Խոսում էր Երևանը

07.05.2016, Քննադատ

Մասնագիտությամբ՝ բանասեր, Աշխատել է «Անկախություն», «ԱՐ»,  «Շրջան», «Այժմ» շաբաթաթերթերում:

Վաղուց, միգուցե ոչ այնքան վաղուց, բայց բոլորովին ուրիշ հասարակարգում կար «պատի ռադիո»՝ ռադիոընդունիչ, որ ամրացված էր խոհանոցի պատին: Խորհրդային ամենաանվտանգ ու արդեն փլուզվող տարիների ամենահատկանշական ատրիբուտներից էին քաղաքային լարային ռադիոցանցով հաղորդվող՝ «պատի ռադիոյի», հաղորդումները  ու փոստարկղները մեր շքամուտքերի պատերին: Դրանք իրենց մեջ պարունակում էին այն ինֆորմացիան, որ այսօր ունենք տարբեր տրամաչափի համակարգիչներից, հարյուրից ավել ալիքներ որսացող ալեհավաքներով հեռուստացույցներից, նաև, երևի թե միայն մեքենաներում միացրած ռադիոհաղորդումներից ու թերթերից…

Շքամուտքերի պատերին ամրացված քառակուսի, իսկ ավելի ուշ՝ արծաթագույն արկղների վերանալու հետ՝ վերացան նաև այն հրաշալի ամսագրերն ու թերթերը, որ սոցիալիզմի հոգեվարքի շրջանում մենք կարդացինք ագահորեն, հավաքեցինք բոլոր համարները, հետո՝ կազմեցինք լավագույն գործերի հավաքածուն՝ կամզարարական ոչ արհեստավարժ, տնային մեթոդներով ու … թափեցինք տուն տեղափոխելիս, վերանորոգումների, տոտալ մաքրությունների ժամանակ՝ թափելով մեռնող հասարակարգի ամենասիրուն փուլը, երբ արգելված գրականությունը տպվում էր սիրուն ամսագրերում, լավ որակի թղթի վրա, նկարազարդ ու արգելված հեղինակաների նկարներով ու հարցազրույցներով …

Մայիսի յոթը ռադիոյի օրն է: Խառը ու ծանր օրերի մեջ հաստատ չէի հիշելու, բայց ֆեյսբուքի ռադիոաշախատող ընկերներիցս մեկը գրել էր «կարոտել եմ ռադիոյի օդը»: Ես այդ օդը չեմ շնչել, բայց այս ծանր, խառը օրերի մեջ մի անսպասելի հաճույքով սկսեցի հիշել մեր անպատերազմ, թեև խորհրդային մանկապատանեկության բոլոր ռադիոհաղորդումները, որովհետև ամեն հաղորդում՝ տափակ, թե՝ լավ, համընկնում էր օրվա պարբերաբար կրկնվող որևէ անհոգ պահի հետ:

Դպրոցական տարիներին մենք արթնանաում էինք առավոտյան յոթն անց կեսին: Անտանելի դժվար արթնացումն ու պարտադրված անհավես նախաճաշը ուղեկցվում էր «Պիոներական լուսաբաց»-ով: Կարծում եմ չեմ սխալվում: Կար նաև «Վաղորդյան զանգակներ» հաղորդումը: Եթե չեմ սխալվում, դա արդեն մեկից երկուսը ընկած հատվածում էր, երբ արդեն տանն էինք ու հավեսով էինք նախաճաշում ու լսում Կատյա Էլբակյանի «բոլորիս սիրող» ձայնը:

«Պիոներական լուսաբացի» դպրոցականները բեմադրում, խաղում էին, ինչ-որ իրավիճակներ, երկխոսություններ, որոնք սարսափելի արհեստական էին թվում ու մեր իրական պիոներական կյանքի հետ առանձնապես կապ չունեցող, որովհետև այնտեղ չէին պատմում, ասենք Շահումյան դպրոցի դիմացի նեղ կրպակում «տակից» վաճառվող արտասահմանյան ծամոնների մասին, որոնք վաճառվում էին հիսուն կոպեկով կամ մեկ ռուբլով՝ մի ամբողջ կարողություն: Այդ հաղորդումներում չկար իրավիճակ,երբ դասարանի մաթեմատիկայից ուժեղ ու դասարանի օրինակելի ավագը, դասերից հետո մի քանի հոգու հետ ներսից փակելով դասարանի դուռը պահարանից հանում էին չստուգված ստուգողականների տետրերի կապոցն ու բոլորի կիսատ թողած աշխատանքները հասցնում ավարտին՝ հենց այնպես, բոլորին լավ բան անելու համար: Բայց «Պիոներական լուսաբացը» հիմա սիրելի է, որովհետև նրա ձայնի տակ մեր շատ ջահել մայրերը մեզ հագցնում, կերակրում, ճանապարհում էին ու վերջին վայրկյանին հրահանգում դպրոցի բուֆետում «կոտլետ» չուտել, ինչը անհնար էր, նույնիսկ մայրերին լսելու մեծ որոշման դեպքում:

Ես հիշում եմ, որ շատ անհասկանալի զուգադիպությամբ, երբ ես դպրոցից վերադառանալիս բանալին պտտում էի, որ դուռը բացեմ՝ «պատի ռադիոն», դե համարյա միշտ, «ծղրտում էր» «Պեսնյարի» խմբի «Ռոդինա մոյա, Բելորուսիա» երգը: Այդ երգը «տունդարձիս» ավետման երգն էր երկար տարիներ:

Մանկության տարիների սիրելի ձայներից էր ժամը իննին «Բարի գիշերով» հնչող Մարգո Մուրադյանի քնքուշ, ապահով «բարի գիշեր, երեխաներ» զնգուն, խաղաղեցնող ձայնը, որ դուրս էր գալիս, պատին կպած սպիտակ «ռադիոյից»:

Կոլեկտիվների պատվերով համերգները հետաքրքիր էին նրանով, որ մենք լսում էինք, թե մեր ուսուցիչները ինչ են սիրում լսել, որովհետև նրանց ֆեյսբուքյան պատերից դա իմանալ չէինք կարող: Ու մեր դպրոցի ուսուցչական կազմի պատվերով համերգի ժամանակ լսեցի, որ իմ պատմության ուսուցիչ ընկեր Ղարագյոզյանը սիրում է Սարասատեի «Գնչուական մեղեդիները»: Ես էլ սիրեցի …

Ռադիոթատրոնը. մենք սպասում էինք ռադիոթատրոնի օրվան ՝շաբաթ և կիրակի: Եթե որպես ներկայացում ինչ-որ բան էլ դուր չէր գալիս, իմանում էինք, որ այդպիսի գործ կա, կարելի է կարդալ: Իսկ շատ ներկայացումներ հաջողված էին: Լենինի ու Կրուպսկայայի  «մասնակցությամբ», մի ներկայացում կար, որտեղ ինձ հատկապես շատ էր հետաքրքրել, թե Լենինգրադյան սառը քամու սուրոցի ձայնը ինչ իրական է ստացվում: Ծիծաղելի, բայց բարի հուշեր …

«Դուք լսում եք Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից»: Սա սկզբում ուրիշ «ռադիոյից» էր միայն խոսում: Խոհանոցի «պատի ռադիոն» դեռ չէր հաղորդում Վաշինգտոնից հնչող Ամերիկայի ձայնը: Դա ու էլի մի քանի «ձայներ» մերոնք լսում էին VEF ռադիոընդունիչով ուշ գիշերներին: Այդ ձայները հատուկ խանգարում էին ու լսելը մեծ ցանկության դեպքում էր միայն հնարավոր: Մանկապատանեկության ավարտի հետ ավարտվեցին նաև սոցիալիսիտական պետության փթթուն տարիները: Ու «Ամերիկայի ձայնը»  հաղորդավարուհու շատ սիրուն ձայնով հնչում էր արդեն խոհանոցի «պատի ռադիոյից» ու առանձնապես էլ բան չէր ասում, որ մենք չգիտեինք: Ընկերներիցս մեկը պատմել էր, որ սովետական տարիներին սիրահարված էր Լիլի Դրամփլյանի ձայնին ու երազանք ուներ  երբևէ հասնել Ամերիկա, գտնել «Ամերիկայի ձայնի» հաղորդավարուհի Լիլի Դրամփլյանին …

Իմ անգիտակից մանկության հուշերում ես ուրիշ անուն եմ հիշում՝ Զորա Սաֆիր, նա վարում էր «Ամերիկայի ձայնի» ռուսական հաղորդումները: Ես վեց, յոթ, ութ տարեկան էի, ոչինչ չէի կարող հասկանալ, բայց հորս կողքին տեղավորված լսում էի, ու այդ անունը մեխվել էր ուղեղիս մեջ ու շատ երկար կրկնում էի խաղալիս, գրելիս, ինքս ինձ համար, անունը դուրս եկել էր …

Խորհրդային իրականության փլուզվելուց հետո «պատի ռադիոն» հաղորդեց ոչ միայն «Ամերիկայի ձայն», այլև նոր ու հետաքրքրիր շատ բաներ:

Հետաքրքրիր էր ու նոր «Երևան» ծրագիրը, ժամը տասնյոթից տասնութի արանքում:

Հաղորդումը քաղաքի մասին էր, սովորական անցուդարձի ու, իմ հիշելով՝ առաջին հաղորդումն էր, որ հետդ զրուցում էր քաղաքի մասին, բաներ էր պատմում, երիտասարդ ձայներով, հետաքրքրիր ճկուն խոսքով: Ուղիղ եթեր էին մտնում գրագետ տղաներ ու աղջիկներ ու տարիքվ ավելի մեծ Լեյլի Դշխոյանը՝ հաճելի ձայնով ու զրուցող հնչերանգով: Մի քանի անգամ, պատերազմական ամենատխուր օրերին «Երևան»  ծրագիրը արթնացրել էր տխուր օրվա ծանր բովանդակությունից: Իսկ Մհեր Մկրտչյանի մահվան լուրը հաղորդեց այնպես, ինչպես հարազատներն են իրար իմաց տալիս վատ բանի մասին: ՈՒ ինսունականների ծանր, անտրամադիր, անլույս ու ցուրտ դեկտեմբերի վերջին օրը Երևանը հավաքվեց ճանապարհելու իր սիրելի արտիստին:

Խոհանոցի «պատի ռադիոն» աննկատ անհոգ ասող–խոսողից վերածվեց պատերազմի դաշտի ամենամռայլ լուրեր հաղորդողի: Վառարանների ու նավթավառների շուրջ հավաքված՝ բոլորի ականջը, իսկ երբեմն հայացքն էլ ուղված էր նրան: «Գրավել են,  հանձնել են, ռմբակոծվում է, հրթիռակոծվում է» բառերը մտան խոհանոց ու երեկվա վաղորդյան զանգակը սկսեց խոսել մահերից, տեղահանությունից, սկսեց մահվան դեմք ցույց տալ:

Հետո էլի փոխվեց: Էլի կամաց–կամաց «ռադիոն» սկսեց ուրախանալ:

«Ստերեո ստուդիան» Բրեգովիչի հայտնի երգով մտավ մեր տները ամեն աշխատանքային օր՝ ժամը տասնմեկին, կարծեմ: «Սիրելի ռադիոլսողներ»-ին ավելացավ «սիրելի տատիկներ և պապիկներ» դիմումն ու շատ տատիկներ ու պապիկներ այդ երգի հնչյուններն իրենց ուղված զգացին ու հաղորդման հասցեատերերն էլ իրենք դարձան՝ չիմանալով Բրեգովիչի երգի բառերի իմաստը: Ուրախացնում էր արդեն ռադիոն: Հետո, էլի նիստեր էին հեռարձակվում, հետո էլի չէին հեռարձակվում, հետո «Ազատություն»- ն էր եթերազրկվում՝ էլի քաղաքականանում էր մեր խոհանոցների «պատի ռադիոն» …

Հիմա խոհանոցներում «պատի ռադիոներ» չկան… Բայց ռադիոն կա ու իր աշխատակիցները սիրում են «ռադիոյի» հոտը: Իսկ մենք հիշում ենք բոլոր սիրելի ձայները:

Լուսինե Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?