2012.02.09,

Նյուսրում

«Ժամանակ» օրաթերթն ու «Արմնյուզը» ներողություն են խնդրել Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից

«Ժամանակ» օրաթերթում եւ թերթի ինտերնետային ներկայությունն ապահովող 1in.am-ում հրապարակված «Սյունիքի մարզպետը լրագրողին սպիտակ ներքնաշորով զրույցի է հրավիրել» հոդվածը արդեն երկու ներողության առիթ է հանդիսացել: Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից ներողություն են հայցել «Ժամանակ» օրաթերթն ու «Արմնյուզ» հեռուստաընկերությունը:

1in.am-ում տեղադրված նյութում եւ դրա աուդիո տարբերակում հարցազրույց տվողը ֆլիրտ էր անում լրագրողի Անի Աղասյանի հետ եւ նրան առաջարկում էր սպիտակ ներքնաշոր հագնել եւ իր հետ skype-ով զրուցել: Հարցազրույցը տարածվեց սոցիալական ցանցերով եւ անգամ հասավ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթեր: Բոլորը համոզված էին, որ լրագրողի հետ նման տոնով խոսում է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Պարզվել է, որ լրագրողը Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանից հարցազրույց չի վերցրել: Անի Աղասյանը մարզպետին զանգահարել է  ոչ թե 093-xx-xx-xx, այլ 094-xx-xx-xx հեռախոսահամարով եւ փաստորեն զրուցել է  այլ անձնավորության հետ («Առավոտի» տվյալներով գեներալ Հայկազ Բաղմանյանի հետ):

Սուրեն Խաչատրյանը իր համբավը արատավորելու համար Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան դատական հայց է ներկայացրել «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի դեմ, որին պատկանում է «Ժամանակ» օրաթերթը: Սյունիքի մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ Կառլեն Կոզմանովը տեղեկացնում է, որ մարզպետը պահանջում է հերքել  իր պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները: Հայցադիմումում գումարային փոխհատուցման պահանջ չկա:

Մարզպետը «Արմնյուզ» հեռուստաընկերության դեմ, որի «Մտացրիվ» հաղորդաշարում օգտագործվել էին սկանդալային հարցազրույցի հատվածները, դատական հայց չէր ներկայացրել: «Արմնյուզը» արդեն Սուրեն Խաչատրյանից ներողություն էր խնդրել փետրվարի 8-ին` լրատվական թողարկումների ժամանակ:

«Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում եւս հերքում կար: «Տեղի ունեցածի համար հայցում ենք մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ մեր ընթերցողների ներողամտությունը»,- ասվում է թերթի «093-094-ի ոդիսականը. ո՞վ է պատասխանել Սուրիկ Խաչատրյանի փոխարեն» հոդվածում: Սուրեն Խաչատրյանը հայցադիմումը հետ վերցնելու մասին որոշում դեռ չի կայացրել:

2011 թվականի ընթացքում «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի դեմ ներկայացվել է երեք դատական հայց՝ առաջինը Բելլա եւ Սեդրակ Քոչարյանների կողմից, երկրորդը` տնտեսագետ Թաթուլ Մանասարյանի: Երրորդը հայցը ներկայացրել է «Գլենդեյլ Հիլզ» ընկերությունը:

Նվարդ Հովհաննիսյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *