«Ֆեյսբուքահայություն». Իրական համայնք վիրտուալ տարածքում

13.02.2011, Քննադատ

Լրագրող, Թվային մարդաբանության մասնագետ: Լուսինեն ղեկավարում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագիրը:

Երբ անցած տարի օգոստոսին Ֆեյսբուքի օգտագործող Արթուր Ավթանդիլյանը արձակուրդ էր գնում, որոշեց մի քանի օրով հրաժեշտ տալ նաեւ Ֆեյսբուքի ընկերներին, կամ ինչպես ինքն էր ձեւակերպել` «ֆեյսբուքահայ ժողովրդին»: Այս արտահայտությունը կարծես թե շատ դուր եկավ մարդկանց ու քննարկման առիթ դարձավ. Արայիկ Հարությունյանն առաջարկեց «ժողովուրդը» փոխարինել «համայնքով», Աննա Բարսեղյանը` «ցանցով», Լուսինե Վայաչյանն էլ առաջարկեց ուղղակի ասել «ֆեյսբուքահայություն»:

Որպես հերթական  «հայություն»` Ֆեյսբուքի ակտիվ հայերը մի տեսակ համայնքի զգացողություն ունեն: Այս գլոբալ սոցիալական ցանցում տեղային ու ոչ շատ ընդարձակ համայնք ձեւավորելով հայերն իսկապես հանգիստ ու տանն են զգում Ֆեյսբուքում:
Սոցիալական ցանցում գրեթե 124.000 հայաստանցի է գրանցված այսօր: Բայց ֆեյսբուքահայություն ասելիս, իհարկե, խոսքը քաղաքական-հասարակական քննարկումներում ակտիվորեն ընդգրկված մի քանի տասնյակ, գուցե հարյուր մարդկանց մասին է:  Երբ անցած ամռանը` պամանագրային զինծառայող Արտակ Նազարյանի սպանությունից հետո, Լուսինե Վայաչյանը բացեց «Չի կարելի լռել» խումբը, խմբի նկարագրության մեջ գրեց.  «Հայկական facebook-ը գտնվում է շոկային վիճակում»: Ավելի ուշ Լուսինեն հարազրույցում մանրամասնեց, որ «հայկական facebook» ասելիս կամ «հայկական facebook»-ի անունից հայտարարություն տարածելիս ինքը նկատի ուներ իր անձնական սոցիալական շրջանակը, այն հայերին, որ ակտիվ են ֆեյսբուքի քննարկումներում ու նախաձեռնություններում:

2010-ը տարբերվեց ֆեյսբուքային ակտիվությամբ Հայաստանում: Մի քանի կարեւոր դեպքեր առիթ դարձան դրա համար` օտարալեզու դպրոցների խնդիրը, զինծառայողների կրկնվող սպանությունները բանակում, Մարիամ Սուխուդյանի դատավարությունն ու կինո Մոսկվայի ամառային դահլիճի քանդման հարցը: Բացվում էին խմբեր, անցկացվում օնլայն ստորագրահավաքներ, մարդիկ փոխում էին իրենց անձնական լուսանկարներն ու վիրտւոալ բողոքի ակցիաներ անում, եւ ամենակարեւորը, մարդիկ գրում ու տարածում էին տեղեկություններ ու կարծիքներ այս ամենի մասին: Նույնիսկ հայկական մամուլը, որ բլոգերների ով լինելը նոր էր բացահայտել, սկսեց ուշադրությամբ հետեւել Ֆեյսբուքի գրառումներին ու մեջբերումներ անել:

Իհարկե, Ֆեյսբուքային ակտվիությունն առհասարակ նորություն չէ, աշխարհի շատ երկրներում ցանցը հեղափոխությունների ու ցույցերի կազմակերպման միջոց է եղել. Եգիպտոսի վերջին դեպքերն էլ հաստատում են, թե ինտերնետային ցանցերը, այդ թվում Ֆեյսբուքը, որքան կարեւոր են քաղաքական ակտիվիզմի համար: Բայց ըստ իս, հայերի համար այն մի տեսակ ազգային, տեղական ու ընկերական յուրօրինակ միջավայր է դարձել, որ ոչ այնքան միջոցառումների կազմակերպման, այլ տրամադրությունների քննարկման ու գաղափարների փոխանակման դաշտ է:

Երկար քաղաքական-քաղաքացիական քննարկումները շատ բնորոշ են հայկական ֆեյսբուքին: Մի քանի տասնյակ, երբեմն հարյուրից անցնող մեկնաբանություններով քննարկումները հաճախ շարունակվում են մի քանի օր, իսկ մեկնաբանություններից որոշները մի քանի պարբերություն են կազմում. ոչ շատ հարմար ձեւաչափ Ֆեյսբուքի համար: Մեկ այլ յուրահատկություն. հայկական ակտիվությունը կենտրոնանում է ոչ թե համապատասխան խմբերում, այլ որոշակի մարդկանց էջերին: Հրանտ Տեր-Աբրահամյանի էջը հաճախ է դառնում վիրտուալ «հավաքատեղի»: Հրանտի խոսքով` բլոգի ֆորմատն ավելի հարմար է երկար գրառումների ու նաեւ արխիվացման համար, բայց միեւնույնն է, մարդիկ շարունակում են Ֆեյսբուքում քննարկել:
Ֆեյսբուքի անձնական, անմիջական միջավայրը մարդկանց ավելի է գրավում: Անձնական գրառումներ, նոր ծնված երեխայի լուսանկարներ, սիրած երգի տեսահոլովակ ու նաեւ նորություններ քաղաքական վերջին զարգացումներից. ամեն բան մի տեղում: Զգացողությունն այնպիսին է, թե մարդիկ հավաքվել են ընկերներից մեկի տանն ու խոսում են ամեն ինչից հանգիստ միջավայրում: Ավելին, այս վիրտուալ միջավայրը շատ հարմար է տեղի ու ժամանակի առումով (կարող ես մասնակցել որտեղից եւ երբ ուզես), ու հրաշալի է տեղեկություններ տարածելու տեսակետից. ընկերներդ անմիջապես տեղեկանում են գրառմանդ մասին ու փոխանցում այն իրենց ընկերներին:   

Քանի որ Ֆեյսբուքյան քննարկումները հիմնականում ընդդիմադիրների շրջանակներում են ծավալվում, Ֆեյսբուքը կարելի է համեմատել նաեւ Ազատության հրապարակի հետ` ասելով, թե ընդդիմությունը վիտուալ Ազատության հրապարակ է գտել: Բայց իրականում, մթնոլորտն ու լսարանը կտրականապես տարբեր են: Այո, Ֆեյսբուքը հայկական հանրային դաշտի ու հասարակական կյանքի մաս է դարձել, սակայն այստեղ «հանրությունը» սահմանափակում ունի: Ամենակարեւորը, այս «հանրությունը» ճանաչելի է: Ամեն մեկի մասին առնվազն կարելի է ընկերների թիվն իմանալ, եթե ոչ աշխատանքի վայրը, նախասիրությունները, էլ փոստի հասցեն ու մանկության նկարները: Ֆեյսբուքի միջավայրը վստահելի է, ինչը շատերի համար այն նախընտրելի է դարձնում ֆորումներից ու բլոգներից: Այստեղ դժվար է անանուն մնալ, ինչը արդեն իսկ ազատում է բազմաթիվ տհաճ միջադեպերից (իհարկե, ոչ 100%ով):

Ֆեյսբուքահայությունը նաեւ աչքի է ընկնում քննարկումների որակով եւ մասնակիցների ինտելեկտուալ մակարդակով: Այս համայնքում կարեւոր դեր ունեն գրողները, լրագրողները, իրավաբանները, քաղաքագետները… Գրող Մարինե Պետրոսյանն ասում է, որ ինքը թողել էր գրականությունը եւ միայն Ֆեյսբուքում զգաց, որ ընթերցող ունի, եւ որ մարդիկ կարդում ու քննարկում են իր գործերը: Երիտասարդ գրողների մի ամբողջ խումբ էլ, եթե անգամ բլոգում է գրառում անում, անպայման Ֆեյսբուքում տարածում է հղումն ու հենց Ֆեյսբուքում ստանում արձագանքներ:

Կարելի ասել, որ Ֆեյսբուքը հայկական դեմք ունի Հայաստանում, եւ այն պայմանավորված է ոչ միայն լեզվով ու աշխարհագրությամբ. Ֆեյսբուքահայությունը բավական յուրահատուկ միջավայր է ստեղծել բնորոշ հենց իրեն:
Հայերիս բնորոշ` սուրճի սեղանի մոտ երկար-բարակ զրուցելու սովորությունը տեղափոխվել է ինտերնետ միջավայր ու մի քանի հանգամանք է նպաստում դրան.

  • Այստեղ մարդիկ ընկերներով են շրջապատված,
  • Այստեղ «խոսելիս» մարդիկ տեսնում եմ միմյանց դեմքերը,
  • Այստեղ հեշտ է «լսել» իրար,
  • Մարդիկ իրենց էջում զգում են ինչպես իրենց տանը,
  • Ու իհարկե- Ֆեյսբուքը դեռ քաղաքական վերահսկողությունից դուրս է Հայաստանում:

Վերջին շրջանում քննարկումներն այս միջավայրում պակասել են: Հնարավոր է, իհարկե, որ մարդիկ պարզապես հոգնեցին նաեւ այս վիրտուալ տարածքից: Բայց ամեն դեպքում, Ֆեյսբուքահայության ակտիվությունը սերտորեն կապված է հայաստանյան դեպքերի հետ: Տարին դեռ նոր է սկսվել ու դեպքերի զարգացմանը զուգահեռ ֆեյսբուքի հայկական համայնքն էլ կակտիվանա, մանավանդ, որ տարին նախընտրական է լինելու:


Լուսինե Գրիգորյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?