Ֆեյք նորությունների և իմունային անբավարարության մասին

01.10.2018, Քննադատ

Հիմնական հետաքրքրությունները` բլոգեր, սոցիալական ցանցեր, նոր մեդիա, տեղեկատվական անվտանգություն:

Այսօր քաղաքական, հասարակական, տնտեսական օրակարգը Հայաստանում գրեթե ամեն օր փոխվում է։ Կայուն է մեկ բան․ ֆեյքերից բողոքներն ու խոսակցություններն այն մասին, որ դրանք գնալով ավելի սաստկանում են և դառնում անտանելի։

Խոսակցություններից կարելի է տպավորություն ստանալ, որ ֆեյքերի թեման բավականին նոր է, առնվազն՝ այն հիմա է դարձել այսքան սուր։ Արդյո՞ք ֆեյքերը այդքան նոր են և այդքան աննախադեպ։

Կեղծ լուրերը, քարոզչությունը հին են, ինչպես առաջին մեղքը նախապատրաստող մանիպուլյացիաները։

Բայց ֆեյք ասելով մենք նկատի ունենք ավելի շուտ ոչ թե ավանդական սուտը, այլ դրա վիրտուալ, ինտերնետային տարբերակը։ Եվ մենք միայնակ չենք մեր ցավի հետ։ Ամբողջ աշխարհում է հիմա տիրում ֆեյքացավ։

Ռուս֊ուկրաինական հակամարտությունը 2013-2014 թվականներին և դրան հետևած 2016 թվականի ԱՄՆ֊ում ընտրությունների ժամանակ ռուսաստանյան ֆեյքերի գրոհը, որը սկսեց հետաքննվել արդեն 2017 թվականին, առաջացրեցին համաշխարհային աժիոտաժ։ Ինչից հետո իրար հետևից սկսեցին բացահայտվել ֆեյքերի օգտագործման բազմաթիվ դեպքեր: Օրինակ, Ֆրանսիայում, Մակեդոնիայում, Գերմանիայում ընտրությունների ժամանակ, Մեծ Բրիտանիայում Բրեքզիթի հանրաքվեի հետ կապված և այլն, և այլն։  

Իհարկե, այս ամենը նորություն չէ ընդհանրապես։ Հարցը քանակը, որակը և հանրային ազդեցությունն է։

Իրականում, ֆեյքային նորությունները դարձան լուրջ գործոն, երբ համացանցը սկսեց հաղթել հեռուստացույցին, իսկ ինտերնետից օգտվողների տոկոսը գերազանցեց գերակշռող երկների բնակչության կեսը։ Եթե դրան ավելացնենք սոցիալական ցանցերը, ամեն ինչ տեղը կընկնի։

Սոցցանցերը ստեղծեցին տեղեկատվության գերհոսք, որը դարձրեց նորությունների սպառումը անդադար, և, բնականաբար, դժվար կառավարելի յուրաքանչյուր անհատի կողմից։

Բացի դրանից, սոցցանցերը ստեղծեցին գովազդային մատչելի գործիքներ, որոնք թույլ են տալիս ապատեղեկատվությունը հասցնել ամեն սպառողին անհատապես, օպերատիվ և սարսափելի էժան, համեմատած հին ավանդական մեթոդների հետ։

Այսօր կեղծ տեղեկատվական կայք ստեղծելը, այնտեղ մի շարք ապատեղեկատվություն պարունակող նյութեր տեղադրելը և դրանք 100 հազար ֆեյսբուքյան օգտատերերի շրջանակներում թիրախավորված գովազդի միջոցով տարածելը կպահանջի մոտ կես օր և հիսուն ԱՄՆ դոլար։

Նո՞ր է այս ամենը մեզ համար։ Անկասկած, ոչ։

2013-2014 թվականների ընտրությունների ժամանակ ֆեյք կայքերը, ֆեյք օգտատերերը կիրառվել են զանգվածայնորեն։ Ներգրավվել են գնված ֆեյքեր այլ երկրներից՝ օնլայն քվեարկությունների վրա ներազդելու համար։ Խոսքը տասնյակ հազարավոր ֆեյքերի մասին է։

Տարբերությունը այսօրվա հետ ինտերնետի ազդեցությունն էր։ Այն ժամանակ Ֆեյսբուքի, ցանցի ներթափանցումը շատ ավելի ցածր էր, հեռուստացույցը դեռ ուներ գերիշխող դեր։ Բայց ֆեյքերը լավ ճգնում էին, քրտնաջան աշխատում։

Եթե խոսենք ավելի վաղ ժամանակների մասին, կարելի է ասել ավելին․ Հայաստանը եղել է ֆեյքային ինտերնետային ներազդեցության առաջին զոհերից։

Այսպես, դեռ 2008 թվականին ադրբեջանական կողմի ստեղծած կեղծ հայաստանյան xronika.am լրատվականը ռուս֊վրացական պատերազմի օրերին տարածում էր զանազան ապատեղեկատվություն պարունակող հաղորդագրություններ, որոնք բավականին լուրջ բացասական իմիջային ազդեցություն ունեին Հայաստանի համար։

Այն ժամանակ սա դեռ նոր ձևավորվող տեխնոլոգիաներ էին, և նման նյութերը տարածվում էին ոչ թե սոցցանցերի (որոնք դեռ ձևավորված չէին), այլ բլոգների միջոցով, որոնք այն պահի սոցիալական մեդիան էին։

Նմանատիպ կեղծ լրատվականներ ստեղծվում են պարբերաբար, առ այսօր գործում է ադրբեջանական նման մի ֆեյքային ծրագիր՝ armenianreport.com, որը տարիներ շարունակ ներկայանում է որպես ընդդիմադիր հայկական լրատվական, որին ցիտում են նույնիսկ այնպիսի քաղաքական տիտաններ, ինչպիսին է Արտաշես Գեղամյանը։

Ֆեյքերի մասին կարելի է շատ երկար գրել։ Հարց է ծագում․ ինչպե՞ս պայքարել դրանց դեմ։

Այսօրվա միջազգային փորձն ասում է, որ կան միջոցներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել դրանց ազդեցությունը։ Օրինակ, սոցիալական ցանցերը փորձում են կիրառել մեթոդներ, որոնք թույլ են տալիս մանիպուլյատիվ նյութերը հանել մարդկանց լրահոսից, արգելափակել հնարավոր ֆեյք օգտատերերին։

Գոյություն ունեն բազմաթիվ կազմակերպություններ, որոնք մասնագիտանում են հենց ապատեղեկատվույթյունը բացահայտելու, փաստերը ստուգելու գործում: Օրինակ, հայաստանյան Sut.am-ը:

Խմբագրություններն այսօր հատուկ հաստիքներ են բացում փաստեր ստուգող խմբագրերի համար, որոնք կկարողանան կողմնորոշվել սոցցանցերով տարածվող տարափի մեջ։ Ավելի կոշտ մոտեցումներ ունեցող երկրներում փորձում են արգելափակել կայքերը, գտնել և պատասխանատվության ենթարկել օգտատերերին։

Տալի՞ս է արդյոք այս ամենը օգուտ։ Օգուտ տալիս է, սակայն ֆեյքերի ազդեցությունը, հակառակը, գնալով, աճում է։

Արդեն չեն դիմանում նույնիսկ տեղեկատվությունը լուրջ ստուգող լրատվականները։ Դրա վառ օրինակն էր Հայկ Մարությանի կեղծ էջից տարածված նորությունը քաղաքային տրանսպորտի ռեֆորմների մասին։ Տվյալ սուտ նորությունը տարածել էին գրեթե բոլոր այն լրատվականները, որոնք պատասխանատվությամբ են մոտենում տեղեկատվության ստուգմանը։

Տեղեկատվական դաշտի իմունիտետը գնալով ընկնում է։

Փաստացի, այսօր ՁԻԱՀ֊ին նման վարակով է հիվանդ մեդիան, ապատեղեկատվությունը գրեթե անարգել ներթափանցում է և տարածվում արդեն հասարակությունով մեկ։

Կա՞ արդյոք այս ամենից փրկություն։ Վերջնական լուծումներ, բնականաբար, չկան։ Սակայն, միայն կրթելով է կարելի հարցը լուծել։ Ոչ մի սահմանափակում, օրենսդրական լուծումներ, ինտերնետի ֆիլտրացիա խնդիրը չեն լուծի։

Հարկավոր է զանգվածային հանրային պատվաստում, կրթում տեղեկատվությունը ճիշտ սպառելու հարցերի շուրջ։

Եվ, բնականաբար, լրագրողները պետք է վերապաստրաստվեն, քանի որ վերջին մեկ տարվա ընթացքում մանիպուլյատիվ տեխնոլոգիաները է՛լ ավելի զարգացել ու ընդլայնվել են, և շատ դեպքերում նույնիսկ արհեստավարժ լրագրողը կարող է անզոր լինել տեղեկատվական մեքենայությունների առջև, եթե վերապաստրաստված և վերազինված չլինի։

 

Սամվել Մարտիրոսյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?