Այլընտրանքային մամուլի հաղթարշավը Հայաստանում

28.07.2011, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Լրատվամիջոցների վերաբերյալ Հայաստանի բնակչության կարծիքների և նախընտրությունների հետազոտությունը, որին մանրամասն կարելի է ծանոթանալ առցանց,  հանրապետությունում ինտերնետի զարգացման ներկա վիճակին վերաբերող բավական հետաքրքիր մաս է պարունակում: Արդեն իսկ ակնհայտ է, որ ցանցային լրատվամիջոցները եւ այլընտրանքային լրագրությունը ներխուժել են Հայաստան եւ դարձել են իրական դերակատար:

Առաջինը, ինչն ակնհայտ է նույնիսկ առանց հետազոտությունների, եւ ինչը լրջորեն փոփոխում է եւ դեռ շատ կփոփոխի տեղեկատվական դաշտը, Հայաստանում ինտերնետից օգտվողների քանակի եւ որակի կտրուկ աճն է, որն արձանագրվում է վերջին մեկ-երկու տարիների ընթացքում: Մի կողմից ինտերնետային կապի գները կտրուկ իջնում են՝ արագության եւ որակի բարձրացմանը զուգահեռ, ինչի հետեւանքով բնակչության մեկ երրորդն արդեն իսկ օգտվում է ինտերնետից:

[[wysiwyg_imageupload:94:]]

Մյուս կողմից` համակարգիչների շուկայում արդեն ավանդական դարձած ապառիկ վաճառքը բերում է օգտատերերի քանակի պայթյունային աճի:

[[wysiwyg_imageupload:95:]]

Նման զարգացումները, որպես հետեւանք, բերում են նրան, որ ինտերնետը հասարակության համար դառնում է տեղեկատվության ավանդական աղբյուրներից մեկը: Այսպես, սոցիալական ցանցերը, որպես իրադարձությունների մասին տեղեկանալու առօրյա աղբյուր, հասել են ռադիոյի մակարդակի, իսկ ամեն օր օնլայն մամուլ ընթերցողների քանակը գերազանցել է թերթերի սիրահարների թիվը:

Ընդհանուր առմամբ հայ օգտատերը բավական մեծ հետաքրքրություն ունի ԶԼՄ-ների հանդեպ: Հաշվի առնելով, որ ինտերնետից օգտվողների մեծ մասը դպրոցականներն ու երիտասարդներն են, զարմանալի է, որ օգտատերերի մոտ երրորդ մասը հետաքրքվում է առցանց նորություններով:

[[wysiwyg_imageupload:96:]]

Մյուս կողմից՝ սոցիալական ցանցերից օգտվողների մեծ մասը շարունակում է մնալ ռուսական Օդնոկլասնիկներում՝ Ֆեյսբուքին եւ մնացածներին գերազանցելով մի քանի անգամ: 80 տոկոսը գերադասում է Օդնոկլասնիկները, միայն 15 տոկոսը՝ Ֆեյսբուքը, ինչը կարող է նշանակել, որ քաղաքացիական ակտիվությունը դեռ զանգվածային բնույթ չի կրում հայկական համացանցում, քանի որ նման շարժումները դեռեւս Ֆեյսբուքում եւ բլոգներում են ձեւավորվում եւ գործում:

Հարցումն էլ ցույց է տալիս, որ քաղաքացիական ակտիվիստները դեռեւս քիչ են սոցիալական ցանցերում` չնայած արդեն հասցրել են բավական մեծ հաջողությունների հասնել:

[[wysiwyg_imageupload:97:]]

Եթե խոսենք բլոգների մասին, ապա ինտերնետից օգտվողների միայն 10 տոկոսն է ընթերցող: Դա մի կողմից շատ փոքր տոկոս է, մյուս կողմից՝ մոտավորապես հավասար է ցանցում քաղաքացիական ակտիվիստների թվին:

[[wysiwyg_imageupload:98:]]

Ավանդական ԶԼՄ-ների համար կարեւոր պետք է լինի այն, որ մարդիկ ցանցային աղբյուրները հիմնականում նախընտրում են ոչ թե դրանց անվճար լինելու, այլ բազմազանության եւ օպերատիվության համար:

[[wysiwyg_imageupload:99:]]Նաեւ հարկ է նշել այն կարեւոր միտումը, որ հայաստանյան գյուղերում բավական ակտիվ է բջջային հեռախոսից ինտերնետ մտնողների բանակը: Փաստացիորեն՝ օգտատերերի գրեթե կեսը համացանց մտնում է հեռախոսից, ինչն օնլայն ԶԼՄ-ների խմբագրություններին պետք է հուշի, որ մարզերին հասանելի լինելը նշանակում է կայքի՝ բջջային հեռախոսի համար օպտիմիզացված տարբերակ ունենալ:

[[wysiwyg_imageupload:100:]]Ամփոփելով կարելի է ասել, որ եթե հարցումը կատարվեր այս օրերին, ցանցի ազդեցությունը էլ ավելի մեծ կլիներ, քանի որ ինտերնետի աճը Հայաստանում բոլոր առումներով շարունակվում է: Իսկ աշնանից, երբ կսկսվի նախընտրական ժամանակաշրջանը, կարելի է ակնկալել հերթական պայթյունային աճը, ինչպես օգտատերերի, այնպես էլ ցանցային աղբյուրների քանակի եւ որակի առումով:

Սամվել Մարտիրոսյան  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?