Ինտերնետային գովազդի շուկայի հայաստանյան տվյալները

15.02.2017, Նյուսրում

Լրագրող

Աշխարհում ինտերնետ օգտատերերի աճին զուգահեռ աճում է ինտերնետային գովազդի ծավալը: Հայաստանը բացառություն չէ:

«Մեդիա գրուպ» գովազդային գործակալության փոխտնօրեն Տանյա Թորոսյանի փորձագիտական գնահատականով Հայաստանում գովազդային շուկան մաքուր (առանց բարտերների) կազմում է մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար, որից 8-10% կամ մոտ 5 միլիոնը բաժին է ընկնում ինտերնետ գովազդին:

«Մեդիա գրուպ»-ի փոխտնօրենը կանխատեսում է, որ 2017թ.-ին Հայաստանում ինտերնետային գովազդի ծավալը կաճի:

Անցում ինտերնետային գովազդի

Տարբեր փորձագիտական գնահատակներով, այս պահին Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը հասնում է 2 միլիոնի: Պետք է նշել, որ հաշվարկը կատարվում է ոչ թե ըստ բաժանորդների, այլ ըստ սարքերի: 2 միլիոնը ինտերնետին միացող  համակարգիչների, հեռախոսների, թաբլեթների և այլ սարքերի թիվն է: Պետք է հաշվի առնել, որ  նույն բաժանորդը ինտերնետ կարող է  մուտք գործել 2 և նույնիսկ ավելի սարքերով:

Գովազդատուները չէին կարող անտեսել ինտերնետային լսարանի աճը: Ինտերնետային գովազդի ծավալի աճը փաստում են գովազդի տեղաբաշխմամբ զբաղվող ընկերությունները:

«Հայաստանում 2014թ-ին ինտերնետ օգտագործողների բում եղավ, ամենաակտիվը 16-35 տարեկանների սոցիալական խումբն էր, որը թափանցեց սոցիալական, լրատվական և ժամանցային կայքեր: Հենց այդ ժամանակ էլ տրամաբանորեն աճեց մեր հաճախորդների թիվը»,- ասում է «Publicis Armenia» գովազդային գործակալության մեդիայի հետ կապերի պատասխանատու Արևիկ Ավետիսյանը:

Միջազգային և տեղական ընկերությունները լրջորեն վերանայեցին  իրենց գովազդային բյուջեները՝ հեռուսատեսային գովազդի համար նախատեսված գումարների մի մասն ուղղելով ինտերնետային գովազդին: Որոշ դեպքերում էլ գովազդատուները ինտերնետի համար հավելյալ գովազդային բյուջե ստեղծեցին:

Ինտերնետային գովազդի աճի պատճառներից է նաև ֆինանսական ճգնաժամը, որի  ժամանակ ընկերություններն ավելի զուսպ են դառնում գովազդի հարցում, ուզում են քիչ ծախսել և լավ արդյունք ստանալ:

«Նախանցած տարի՝ ֆինանսական ճգնաժամի ժամանակ, ռուսական շուկայում ընկերությունները գովազդի մեծ բյուջե հեռուստատեսությունից տեղափոխեցին ինտերնետ, որն արագացրեց զարգացման տեմպը: Ռուսական այս երևույթը որոշ չափով անդրադարձավ նաև հայկական շուկայի վրա»,- ասում է «DigiSales» ընկերության տնօրեն Արսեն Սուլթանյանը:  

Ինտերնետային գովազդը ֆինանսապես ճկուն է, այն հնարավորություն է տալիս սեղմ բյուջեով, օրինակ 100-500 դոլարով, գովազդային արշավ ունենալ: Որոշ ընկերություններ իրենք են իրենց գովազդը տեղադրում ինտերնետում՝ խնայելով գովազդային գործակալություններին տրամադրվող միջնորդավճարները:

«Չեմ խուսափի ասել, որ ընկերությունների համար ինտերնետում գովազդ ունենալը նաև մոդայիկ է: Ընկերությունները նայում են մրցակիցներին, տեսնում են նրանց ակիտվությունն ինտերնետում, հետևում օրինակներին»,- ասում է Սուլթանյանը:

Ինտերնետն ամենաչափելին է

Մյուս մեդիակրիչների հետ համեմատ ինտերնետային գովազդն ամենաչափվողն է: Գովազդատուն կարող է ընտրել հստակ թիրախ, նախասիրություններ, նպատակ, տևողություն, հարթակ և այլն: Այս դեպքում նա հստակ պատկերացում ունի իր գովազդային արշավի ընթացքի մասին, հետևաբար տեսանելի արդյունք է ունենում ըստ իր առջև դրված նպատակի, այն կարող է լինել բրենդի ճանաչումը, վաճառքի խթանումը և այլն:

«Հայաստանում գովազդի գնման ստանդարտ մոտեցումն է կիրառվում, տեղական կայքերում գնվում են այցելություններ, որտեղ մենք չգիտենք ով տեսավ գովազդը, քանի անգամ: Միջազգային կայքերում՝ Facebook-ում, Google-ում, mail.ru-ում, հնարավորություն կա ցույց տալ թիրախավորված գովազդ որևէ հստակ լսարանի համար»,-նշում է Արևիկ Ավետիսյանըը:

Չափման տեսանկյունից կարևոր է, թե ինչպես է գովազդը տեղադրվում օնլայն տիրույթում:  Շատ դեպքերում ընկերություններ ինքնուրույն են այն տեղադրում, այստեղ սխալ ռազմավարություն ընտրելու վտանգ կա:

«Երբեմն, փոքր բյուջեների դեպքում, գովազդատուները նախընտրում են ինքնուրույն իրականացնել  գովազդի պլանավորումը, հավատալով, որ այդպիսով կխնայեն միջոցներ։ Այլ հարց է, թե որքանով այդ տեղադրումը արդյունավետ կլինի»,-նշում է  «Մեդիա գրուպ» գովազդային գործակալության փոխտնօրեն Տանյա Թորոսյանը:

Մասնագիտական գնահատականներով, գովազդի տեսանկյունից Հայաստանում ամենակտիվ հարթակներն են Facebook-ը, Google-ը, Odnoklassniki-ին, mail.ru-ն և youtube-ը: Տեղականներից առաջատարներն են առքուվաճառքի, նորությունների ու կրթական կայքերը:

Գայանե Ասրյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?