Պատառիկներ հեռուստաեթերից՝ քվեաթերթիկների հաշվարկի ժամերին

04.04.2017, Նյուսրում

Լրագրող

Խորհրդարանական ընտրությունների օրը՝ ապրիլի 2-ին, ժամը 20:00-ից  հեռուստատեսությունների լրատվական ծրագրերը ներկայացնում էին ձայների հաշվարկը: Այդ ժամերին երբեմն երևում են հեռուստաընկերությունների թաքուն կամ բացահայտ վերաբերմունքը՝ այս կամ այն քաղաքական ուժի նկատմամբ:

«Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվականն, օրինակ, հեռուստադիտողին վստահեցնում էր, որ ընտրական հանձնաժողովներում «Ծառուկյան» դաշինքի մանդատով աշխատող անդամները, վստահված անձինք «ուշի ուշով» հետեւում են քվեաթերթիկների հաշվարկին:

Հ3 հեռուստաընկերության «Օրը» լրատվականն իր լսարանին տեղեկացրեց, որ «Հայկական վերածնունդ կուսակցությունը» (ՀՎԿ) ՀՀԿ-ի և «Ծառուկյան» դաշինքի հետ առաջատար եռյակում է: Առիթը Վայոց Ձորի տեղամասերից մեկում ՀՎԿ-ի ստացած մոտ 50 և Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում ստացած 67 քվեներն են:

Հ3-ը նաև պատմեց Արմավիրի մարզի տեղամասերից մեկում կատարված խախտումների մասին: Լրագրողը կարդաց, որ տվյալ տեղամասում արձանագրվել է «Հայկական վերածնունդ» կուսակցության քվեաթերթիկների բացակայություն: Տպավորություն էր ստեղծվում, որ ինչ որ ուժեր աշխատում են ՀՎԿ-ի դեմ: Այնինչ ռեպորտաժում նաև ասվում էր, որ յուրաքանչյուր ընտրողի հատկացվող 9 քվեաթերթիկների խրձերում բացակայել են տարբեր համարների թերթիկներ, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ի 6 համարը: Խոսքը, դատելով ռեպորտաժից, հանձնաժողովի անփութության մասին էր, սակայն ռեպորտաժը կառուցված է հենց «Հայկական վերածնունդ» կուսակցության շուրջ:

Ռեպորտաժում նաև ասվում էր, որ Հ3-ի լրագրողներն ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահին ստիպել էին տեղի ունեցածի մասին գրառում կատարել գրանցամատյանում:

«Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը պատմում էր, որ Արմավիրի մարզում ընտրողները քվեարկել են հանուն արդարության: «Արդար Հայաստան»-ը ՀՅԴ նախընտրական կարգախոսն է: Լրագրողը ռեպորտաժ էր պատրաստել անմիջապես ՀՅԴ Արմավիրի շտաբից:

«Արարատ» հեռուստաընկերության «Հայլուր» լրատվականի հյուրն էր ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը: Հարցազրույցն իր բովանդակությամբ ավելի շատ մի զրույց էր, որտեղ հյուրն ու լրագրողը լրացնում էին միմյանց, համաձայնում բոլոր հարցերի շուրջ:

Գագիկ Աղբալյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?