Հայկական «Արծաթե բանալիից» մինչև ամերիկյան «Էմմի». Անուշ Էլբակյան

06.07.2016, հայ

Լրագրող

Հունիսի սկզբներին, երբ առցանց «Առավոտը» լուր տարածեց, որ ամերիկյան հեռուստատեսային ակադեմիայի «Էմմի» մրցանակի է արժանացել «Բոստոն գլոբից» 25-ամյա Անուշ Էլբակյանի լրատվական տեսանյութը, ինձ պես շատ այլ հայաստանցի լրագրողներ, երևի, սկսեցին փորփրել «Բոստոն գլոբի» առցանց էջերն ու այդ անուն-ազգանունը որոնել ամբողջ ինտերնետում:

Որ, ի վերջո, գտնելու և կապ հաստատելու էի Անուշի հետ, չէի էլ կասկածում: Բայց բավական անսպասելի էր, որ Հայաստանից 10 տարեկանում ընտանիքի հետ հեռացած և ամերիկյան լրագրության մեջ բավական հաստատուն ամրապնդված աղջիկն անգլերեն ուղարկածս հարցերին պատասխանեց … հայերեն.

«Ես պարտադիր խոսում եմ իմ մայրենի լեզվով: Դեռ փոքր հասակից, երբ մեր տանը հավաքվում էին ծնողներիս ընկերները, հատկապես՝ գրողները, իրենցից և իմ ծնողներից միշտ լսել եմ լավ, մաքուր հայերեն խոսք: Ցավոք, հիմա այնքան չեմ գործածում, որքան կցանկանայի, բայց խոսում եմ և աշխատում եմ պահպանել լեզվի մաքրությունը»:

Անուշ Էլբակյանը մուլտիմեդիա լրագրող է: Այժմ նա «Բոստոն Գլոբում» ավագ վիդեո խմբագիր է. ղեկավարում է վիդեո-պրոդյուսերների բաժինը և կոորդինացնում օրվա տեսալուրերի թողարկումը: Անուշը նաև քաղաքական, ի դեպ, նաև խոհանոցային մի քանի վիդեոշարքերի գործադիր պրոդյուսերն է և թողարկիչը:

Այս տարվա «Բոստոն/Նյու Ինգլընդ Էմմի» մրցանակի» արժանացել է «Բոստոն գլոբում» 2015թ. նրա թողարկած՝ «Լեոյի կյանքի մեկ օրը» տեսալուրը՝ «Լրատվություն. լուրջ պատում» անվանակարգում (պրոդյուսեր և խմբագիր՝ Անուշ Էլբակյան, ավագ պրոդյուսեր՝ Թեյլոր Դե Լենչ):

Մոտ 5 ու կես րոպեանոց կարճ փաստագրականում հնչող հեղինակային խոսք բացարձակապես չկա, երկու տեղ միայն լուսագրերը կարճ ծանուցում են, որ 4-ամյա Լեոն 2014թ. իր երիտասարդ խնամակալ Ալեքսի հետ Բուրունդիից եկել է Բոստոն՝ վիրահատվելու, ապա նաև՝ որ վիրահատություններից հետո Լեոն և Ալեքսը կվերադառնան Բուրունդիի իրենց առանձին տները:

Լեոյի՝ 2 տարեկանում հրդեհից խորն այրվածքներ ստանալու պատմությունն ու հետագա զգացողություններն ամբողջովին նկարագրվում են տղայի ու խնամակալի պարզ, մարդկային, բայց խորը երկխոսությամբ, որի արանքներում Ալեքսը նաև պատմում է լսարանի համար, մեկնաբանում՝ «կրակը չի այրել տղայի ես-ը»...

«Էմմին» ամերիկյան հեռուստատեսային ոլորտի մրցանակաբաշխությունն է, ինչպես «Օսկարը» կինոյինն է, «Թոնին»՝ թատրոնինը, իսկ «Գրեմմին»՝ երաժշտության ոլորտինը: Բացի համազգային մրցանակաբաշխությունից, «Էմմին» ունի նաև տարածքային 20 մասնաճյուղեր, որոնք աշխարհագրորեն ծածկում են ամբողջ Միացյալ Նահանգները: Օրինակ՝ Բոստոն/Նյու Ինգլանդ Էմմի», «Լոս Անջելես Էմմի», «Նյու Յորք Էմմի» և այլն:

Բայց անկախ նրանից՝ համազգայի՞ն, թե տարածքային մակարդակում են տրվել մրցանակները, բոլոր ստացողները համարվում են «Էմմիի» մրցանակակիրներ:

«Էմմիի» արձանիկը. լուսանկարը՝ անձնական արխիվիցԱնուշը մասնագիտական վիդեո լրագրության հիմնական մարտահրավերի հետևում տեսնում է համընդհանուր խնդիրները.

«Աշխարհը հիմա ապրում է խելահեղ ռիթմով: Դա վերաբերում է մեր կյանքի բացարձակապես բոլոր ոլորտներին, այդ թվում՝ վիդեո-լրագրական: Մարդը հիմա ցանկություն չունի իր թանկ ժամանակը ծախսելու երկար, դատարկ, չստուգված և ոչ կարևոր նորությունների վրա, հատկապես որ լուր ստանալու ընտրության դաշտը շատ մեծ է՝ սոցցանցերից մինչև ավանդական թերթերը»:

Ուստի, միակ ելքն այս ոլորտում նա համարում է «հետաքրքիր ձևի մեջ կարճ, սեղմ և բացարձակ ճիշտ լրատվություն» մատուցելը.

«Իսկ վիդեո-լրագրությունը, իմ կարծիքով, պարզապես պետք է լինի մարդկային արժեքներին համապատասխան ու, ամենակարևորը` հետաքրքիր: Բոլոր ժամանակներում, առավել ևս հիմա, դա է գնահատվում, դա է դիտվում»:

Էլեկտրոնային փոստով Անուշին ընդամենը երեք հարց էի ուղարկել՝ հենց սկզբից չխրտնեցնելու համար, որովհետև գիտեմ՝ լրագրողները հարց տալ սիրում են, բայց և խուսափում են հարցերի պատասխանելու ամեն առիթից: Խոստովանեմ, որ մյուս կողմից էլ հոգուս խորքում հույս էի փայփայում, որ իր մանկության դրվագներից հուշեր պատմելու խնդրանքս այնքան տարողունակ արձագանք էր ունենալու, որ մի մեծ ու ինքնուրույն հոդված էր դառնալու հոդվածիս մեջ: Սխալվել էի. զուսպ էր պատասխանը, համեստ ու քչախոս.

«Հայաստանի և իմ մանկության հետ ինձ կապում են ամենաջերմ հիշողությունները: Դա իմ դպրոցն է, մեր բակն է, իմ ընկերներն ու հարազատները: Դժվար է որևէ դրվագ առանձնացնելը:

Հիմա ժպիտով եմ հիշում, թե ինչպես Երևանում 40 աստիճան ջերմությամբ երգեցի մանկական «Արծաթե բանալի» մրցույթում, և չեմ կարող մոռանալ իմ ելույթը Մոսկվայի հսկայական դահլիճում: Ինձ հրավիրել էին «Առավոտյան աստղ» հեռուստատեսային շոուին Հայաստանից մասնակցելու: Երգեցի հայերեն, և իմ ելույթը շատ ջերմ ընդունվեց»:

Անուշ Էլբակյան. լուսանկարը՝ Էրիկ ԱնտոնիուիԿարող եմ ենթադրել, թե ինչու է Անուշն այսքան սեղմ ու հակիրճ իր պատասխաններում. նա ուղնուծուծով 21-րդ դարի ամերիկացի լրագրող է: Եթե հասցրիք դիտել թեկուզ միայն «Լեոյի կյանքի մեկ օրը», ուրեմն տեսաք, որ փոքր տևողության մեջ նա դրել է փոքրիկ երեխայի ամբողջ պատմությունն՝ իր բոլոր շերտերով, և տեքստային միջամտություն բացարձակապես չկա: Մոտավորապես այսպես՝ ավելի լավ է՝ իմ փոխարեն խոսեն հերոսներս ու կադրերը:

Վերջերս հետազոտություն հրապարակվեց, որի տվյալներով, ամերիկյան սպառողն ավելի շատ է նախընտրում տեսալուրերը, քան եվրոպացիները: Այսպես. Ռոյթերզի Լրագրահետազոտական ինստիտուտի «Թվային լրատվություն-2016»՝ վերջերս հրապարակված զեկույցի հեղինակները պարզել են, որ աշխարհի զարգացած երկրներում ընդհանուր առմամբ՝ լուրերի սպառողները միշտ չէ, որ դիտում են լուրերն ուղեկցող տեսաշարերը, սակայն ԱՄՆ-ում վիդեո լուրերի սպառումն ամենաբարձրն է:

Որպիսին էլ լինի լուրերի սպառումը աշխարհի որևէ երկրում, պրոֆեսիոնալ լրագրությունն ավելորդախոսություն չի սիրում, և որքան դիպուկ, կարևոր և հետաքրքիր տեղեկություն ես կարողանում զետեղել փոքր ծավալի մեջ, այնքան բարձր է վարպետությունդ:

Խնդրեմ՝ Անուշ Էլբակյանի վերջին տեսալուրերից ևս մեկը՝ Օռլանդոյի գիշերային ակումբում կրակոցներից հետո. ԱՄՆ-ում զենքով հարձակումների շուրջ տվյալների ինֆոգրաֆիկայով և կցված փոքրիկ տեքստի այսպիսի ուղերձով՝ «այս երկիրը չի կարող մնալ վախի պատանդը, և մենք կարող ենք նպաստել, որպեսզի դրան վերջ տրվի»:

                                                  Ռուզան Խաչատրյան

Մեկնաբանություններ

Հասմիկ Իսաղուլյան's picture
Հրաշալի ու օրինակելի լրագրություն: Յուրաքանչյուր բառի արժեվորում, որը ասված խոսքը դարձնում է հակիրճ ու ճշմարիտ: Շնորհակալություն:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?