Քաղցկեղի հաղթահարումը հայկական մեդիայում

06.10.2016, Քննադատ

Ապագա կենսաֆիզիկոս, հետևաբար` գիտության սիրահար և պսևդոգիտության դեմ պայքարող։

Քաղցկեղը 21-րդ դարում մահացությունների հիմնական պատճառներից է: Այն ոչ միայն գիտական և բժշկական հետազոտությունների, այլև լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է։

Հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ պարբերաբար անդրադառնում են քաղցկեղին և դրա բուժման մեթոդներին, սակայն տեղադրված նյութերից շատերը հակասում են ժամանակակից բժշկությանը։

Հայալեզու համացանցում քաղցկեղի հետ կապված հակագիտական հրապարակումներում ամենաշատը տարածված է քաղցկեղի՝ սոդայով բուժման մեթոդը։ Նյութերից շատերում հղում է կատարվում իտալացի բժիշկ Տուլիո Սիմոնչինիին, որը քաղցկեղը հեշտ բուժելի սնկային հիվանդություն է համարում, իսկ քիմիաթերապիան՝ խաբեություն։ Վերջինիս անդրադարձել են ոչ միայն 1in.am, mamul.am, tert.am և այլ լրատվական կայքեր, այլ նաև մասնագիտացված doctors.am կայքը։

Թեև նյութում նշված է, որ կայքը պատասխանատվություն չի կրում նյութի բովանդակության համար, սակայն բժշկական ուղղվածության կայքում նման նյութի առկայությունը կարող է մեթոդի նկատմամբ ավելի մեծ վստահություն առաջացնել։ Այս բոլոր նյութերում դրական տեսանկյունից է ներկայացվում Սիմոնչինին, որը սխալ բուժմամբ պայմանավորված մարդասպանության մեղադրանքով դատապարտվել է։

Իսկ 168.am-ը և panorama.am-ը սոդային նաև կիտրոն են ավելացնում՝ նշելով, որ այդ համադրությունը 10 000 անգամ ուժեղ է քիմիաթերապիայից։ Եթե այս պնդումը ճիշտ լիներ, ապա կիտրոնով թեյ խմողները թերևս ապահովագրված կլինեին քաղցկեղից։

Իսկ «Առավոտում» տեղ գտած մի նյութից, որը հիմնված է դիետոլոգ Հայկազ Սարգսյանի մամլո ասուլիսի վրա, անհնար է հասկանալ՝ արդյո՞ք վերջինս քաղցկեղը համարում է վիրու՞ս, թե՞ սխալ սննդի կուտակում։ Սակայն ակնհայտ է, որ երկու դեպքում էլ դա հակասում է գիտական բժշկությանը։

Այսպիսով, հայկական լրատվամիջոցներում շրջանառվում են պնդումներ, որ քաղցկեղը մակաբույծ սունկ կամ վիրուս է: Նմանատիպ պնդումներն արդեն վկայում են, որ նյութը հակագիտական է։ Թեև որոշ վիրուսներ (օրինակ՝ մարդկային պապիլոմա վիրուսը) կարող են նպաստել քաղցկեղի առաջացմանը, սակայն քաղցկեղը հավաքական անվանումն է այն հիվանդությունների, որոնք առաջանում են բջիջների անկառավարելի աճի հետևանքով։ Քաղցկեղի ժամանակ ծեր կամ վնասված բջիջները չեն մահանում, իսկ նոր բջիջներն էլ ստեղծվում են, երբ դրանց կարիքը չկա։ Հենց այս ավելորդ բջիջներն էլ կարող են բաժանվել անդադար և առաջացնել ուռուցքներ:

Կախված քաղցկեղի բարդությունից և տեսակից, բուժման եղանակները կարող են լրիվ բուժել քաղցկեղը կամ կառավարել դրա աճը։ Քաղցկեղի բուժման ամենատարածված եղանակները վիրահատությունը, քիմիաթերապիան և ճառագայթային թերապիան են, իսկ ավելի հաճախ՝ դրանց համակցումը։

Իսկ քաղցկեղի՝ կիտրոնահյութով, գազարով և այլ սննդամթերքներով բուժման ապացույցներ չկան։ Այս տարածված կեղծ գիտական պնդումների նախատիպ է հանդիսացել այն փաստը, որ որոշ սննդամթերքներ հակաքաղցկեղային հատկություններ ունեն։ Ինչը միայն նշանակում է, որ ճիշտ սննդակարգը կարող է նվազեցնել քաղցկեղ ունենալու հավանականությունը կամ նպաստել ճիշտ բուժման արդյունավետությանը։

Սակայն հայկական լրատվամիջոցներում բժիշկների հետ հարցազրույցների, իրական բուժմանն անդրադարձող և իրազեկող նյութերի կողքին շարունակում են գոյատևել կիտրոնաբուժությունն ու սիսեռաբուժությունը, ինչից կարելի է հետևություն անել, որ կա՛մ լրագրողները չունեն տվյալ թեմայի վերաբերյալ տեղեկացվածության բավարար մակարդակ, կա՛մ լրատվամիջոցը պատասխանատու մոտեցում չի ցուցաբերում՝ տեղադրելով ցանկացած նյութ, որը դիտումներ կբերի։

Քաղցկեղի մասին հանրությանը տեղեկացնելը կարևոր և պատասխանատու գործ է, ուստի լրագրողները պետք է հաշվի առնեն, որ այս դեպքում ոչ հավաստի և հակագիտական նյութերը կարող են վտանգավոր լինել քաղցկեղ ունեցող ընթերցողների կյանքի համար։

Ռուբինա Դավթյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?