Անոնիմ լրագրողների հանրապետություն

11.07.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Եկեք այս հոդվածը սկսենք մտային փորձից. փորձենք պատկերացնել հայկական մեդիա դաշտը եւ հասկանանք, թե քանի լրագրողի գիտենք ոչ թե որպես ընկեր կամ ծանոթ, այլ որպես հանրային անձ: (Փորձի մաքրության համար հանենք հեռուստատեսությունը եւ ռադիոն` այստեղ լրագրողներին դժվար է չճանաչել: Իհարկե կասեք, թե բան չմնաց, իսկ ես կասեմ` հենց հիմնական մասն էլ մնաց, քանի որ տառերով գրվող եւ ձեռքից ձեռք անցնող մամուլն է դեռեւս մնում լրագրության կարգադիրը): Եթե դու, իմ հարգելի ընթերցող, լրագրությանը մոտիկ մարդ չես, ապա կհիշես ընդամենը մի քանի անուն, մի քանի դեմք: Եվ, ամենայն հավանականությամբ, այդ դեմքերն ավելի փոքրաքանակ խումբ կկազմեն, քան ընդհանուր ԶԼՄ-ների թիվը, որոնք դու  կկարողանաս առանց ճիգ գործադրելու հիշել:

Եվ ասեմ քեզ, իմ համբերատար ընթերցող, խնդիրը քո մեջ չէ: Իրականում Հայաստանում լրագրողն այդպես էլ չձեւավորվեց որպես խավ, տեղեկատվական դաշտում ամրապնդվեցին ԶԼՄ-ները, դրանց խմբագրերը, բայց ոչ լրագրողները, ում տարիների ընթացքում զրկեցին դեմքից: Փաստացիորեն Հայաստանում լրագրողների գերակշռող մասն անհայտ է, անանուն, թեեւ նրանց անունները հաճախ գրվում են հոդվածների տակ:

Այս խնդիրը մի քանի շերտ ունի: Չխոսենք լրագրության ցածր որակի մասին. այս թեմայով բոլորն արդեն հասցրել են գանգատվել տիեզերքին, բարեկամներին եւ հարեւաններին: Անցնենք առաջ: Ղարաբաղյան շարժման սկզբից մինչեւ անկախության առաջին տարիները ԶԼՄ-ները հասարակական հարթակ էին, որտեղ ծաղկում էր հրապարակախոսությունը, տարբեր հոդվածներով հանդես էին գալիս զանազան բնագավարների մարդիկ: Լրագրողները մղված էին մրցակցային դաշտ, ուր տեւական հասարակական բանավեճ էր ընթանում: Սա ինչ-որ առումով մոտ անցյալի իդեալիստական պատկերն է, սակայն ակնհայտ է, որ այսօր իրավիճակը փոխվել է. հանրային անձինք գրեթե չեն գրում, լավագույն դեպքում միայն ասուլիս կամ հարցազրույց են տալիս, վատագույն դեպքում` բաց նամակներ են գրում: Իսկ լրագրողները վերածվում են այդ ասածների հիման վրա լավագույն դեպքում փոխադրություն, վատագույն դեպքում` շարադրություն գրողների: Ասուլիսների անտանելի քանակն արդեն իսկ ինչ-որ ախտանիշ է:

Մյուս հանգամանքը ԶԼՄ-ների միջեւ յուրահատուկ մրցակցությունն է: Տպագիր մամուլը բաժանվել է, փակվել է կուսակցական, նեղ խմբային խուցերում, հրապարակումների մեծ մասը խիստ կանխատեսելի է եւ զգացմունքային: Բնականաբար հակադիր ճամբարի հետ լրջորեն մրցակցելու խնդիր չի դրվում, քանի որ ընթերցողները, մեկ է, տարբեր են, սեփական ճամբարում էլ առանձնապես մրցելու խնդիր չկա: Խմբագիրների համար գրեթե պարզ է, թե ինչ պետք է գրվի այս կամ այն թեմայով, դրա համար այդքան էլ կարեւոր չէ, թե ով կգրի: Սա էլ բերում է կադրային արտակարգ հոսքի, ինչն ամեն մի անհատ լրագրողի զրկում է արժեքից, ստիպում է վերածվել անդեմ գրիչի:

Տարօրինակ չէ՞, որ լրատվամիջոցները հանդես չեն գալիս իրենց լրագրողներով, չեն ներկայացնում իրենց լավագույն դեմքերին որպես բրենդ: Տարօրինակ չէ՞, որ Հայաստանում այդպես էլ չզարգացավ կոլումնիստը որպես տեսակ: Երեւի թե սա էր պատճառը, որ բոլորը մի պահ սկսեցին կարդալ բլոգերներին, ցիտել, սիրել, ատել: Մարդիկ դիմավորված լրագրության ցանկություն ունեն, լրագրության, որի հետեւում կոնկրետ անձ է կանգնած, այդ պակասը ԶԼՄ-ներում մարդիկ փոխարինում են բլոգերով:

Իհարկե վերոհիշյալ մտքերը առնվազն մի թեթեւ չափազանցված են, սակայն միայն դառը իրականությունը ներկայացնելու համար: Եվ, ամենակարեւորն ու օպտիմիստականը` բարեբախտաբար ցանցը սա էլ է փոխում արագ. շնորհիվ նրան, որ լրագրողները մտել են բլոգներ, սոցիալական ցանցեր, հիմա իրենք իրենց ուժերով կոտրում են այդ կարծրացած իրականությունը:

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?