Սարգսյան-Ալիեւ Վիեննայի հանդիպման լուսաբանման առանձնահատկությունները

22.11.2013, Խաչմերուկ

Lragir.am եւ Armenianow.com օնլայն թերթերի մեկնաբան, երկար տարիներ աշխատել է ղարաբաղյան լրատվամիջոցներում: 

Նոյեմբերի 19-ին Վիեննայում կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը գնահատվեց որպես Ղարաբաղյան խնդրի ակտիվացման նշան: Բանակցությունները վերջին 2 տարում սառեցված էին, եւ նախագահների հանդիպումը բնական հետաքրքրություն առաջացրեց մեդիայում:

Հանդիպումից հետո բովանդակային հայտարարություններ չեն հնչել, եւ լրագրողներին եւ փորձագետներին մնում է ենթադրություններ անել: Բանակցությունների փակ լինելը միշտ էլ մանիպուլյացիայի եւ սեփական նպատակների համար շահարկելու գայթակղություն է առաջացրել: Այս անգամ եւս հնչեցին տարբեր ենթադրություններ, ընդհուպ մինչեւ այն, որ Ռուսաստանը /կամ Արեւմուտքը/ փորձում է բանակ մտցնել Ղարաբաղ, ստիպել Հայաստանին զիջել Ղարաբաղյան 2 շրջան, սակայն հակառակ կողմը չի թույլատրում: Հետաքրքիրն այն էր, որ լրատվամիջոցների ենթադրությունները տարբերում էին ՝ կախված կողմնորոշումից. մեկը մեղադրում է Ռուսաստանին, մյուսը՝ արեւմտյան երկրներին:

Այս անգամ եւս լրատվական դաշտում չափազանց քիչ էին վերլուծական հոդվածները: Հիմնականում մամուլը տալիս էր ինֆորմացիոն բնույթի նյութեր, ընդ որում, գրեթե օնլայն ռեժիմով: Դրանում իր դերը խաղաց Ազատություն ռադիոկայանը, որը կարողացել էր ներկայություն ապահովել Վիեննայում եւ ուղիղ եթերում հաղորդում էր նորությունները: Քիչ կարեւոր չէր ՀՀ նախագահի խոսնակ Արման Սաղաթելյանի աշխատաոճը՝ նախագահների սրահ մտնելուն պես նա անմիջապես գրառում արեց իր թվիթերում, որ հանդիպումը մեկնարկել է:   

Այս անգամ կար եւս մի հետաքրքիր հանգամանք՝ լրատվամիջոցները իրենց պարտքը չհամարեցին դիմել բոլոր կուսակցություններին եւ «ավանդական» փորձագետներին, նախօրոք կամ պոստֆակտում կարծիք իմանալու համար: Դա պայմանավորված է, թերեւս, նրանով, որ վերջին ամիսներին քաղաքական կուսակցությունների դիրքորոշումը քիչ է հետաքրքրում հասարակությանը, առավել եւս, որ քաղաքական ուժերը գերադասում են կարծիք չհայտնել: Բացառությունը Դաշնակցությունն էր: Բացի այդ, նախորդ փորձը ցույց է տալիս, որ հնչած կարծիքների մեծ մասն էլ զուրկ են բովանդակությունից:

Մեդիայում Ղարաբաղյան խնդրի լուսաբանման առանձնահատկություններից է խնդրի դիտարկումը ավելի լայն համատեքստում, մասնավորապես՝ հայ-թուրքական հարաբերությունների եւ Ռուսաստանի նեոկայսերական քաղաքականության: Որոշ վերլուծաբաններ, որոնք մոտ են կանգնած իշխանական շրջանակներին, համարում են, որ նման մոտեցումը սխալ է եւ թելադրված է թուրքական դիվանագիտության կողմից: Սակայն պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ Ղարաբաղյան եւ հայ-թուրքական խնդիրների առանձին դիտարկումը ամբողջական չի կարող լինել:

Առավել եւս, որ թուրքական եւ սփյուռքի հայկական թերթերը եւս այդ խնդիրներին անդրադառնում են նույն համատեքստում: Ի դեպ, հայկական մամուլը սկսել է ավելի հաճախ արտատպել միջազգային եւ սփյուռքի թերթերում հրապարակված տեղեկությունները եւ կարծիքները: Ավելին՝ yerkir.am եւ 1in.am կայքերը աշխատում են նաեւ բացառիկ հարցազրույցներ եւ հարցումներ անել տարբեր երկրների ղեկավարների մամուլի ծառայություններին կամ փորձագետներին: Դա թույլ է տալիս ստանալ անմիջական եւ չուղղորդված ինֆորմացիա, սակայն այդ պրակտիկան առայժմ շատ տարածված չէ:

Ցավոք, ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի լրատվամիջոցներում վաղուց չկան քննարկումներ եւ բանավեճեր, ավելի ճիշտ՝ նման բանավեճ ընդանրապես չի եղել: Դա պայմանավորված է, մի կողմից, բանակցությունների գաղտնիությամբ, մյուս կողմից, նկատելի է որոշ լրատվամիջոցների եւ հատկապես երիտասարդ լրագրողների՝ խնդրին անտեղյակ լինելու հանգամանքը: Կամ էլ քաղաքական ուժերին հաջողվել է հանել տվյալ հարցը հասարակական օրակարգից, եթե չասենք՝ հենց դրանով պայմանավորել կյանքի դժվարությունները եւ բացասական վերաբերմունք առաջացրել Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ:

Նաիրա Հայրումյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?