«Բառերը շատ ազդեցիկ ու վտանգավոր են, անգամ կարող են ոսկորներ կոտրել»

23.01.2018, Տեսակետ

Լրագրող, արվեստի քննադատ

Աննա Սիլագին մեդիագրագիտության մասնագետ է, Հոնկոնգի քաղաքային համալսարանի դասախոս: Նրա ստեղծած  Words Break Bones կրթական ծրագիրը փորձում է ավելի տեսանելի դարձնել ու գաղտնազերծել բառային մանիպուլյացիաները ու քարոզչական հնարքները:

Անգլերեն ասացվածք կա՝ Sticks and stones can break my bones, but words can never hurt me (Քարերն ու ձողերոը կարող են կոտրել իմ ոսկորները, բայց բառերը վնասել չեն կարող): Աննա Սիլագին հակառակ կարծիքն ունի:

Վերբալ բռնությունը ի տարբերություն ֆիզիկականի, ավելի բարդ է հայտնաբերել, քանի որ հաճախ հիմնված է խորը թաքնված մշակութային կարծրատիպերի վրա: Երբեմն օգտագործում ենք բռնություն, ագրեսիա ու վիրավորանք պարունակող բառային կանստրուկցիաները՝ անգամ չգիտակցելով դա:

Աննա Սիլագին իր ուսանողներին սովերեցնում է, որ բառերը ոչ միայն կարող են վնասել, այլև լուրջ զենք են, որի ներգործությունը արժանի է մանրամասն ուսումնասիրության: Իսկ բառային մանիպուլյացիաները ճանաչելն ու տարբերակելը յուրաքանչյուր լրագրողի գործն է: Ավելի ճիշտ, լրագրողի ներքին խմբագրի:

Ի վերջո, լրագրողը բառային կառույցների ճարտարապետ է, այդ թվում նաև՝ շրջանակողն ու այդ շրջանակները կազմաքանդողը: Այդ մասին է լինգվիստ և փիլիսոփա Ջորջ Լեյքոֆի (George Lakoff) «ֆրեյմինգ» եզրի նոր իմաստային լրացումը:

Եվ այդ մասին է հիշեցնում հունգարացի փորձագետ Աննա Սիլագին:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հրավերով նա ինտերակտիվ վարպետության դաս վարեց լրագրողների միջազգային խմբի համար և հանդիպեց հայաստանցի ուսանողների հետ:

Ինչպե՞ս կարելի է տարբերակել քարոզչական խոսքը:

Քարոզչության մասին խոսելիս հարկավոր է հաշվի առնել տարբեր բաներ: Առաջին հերթին, մինչ ընդհանուրին անցնելը ուշադրություն դարձրեք շրջանակման՝ ֆրեյմինգի, գործոնի վրա: Բոլորս էլ ունենք ենք շրջանակներ, մտավոր կառուցվածքներ, որոնք արթանանում են կոնկրետ բառերի օգտագործման դեպքում:

Ընդհանրապես, մեր գիտելիքները մեկընդմիշտ ամրագրված չեն: Եվ նույն խնդիրը, անգամ պարզագույն, կարելի է ձևակերպել տարբեր կերպ: Օրինակ, եթե հարց տանք, թե ի՞նչ գույնի այս կամ այն իրը, կարող ենք մարդկանց գիտակցության մեջ արթանացնել թե՛ բացասական, թե՛ դրական շրջանակներ:

Ամեն ինչն էլ կարելի է շրջանակել: Այն, ինչը լսում ենք քարոզչական դիսկուրսում, նման է բառարանի, որի նպատակը միայն որոշակի շրջանակումներ առաջացնելն է:

Գիտնականները նկատել են, որ եթե չկան բառեր, որոնցով կարելի է արտահայտել որոշակի զգացմունքներ, հասկացություններ, երևույթներ, շատ բարդ է շրջանակելը այդ զգացմունքները, հասկացություններն ու երևույթները:

Պարզ ասած՝ եթե չլինեն բառեր, մարդկանց գիտակցության մեջ շրջանակումներ առաջանալ չեն կարող:

Եվ երբ մտահոգված եք քարոզչությամբ, հիշեք, որ եթե գոյություն ունեն որոշակի բառեր ու եզրեր, ուրեմն կան կոնկրետ մտքեր, հասկացություններ, մեկնաբանություններ, որոնք օգտագործողն ուզում է արթնացնել ձեր գիտակցության մեջ:

Քարոզչությունը շղթա է, որտեղ անընդհատ և հետևողոկանորեն օգտագործվում են նույն տերմիններն ու բառերը:

Բոլորս էլ գիտենք, որ կրկնությունը առանցքային գործիք է քարոզչության լեզվում: Նույնքան կարևոր, որքան բառապաշարը: Եթե անընդհատ լսում եք նույն բառերի խումբը, ապա սկսում եք մտածել պրոբլեմի մասին մի տեսանկյունից, իսկ եթե այդ նույն իրադարձության կամ երևույթի մասին խոսվում է այլ բառերով, փոխվում է նաև մեր տեսանկյունը:

Հայաստանում ընդունված է քարոզչության հիմք դարձնել մեծ, ընդհանուր ու վերացական բառերը: Օրինակ, խոսելը ազգի անունից:

Կարծում եմ, դա համատարած խնդիր է: Կան որոշակի այլաբանություններ, որոնք շատ պահանջված են քաղաքական և քարոզչական լեզվում: Դրանց շարքում են նաև ռազմական, բանակային տերմինները:

Հիմա շատ մոդայիկ է ազգ-բանակ կապը:

Կարող եք փոխաբերաբար ասել այդպես ... Այո, այլաբանորեն խոսելը կարևոր գործիք է: Դեռ դպրոցում սովորել եք, որ բանաստեղծներն ու գրողները օգտագործում են մետաֆորներն իրենց գաղափարներն ավելի արտահայտիչ և հնչեղ դարձնելու համար:

Բայց, իրականում, մենք բոլորս էլ մեր առօրյա կյանքում օգտագործում ենք այդ այլաբանությունները, և հետազոտություն ցույց է տալիս, որ անգամ այդպես էլ մտածում ենք:

Եվ երբ «ազգ-բանակի» նման այլաբանություն ենք լսում, սկսում եք մտածել համապատասխան մարդկանց, խմբերի, ազգերի մասին: Այլաբանությունները շատ հզոր են: Քարոզչական դիսկուրսում տարածված են նաև ընտանեկան կամ անհատականացված այլաբանությունները:

Երբեմն պետությունները ներկայանում են որպես անհատներ, որոնք ունեն հարևաններ, ընկերներ, սովորություններ, բնավորության հատկանիշներ:

Այնպես որ կան ազգերին ու պետություններին ներկայացնելու կոնցեպտուալ հիմնական մեթոդներ:

Ինչպե՞ս կարելի է դիմակայել քարոզչությանը: Մանավանդ երբ այն ամեն օր հասնում է մեր ականջներին, աչքերին...

Ամենակարևորն, իհարկե, կրթությունն է: Եվ շատ ցավալի է, որ մենք քիչ բան գիտենք լեզվի մասին, ինչը մեզ խոցելի է դարձնում մանիպուլյացիայի հանդեպ: Հատկապես լեզվական մանիպուլյացիաների, որոնք օգտագործում են լրատվամիջոցները, քաղաքական գործիչները կամ նույնիսկ մեր ընտանիքի անդամներն ու ընկերները:

Երբ խոսում ենք մանիպուլյացիայի կամ քարոզչության մասին, հաճախ նկատի  ունենք պետական, կուսակցական կամ լրատվական մանիպուլյացիաները, բայց իրականում մանիպուլյացիաները տեղի են ունենում մեր առօրյա կյանքում:

Տեխնիկական ու ռազմավարական հնարքները (հատկապես, լեզվական) նույնն են թե՛ հանրային, թե՛ մասնավոր դիսկուրսներում: Բայց սա ասում եմ փակագծերում:

Կարևոր են մեդիագրագիտության հմտությունները, որոնք օգնում են ավելի լավ հասկանալ ու գաղտնազերծել լեզուն: Օրինակ, երբ հանդիպենք մանիպուլյատիվ մեթոդի, ունակ լինենք նկատել այն, հակադարձել դրան և, ինչը շատ կարևոր է, զերծ մնալ դրա օգտագործումից:

Մենք բոլորս օգտագործում ենք թե՛ հակասական փաստարկներ, թե՛ այլաբանություններ, որոնք միշտ չէ, որ համապատասխանում են տվյալ իրավիճակին:

Պետք է ուշադրություն դարձնել նաև դիսկուրս վարելու սեփական ոճի վրա, այլ ոչ թե բոլոր սպասելիքները կապել միայն հասարակության վրա ազդելու ուժ ունեցող մարդկանց հետ: Օրինակ, լրագրողների...

Առօրյայում ինչպե՞ս են գործում բառային մանիպուլյացիաները:

Կարող եմ մի օրինակ բերել: Գոյություն ունի խոսքի մանիպուլյատիվ ռազմավարություն, որը շատ տարբեր մակարդակներում օգտագործում են անհատները, կոլեկտիվները, հասարակությունը, երբեմն պետությունները: Այն կոչվում է victim victimizer reversal (զոհի ու բռնացողի փոխակերպումը):

Դրա իմաստն այն է, որ ես զոհ եմ դարձնում որևէ մեկին կամ մի խումբ, բայց դա ընդունելու փոխարեն, պնդում եմ, որ ոչ թե ես, այլ հենց ինքն է ինձ թիրախավորել, հետապնդնել, բռնացել: Այդպիսով, ես փոխում եմ դերերը, և բռնությունը արդարացնելու համար ընտրում եմ զոհի դերը, քանի որ այն ավելի գրավիչ է, քան ակնհայտորեն բռնացողի:

Այդ ռազմավարությունը կիրառվում է մասնավոր և ընտանեկան կյանքում: Իմ բլոգում, որտեղ սովորաբար վերլուծում եմ քաղաքական լեզուն, վերջերս մի կարճ պատմություն հրապարակեցի ու անվանեցի այն «Իմ ընտանիքի ստրուկը»:

Այնպես որ, մի կարծեք, որ մանիպուլյացիան միշտ պետության կողմից է, այն ի հայտ է գալիս տարբեր մակարդակներում: Օրինակ, ոչ միայն ստրկության համատեքստում, այլ ամենօրյա վիրավորական, բռնության պարունակող հարաբերություններում: Այդպես մենք մտածում ենք նաև ցեղասպանության մասին: Ուզում եմ ընդգծել, որ այն ունիվերսալ մի բան է:

Մենք սովոր ենք թերագնահատել բառերի կարևորությունը և կարծել, որ ավելի մեծ դեր ունեն արարքները: Անգամ ասացված կա, որ մարդու գործն է կարևոր, ոչ թե խոսքը:

Կարծում եմ, այդ բաժանում ու հակադրումը սուտ է: Բառերը շատ հզոր ներգործություն ունեն:

Բառերը կարող են լինել ավելի ազդեցիկ ու ավելի վտանգավոր, քան արարքները: Բառերը անգամ կարող են ոսկորներ կոտրել:

Երբեմն ավելի մեծ վտանգ է առաջացնում վիզուալ, և ոչ բառային մանիպուլյացիան:

Երբ խոսում ենք ֆրեյմնիգի՝շրջանակման, մասին, երկուսն էլ կարևոր են: Մենք ապրում են այնպիսի ժամանակներում, երբ վիզուալ նյութերն ու բառերը հավասարապես ազդեցիկ են:

Հարցազրույցը Նունե Հախվերդյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?