2018.02.27,

Նյուսրում

Ստեղծել օրակարգ, թարմացնել գիտելիքը…

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Հայաստանի լրատվական դաշտում տասնյակ տարիներ աշխատող խմբագիրներն ու  մեկնաբանները Media.am-ի ընթերցողների համար կիսվել են այն չափանիշներով ու արժեքներով, որ կարևոր են համարում լրագրողների ու աշխատողների համար։

«Ազգ» օրաթերթի երկարամյա խմբագիր Հակոբ Ավետիքյանը անկախության տարիների հայ մամուլը բաժանում է երեք շրջանի: «Առաջին տարիներին լրագրողները, հատկապես՝ համարձակները, ծեծի էին ենթարկվում, ինչն ավելի էր ուժեղացնում մարդկանց: Երկրորդ տասնամյակը փողի, կաշառքի շրջան էր, որին եկող սերնդից ոչ բոլորը դիմացան: Բայց այդ ընթացքում մի այլ բան էլ կատարվեց. պրոֆեսիոնալ, կայացած լրագրողների մի մասը գնաց պաշտոնների, հիմնականում՝ մամուլի քարտուղարի և այլն: Եվ ոչ բոլորը դիմացան դաշտում: Երրորդ շրջանն ավելի սարսափելի է՝ քննադատության նկատմամբ անտարբերության շրջանն է»,-ասում է Ավետիքյանը:

Այսօրվա մամուլը, նրա խոսքով, այլևս հասարակությանը չի ուղղորդում։ Բացասական առումով։ Ավելին, հանրային օրակարգ ձևավորում է ոչ թե հասարակությունից եկած կառավարող մարմիններ եկող հարցերով, այլ՝ քաղաքական արենայից պարտադրվող թեմաներով։

«Ստեղծեք լրագրություն՝ ըստ հասարակության հարցերի, ոչ թե՝ քաղաքական գործիչների թելադրած օրակարգի, որը երբեմն կեղծ է: Քաղաքական գործիչները աղբյուր չեն, եթե անգամ աղբյուր են, ապա՝ կիսով չափ: Ոչ թե քաղաքական դաշտի հարցերը պետք է տանել հասարակություն, այլ հակառակը՝ հասարակության հարցերն ու խնդիրները տանել օրակարգ: Ականջ դրեք հասարակ մարդկանց, նրանց խնդիրներին, ուսումնասիրեք տրանսպորտի հարցը և այլն: Ֆեյքերին մի լսեք»,-ասում է Հակոբ Ավետիքյանը:

Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը դաշտում սփռվող տեղեկատվության հավաստիության խնդրի վրա է ուշադրություն հրավիրում: Հատկապես օպերատիվ հրապարակումների մեջ եղած տեղեկությունները, նրա խոսքով, վստահություն չեն ներշնչում: Նավասարդյանն ասում է, որ եթե թեման, նյութը կարևոր կամ հետաքրքիր են, ընթերցողը հաճախ ստիպված է լինում տեղեկատվությունը ստուգել այլ աղբյուրներից, այդպիսով կատարելով լրագրողի գործը: Բայց՝ եթե պրոֆեսիոնալ ես։ Հակառակ դեպքում դառնում ես ապատեղեկատվության զոհ:

Բորիս Նավասարդյանը լրագրողներին կոչ է անում սեփական համակրանքներն ու նախապատվությունները պատնեշ չդարձնել իրենց և լսարանի միջև։ Այլապես լրագրողը զբաղվում է քարոզչությամբ, փիարով ու գովազդով:

Լրագրող, ՇԱՆԹ հեռուստաընկերության լրատվական ծառայության խմբագիր Արտյոմ Երկանյանի սկզբունքներից մեկը «մի վնասիր»-ն է: Խոսքը սեփական պետության շահերին չվնասելու մասին է, հատկապես, երբ այդ երկիրը պատերազմի մեջ է։ Սակայն, ըստ լրագրողի, դա պետք չէ շփոթել քարոզչության հետ։

«Լրագրողն ունի քաղաքացիություն և կոնկրետ երկրի քաղաքացի է: Քանի որ Հայաստանը պատերազմող երկիր է, պետք է միշտ հաշվի առնել ազգային շահ կոչվածը: Դա չի նշանակում զբաղվել քարոզչությամբ: Պարզապես պետք է հաշվի նստել ներքին խմբագրի հետ: Չի կարելի սուտ ասել, բայց կարելի է ասել ճշմարտության մի մասը:

Միշտ չէ, որ խոսում ենք այն ամենի մասին, ինչը գիտենք: Այնուամենայնիվ, եթե ճիշտ եք համարում ելնելով բարձր գաղափարներից՝ ազատ խոսել, ես դա լրագրողական էթիկայի խախտում չեմ համարում»,- ասում է Արտյոմ Երկանյանը:

Երևանի Վ․ Բրյուսովի անվան ԼՀՀ լրագրության գիտաուսումնական կենտրոնի ղեկավար Տատյանա Հովհաննիսյանը կարևոր է համարում արագ ընթացող փոփոխություններին համարժեք արձագանքել և որակյալ լրագրության համար կիրառել նոր մեդիա գործիքներ։

«Մեդիա ոլորտն այսօր զարգանում, փոփոխվում է ահռելի արագությամբ։ Շատ կարևոր է, որպեսզի թվային մեդիայի դարաշրջանում լրագրողները կարողանան դուրս գալ մասնագիտության ավանդական շրջանակներից և պատրաստ լինեն ժամանակ ծախսել անընդհատ գիտելիքը թարմացնելու և նոր մեդիա գործիքներով աշխատելու հմտություններ ձեռք բերելու համար։

Նոր մեդիա գործիքների կիրառումն օգնում է ստեղծել որակյալ լրագրություն»,-նշում է Տատյանա Հովհաննիսյանը։

«Եղեք հետաքրքրասեր: Առօրյա իրադարձություններում գտեք հետաքրքիրը, անսովորը, նորը և այն ներկայացրեք ձեր լսարանին: Մարզեք ձեր հետաքրքրասիրության մկանը»,-խորհուրդ է տալիս Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Մարկ Գրիգորյանը։ Հետաքրքրասիրության մկանի վարժեցումը, ըստ Հանրային ռադիոյի տնօրենի, կատարվում է երկու ճանապարհով: Մեկն ամենօրյա աշխատանքն է, իսկ երկրորդ միջոցը՝ ընթերցանությունը: Ընդ որում, Մարկ Գրիգորյանի խոսքով, կարդալ պետք է միշտ, և՝ ոչ միայն սեփական ու գործընկերների ստեղծագործությունները, այլև՝ գեղարվեստական գրքեր:  

Նա համարում է, որ լրագրողի աշխատանքի արդյունավետության գործում անխուսափելի է խմբագրի դերը․ «Ես շատ լավ հասկանում եմ, որ խմբագիրը կարող է լրագրողի թևերը կտրատել, ստիպել, որպեսզի լրագրողն աշխատի ոչ իրեն բնորոշ ոճով: Խմբագիրը պետք է վարպետ լինի և լրագրողին տա լավ նյութեր ստեղծելու ազատություն»:

Փորձառու լրագրողը կարևոր է համարում նաև բալանսի գաղափարը։ Եթե լրագրողը որևէ մեկին մեղադրում է իր ռեպորտաժի կամ նյութի մեջ, ապա պարտավոր է նրան արտահայտվելու հնարավորություն տալ կամ նույն նյութի մեջ, կամ նույն օրը: «Միայն երկու կողմին արտահայտվելու հնարավորություն ընձեռելու դեպքում լրագրողը կմնա իր պատշաճ դերում: Հակառակ դեպքում՝ լրագրողը դառնում է կոնֆլիկտի կողմ»,-ասում է Մարկ Գրիգորյանը:

Հանրային հեռուստաընկերության լրատվական հաղորդումների ղեկավար-պրոդյուսեր Արտակ Հերիքյանը ուշադրություն է հրավիրում այն մի քանի խնդիրների վրա, որոնք մեդիայում առաջացել են նոր տեխնոլոգիաների պայմաններում։ Խոսքն առաջին հերթին տեղեկությունը ստուգելու և վերստուգելու, հումանիստական արժեքները չկորցնելու մասին է։

«Չհայհոյե՛լ, չվիրավորե՛լ մարդուն լսարան լցնելու համար. լրագրության դավանանքը հումանիզմն է: Ստուգել ու վերստուգել տեղեկությունը. ապատեղեկատվության ծուղակն ընկնելու վտանգը մեծանում է նույնքան արագ, որքան կատարելագործվում են ինֆորմացիայի տարածման միջոցները: Լրագրողական լեզուն պաշտպանել պաշտոնյաների բառապաշարի՝ երբեմն աննկատ ներխուժումից. լսարանը կարող է մեր խոսքն էլ չհասկանալ: Ցու՛յց տալ, չճառե՛լ»,-ասում է Արտակ Հերիքյանը:

Հետաքննող լրագրողները թերևս ամենաշատն են բախվում միջավայրի ճնշումներին, երևի ունեն թշնամիների ամենամեծ բանակը։ ՀԵՏՔ-ի լրագրողներն այս խնդիրը վաղուց են հաղթահարել։ ՀԵՏՔ-ի փոխխմբագիր Լիանա Սայադյանը հիշեցնում է լրագրողներին․

«Լրագրությամբ զբաղվելով՝ պատրաստ եղեք վաստակել ավելի շատ թշնամիներ, քան բարեկամներ: Ամենից դժվարը շրջապատի հոգեբանական ճնշումները հաղթահարելն է»:

Գագիկ Աղբալյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *