«Մարդը միայն գլուխ չէ, որը պետք է լցնել ինֆորմացիայով»

15.12.2017, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Վերաբերմունքը դպրոցի հանդեպ շատ լավ բնորոշում է մեր պատկերացումները ապագայի մասին, քանի որ կրթությունը մի ոլորտ է, որը գործ ունի բացառապես հեռանկարների հետ: Դպրոցը կարող է ընկալվել որպես հաճույք, բանտ կամ անհետաքրքիր, բայց պարտադիր գործ:

«Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը լավ դպրոցը համեմատում է այգու հետ, որտեղ ցանկացած ծաղիկ կարող է առողջ զարգանալ: Ինչպես մարդը, որը զարգանում է դեպի սեփական, թաքնված ու չբացահայտված ներուժը: Ինչը առավել կարևոր է խիտ ու հագեցած տեղեկատվական միջավայրում ապրող երեխաների համար:

Կարելի՞ է ասել, որ դպրոցները գիտեն, թե ինչպիսի մարդ են ուզում տեսնել ապագայում, երբ առաջնայինը կլինի ոչ թե ինֆորմացիան, այլ այն մեկնաբանելու ունակությունը: 

Պետական կրթական համակարգն ընդհանրապես չի պատրաստում ապագայի մարդուն: Այն, ինչը կոչվում է ինֆորմատիկայի դասեր, պարզապես միտված է համակարգչին տիրապետելուն: Բայց դա չէ, որ երեխային պատրաստում է ապագային:

Յուրաքանչյուր մարդ, առավելևս երեխա, այսօր գտնվում է ինֆորմացիոն հարձակման կենտրոնում: Եվ որպեսզի մարդը չկորչի այդ օվկիանոսում ու չանհետանա որպես տեսակ, պետք է հասկանանք, որ մարդու ամրացման ճանապարհը սկսվում է հակառակ բևեռից: Այդ բևեռը ամուր ներքին հենարանն է և կյանքի տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակությունը:

Իսկ դա նշանակում է, որ կրթական համակարգը պետք է դառնա մարդակենտրոն:

Մեդիա դաշտում ապրելու և մարդկային բնույթը չկորցնելու համար անհրաժեշտ է բոլորովին այլ հմտություններ՝ ստեղծագործականություն, կենդանի երևակայություն, բարոյական և կամային որոշակի հատկանիշներ, որոնք վաղաժամ համակարգչային կրթության պարագայում միայն թուլանում են, ոչ թե ուժեղանում:

Պիտի ազատվենք այն պատրանքից, որ որքան շուտ սկսենք երեխաներին սովորեցնել համակարգչային գրագիտություն, այնքան լավ է:

Այդ գրագիտությունը տասը տարի հետո ոչ մեկին պետք չի լինի, քանի որ երբ այսօրվա երեխաները դառնան մեծահասակ, համակարգչի հետ գործ ունենալը կլինի էապես այլ բան: Միգուցե բավարար լինի սարքերին հրահանգ տալ ձայնով կամ ձեռքի շարժումով:

Դա պարզապես ժամանակի ու ուժի կորուստ է: Ավելի կարևոր է պահպանել մանկությունն ու բնական միջավայրը, որտեղ հնարավոր կլինի տեսնել աստղազարդ երկինքը, կանաչ ծառերն ու գույնզգույն թիթեռները:

Այդ միջավայրն արդեն անհետանում է: Երեխաների հայացքը հիմա չի ուղղվում դեպի դուրս, արդեն չես տեսնի բակում խաղացող երեխաների: Նույնիսկ եթե նրանք բակում խմբերով կանգնած են, բոլորը հեռախոսի մեջ են:

Դա ոչ լավ է, ոչ վատ, դա արդեն փաստ է:

Դա վատ է: Եվ այդպես չպիտի լինի, եթե բավարար կամք ունենանք:

Այլապես դաստիարակելու ենք կամազուրկ սերունդներ, որոնք ունակ չեն լինելու ոչ միայն ընտրություն կատարելու մեդիայի հեղեղող հոսանքներում, այլև ի վիճակի չեն լինի որևէ ինքնուրույն քայլ անելու:

Դա մարտահրավեր է, որին դիմակայումը հակառակ բևեռից է՝ մանկությունը խնամելու, խնայելու, ֆանտազիան զարգացնելու և որքան հնարավոր է, կենդանի մարդկային շփումը ապահովելու միջոցով:

Մեր դպրոցը պատրաստի փաթեթ է առաջարկում, որը պետք է անգիր անել՝ առանց կասկածելու, քննադատելու ու, ի վերջո, հակադրվելու: Քննադատող լինելը չի խրախուսվում: Չե՞ք կարծում, որ քննադատական մտածողությունը ուսուցման կարևոր տարր է:

Չեմ սիրում «քննադատական մտածողություն» բառակապակցությունը, գերադասում եմ «ինքնուրույն» բառը:

Մարդը միայն գլուխ չէ, և առավելևս՝ այնպիսի գլուխ, որը պետք է լցնել ինֆորմացիայով: Ի վերջո, ինֆորմացիա ստանալը շատ հեշտ է, ինտերնետը այդ հնարավորությունը տալիս է, մեծ ծավալի տեղեկություն հիշողության մեջ պահելու կարիք այլևս չկա: Մարդը և՛ գլուխ է, և՛ սիրտ, և՛ ձեռքեր ու ոտքեր: Մարդը և՛ գործող է, և՛ զգացող, և՛ մտածող:

Ընդ որում՝ պետք է ընդունենք, որ երբ գործ ունենք փոքր տարիքի մարդկանց հետ, առավել կարևոր է մտածելու ունակությունը դուրս բերել գործելու ու զգալու դաշտից:

Դպրոցը այն տեղը չէ, որտեղ պարզապես գիտելիք են սովորում: Դպրոցը մարդու ունակությունների ձևավորման տեղ է:

Ապագայի աշխարհում գիտելիքը լինելու է մեկ վայրկյանում հասանելի մի բան, նաև՝ շատ արագ մոռացվող մի բան: Իսկ ընդունակությունները երբեք չեն կորչում: Օրինակ, եթե գիտեք լողալ, ուրեմն կլողաք մինչև կյանքի վերջ: Եթե սովորում եք մտածել, ուրեմն մտածել կկարողանաք մինչև կյանքի վերջ ու ցանկացած պահի ու ցանկացած վայրում կօգտագործեք այդ ընդունակությունը:

Դա ներուժ է, որը պետք է թե՛ մասնագիտական կյանքում, թե՛ անձնական դժվարին վիճակներում: Մտածող ու ստեղծագործ մարդիկ ավելի ամուր են:

Բայց այդ խնդիրները մեր կրթական համակարգն իր առջև չի դնում:

Աշակերտներից պահանջվում է լինել հնազանդ, չհակաճառել ու լսել: Ինչպես բանակում կամ բանտում:

Ամեն ինչ արվում է, որ անհետանա ինքնուրույն մտածելու ընդունակությունը: Եթե նույնիսկ երեխան չի էլ հակաճառում, դպրոցն արդեն իսկ ունի ստանդարտ մարդու մի պատկերացում, որի մեջ ցանկանում է խցկել բոլոր երեխաներին:

Իսկ ստանդարտ մարդը նա է, ով լավ է սովորել որոշակի քանակի ու բովանդակության տեքստեր: Արդյունքում, երեխան ընկալում է դպրոցը որպես մի տեղ, որտեղ պետք է 12 տարի տանջվել՝ դպրոցական ֆոբիայով, սարսափելով ու ատելով ուսուցիչներին ու դասերը: Երջանիկ զգալով, երբ հիվանդանում է ու տանն է մնում...

Պետք է ամբողջությամբ վերանայվի մանկավարժների պատրաստման եղանակը: Ավելի շատ շարժում է հարկավոր, քան վերացական տեսություն:

Մանկավարժը այգեպան է, որը չի կարող ցանկանալ, որ բոլոր բույսերը նույնանման աճեն ու ծաղկեն: Յուրաքանչյուր ծաղիկ արդյունքում պետք է ստանա իր անկրկնելի տեսքը: Ի վերջո, չենք հիմնվում այն մտքի վրա, որ բոլորս պիտի վարդ լինենք, քանի որ վարդն է գնահատվում շուկայում:

Դպրոցների կառուցվածքը կարո՞ղ է փոխվել աննկատ ինտերվենցիայի միջոցով, թե՞ դա պիտի լինի միայն կառավարության որոշմամբ:

Չեմ կարծում, որ դպրոցի մոդելը կարող է փոխվել վերևից, քանի որ դրա համար կամք ու խիզախություն է պետք, որոնք չեն երևում:

Համակարգը այսօր հնարավոր է փոխել միայն առանձին նախադեպերի միջոցով: Եթե ստեղծվում են փոքր նախադեպեր, որոնք փոխում են մթնոլորտը, դա էլ է ճանապարհ:

Ցանցի՞ սկզբունքով:

Այո: Փոքր մասնավոր դպրոցները կսկսեն որոշակի համագործակցության դաշտ գտնել, հետագայում խիզախ գտնվելով՝ պաշտպանելու սեփական գաղափարները: Հիմա շատ բարդ է ստեղծագործական մանկավարժական աշխատանք կատարելը, քանի որ մեր երկրում պետությունը դա չի ուզում: Անգամ ամեն ինչ անում է, որ դա գոյություն չունենա:

Կարծես, դիմադրություն չկա նաև ծնողների կողմից:

Ծնողների դժգոհությունը պետական համակարգից գնալով աճում է, բայց նրանք նույնպես խորհրդային համակարգի արդյունք են և չեն պատկերացնում, որ կարող է լինել ուրիշ դպրոց:

Թվային սերունդը ընկալում է իրականությունը՝ առանց հիերարխիկ ձողի (սա էլ է կարևոր, դա էլ, մյուսն էլ): Դա հենց նոր մարտահրավեր է դպրոցի համար:

Ես կասեի հակառակը՝ սա էլ կարևոր չէ, դա էլ կարևոր չէ: Եթե ուշադրություն դարձնեք, այն ընթացքը, երբ երեխան միաժամանակ գտնվում է համացանցում, շփվում է սոցցանցում, զուգահեռ այլ գործողություն է անում ու պատասխանում հարցերին, իրականում պատրանքային բնույթ է կրում: Յուրաքանչյուր գործողություն մակերեսային է, էլ չասած, որ պատրանքային է հենց սոցցանցերում շփումը, որտեղ բացակայում է մարդկային ջերմությունը:

Ցանկացած գործողություն, որը բաժանվում է մի քանի զուգահեռ գործողությունների, չի տալիս ընկղմվելու, խորասուզվելու հնարավորություն: Դու անընդհատ մնում ես մակերեսին: Իսկ մակերեսում կարող ես լուծել միայն արտաքին խնդիրները, բայց երբեք չես հասնում այն շերտին, որտեղ դրսևորվում ես որպես մարդ:

Կա ավելի վտանգավոր խնդիր. ժամանակակից երեխաները զրկված են միայնությունից ու ձանձրույթից (նկատի ունեմ այդ բառերի դրական իմաստը), երբ կարելի է մտածել՝ բա ի՞նչ անել: Ասենք, պառկել ու նայել երկնքին կամ առաստաղին, հետո գիրք կարդալ կամ որևէ հետաքրքիր բան ձեռնարկել:

Հիմա երբ երեխան միայնակ է մնում, միանգամից վերցնում է հեռախոսը ու իրեն թվում է, որ այլևս միայնակ չէ: Եվ ողբերգությունն այն է, որ վիրտուալ աշխարհում նա շատ ավելի միայնակ է: Իսկապես միայնակ:

 

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?