ ձևով արտացոլվեն հասարակության բոլոր շերտերի ու խավերի տեսակետները:

Չես կարող կտրվել հասարակությունից: Իհարկե, միշտ կա հարց. իսկ արդյոք ես ճի՞շտ եմ, երբ կարծիքս պարտադրում եմ ուրիշներին: Բայց կա բացատրություն, որ լրատվամիջոցը հասարակության հայելին է:

Լրատվամիջոցը չի կարող դառնալ մասնակից կամ կողմ: Հիմա երբ քննադատում ենք մի ուժի, ակամայից հայտնվում ենք մյուս ուժի դաշտում: Օրինակ, եթե ասենք, քննադատում ենք Նիկոլի Փաշինյանին, ստացվում է, որ ջուր ենք լցնում հանրապետականների ջրաղացի վրա:

Միշտ կա տվայտանք. ինչպե՞ս անել, որ նայելով քննադատի հայացքով, չհամընկնես նրա հետ, ով նույն բանին նայում է թշնամու հայացքով:

Նախկինում հանրապետականները ատում էին մեզ, պատահում էին խայտառակ բախումներ, մեր մասին ահավոր բամբասանքներ էին տարածում, սպառնում էին, հետապնդում: Այսինքն, մեզ հետ այս տարիներին ամեն ինչ, անգամ հարձակումների շրջան է եղել: Անձամբ իմ դեմ են կազմակերպվել ակցիաներ:

Բայց հիմա անցել է պահը, և այդ նույն մարդիկ ասում են՝ կներես, սխալվել ենք, հասկացանք, որ դու ոչ թե պատվեր ես կատարել, այլ ցույց ես տվել լրագրողական կեցվածք:

Լավ է, որ օգտագործեցիք «պատվեր» բառը: Ժամանակը չէ՞ այն մաքրելու բացասական իմաստից ու դարձնելու նորմալ ու բաց աշխատանքային մոդել: Ի վերջո, պատվերը չի նշանակում սխալ կամ անորակ:

Դա ինձ համար ամենազզվելի բառն է: Պատվերը տեղ չունի լրագրության մեջ:

Իսկ ի՞նչն եք համարում ամենամտահոգիչը:

Հեղափոխությունից հետո ամենալուրջ խնդիրը հոգեբանական ճնշումներն են, որոնք գործադրվեցին մեզ վրա: Մեր հասարակությունում կա մի շերտ, որի մի մասը ֆեյք են, իսկ մի մասը իրական մարդիկ են, բայց ի վերջո մեզ բարդ է դիմադրել հեղափոխությամբ ոգևորվածների ճնշմանը:

Լավ է, որ էյֆորիան երկար չմնաց լրագրողների մեջ, նրանք արագ սթափվեցին ու հասկացան, որ պետք է գործ անեն, այլ ոչ թե դառնան իշխանության մաս: Թեև որոշ լրատվամիջոցներ այդպես էլ դա չհասկացան, ինչի համար ափսոսում եմ:

Ամենից շատ մեր լրատվամիջոցը կարող էր դառնալ իշխանության քարոզչամեքենա, քանի որ փեսաս առաջնային դիրքերում է, իսկ վարչապետը իմ թոռան քավորն է: Նոր թիմում հարյուրավոր ընկեր ու բարեկամ ունեմ: Բոլոր շանսերը կային, որ գնայի ու կանգնեի իրենց կողքը՝ լինելով ավելի պաշտպանված ու հանգիստ: Բայց չարեցի, քանի որ իմ պատկերացումներն ունեմ մամուլի դերի մասին: Ավելի լավ է փակեմ թերթը, քան տեսնեմ, որ մի նախարար ապուշություն է ասում, իսկ ես այդ մասին չեմ գրում:

Եթե գրելու թեմա կա, պիտի գրեմ՝ հաշվի չառնելով անձնական դրդապատճառները:

Քննադատության դաշտից դուրս ոչ մեկին չենք դնում: Ասում եմ իմ լրագրողներին՝ որտեղ էլ լսեք մի սխալ բան, կգաք կգրեք առանց մի վայրկյան մտածելու: Իհարկե, մենք սուբյեկտիվ ենք, բայց երբեք մտածված մեկին չենք թիրախավորում, իսկ մյուսին՝ տալիս արտոնություն:

Լրատվամիջոցների ֆինանսավորման աղբյուրները հիմնականում ստվերայի՞ն են:

Գուցե նման բան հնարավոր էր ասել տարիներ առաջ, բայց հիմա՝ ոչ: Մենք, օրինակ, ունենք 16 պայմանագիր տարբեր գովազդային ընկերությունների հետ, և մեր ֆինանսական միջոցների հոսքն այնպիսին է, որ նույնիսկ տարվա վերջում ավելցուկ ունենք:

Ստացվում է, ավելի շատ գովազդ ունենք, քան ձեզ պետք է:

Այս պահին, այո: Անգամ ունենք եկամուտ:

Իհարկե, այն լրատվամիջոցը, որն ունի լյուստրացիայի կարիք, պետք է բացահայտի իր ստվերային տնտեսությունը, մանավանդ եթե չունի գովազդ, այցելուներ և դիտումներ: Մենք նման խնդիր չունենք: Ունենք տասը աշխատող և փոքր խմբով անում ենք առավելագույն աշխատանք:

Կարծում եմ, Հայաստանում կայացած լրատվամիջոցները ծածկում են իրենց ծախսերը:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?