2019.04.18,

Նյուսրում

Հեռուստագովազդը դիտվողն է, ինտերնետայինը՝ աճողը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Հայաստանում մարդիկ ամենաշատ գովազդը դիտում են հեռուստացույցով: «Բրեվիս» ընկերությունն անց է կացրել հարցում՝ պարզելու համար, թե բնակիչները տեղեկատվության որ աղբյուրների գովազդներն են առավել շատ դիտում և համարում տպավորիչ ու հիշվող։

Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1601 մարդ Հայաստանի 10 մարզերից և Երևանից:

Հեռուստագովազդը կազմում է դիտված գովազդների 27,8%-ը: Համացանցում դիտված գովազդը շուրջ 13 անգամ պակաս է՝ 1,9%, իսկ սոցիալական ցանցերում դիտված գովազդը կազմում է ընդամենը 1,3%։

Արտաքին գովազդը դիտողականությամբ առաջ է անցել սոցիալական գովազդից՝ կազմելով 1,4%: Ռադիոգովազդը, հանրային տրանսպորտում տեղադրված գովազդն ամենաքիչ դիտվածն են՝ համապատասխանաբար 0,2% և 0,1%:

Հարցվողների մեծամասնությունը դժվարացել է պատասխանել, թե որն է եղել ամենահիշվող գովազդը: Հիշվողների մեջ համեմատաբար մեծ թիվ են կազմել սննդի և ըմպելիքի (9,7%), բջջային օպերատորների (5,3%), տեխնիկայի (3,9%) և բուքմեյքերական ընկերությունների (2,7%) գովազդները։

Չնայած հեռուստագովազդը ամենատարածվածն է, սակայն Հայաստանի գովազդային շուկայի դինամիկան այլ ուղղությամբ է զարգանում: Media.am-ը 2018թ-ին տարբեր հրապարակումներով անդրադարձել է զարգացման միտումներին, գովազդային բյուջեներին և հետհեղափոխական գովազդային բովանդակությանը:

Փորձագիտական գնահատակններով՝ Հայաստանում հեռուստատեսային գովազդի տարեկան բյուջեն չի փոխվում արդեն երեք տարի:

Այս ֆոնին մեծ չէ ինտերնետային գովազդի հայաստանյան բյուջեն, սակայն այն ունի աճի դինամիկա: Ինտերնետային գովազդն ավելի չափելի է և գովազդատուներն ուզում են հստակ պատկերացում ունենալ, թե որտեղ է տեղադրվելու իրենց գովազդը, որն է թիրախային լսարանը, ինչ նախասիրություններ ունի և այլն:

Ինտերնետ գովազդի գումարների զգալի մասը՝ 70-80%-ը, դուրս է գալիս երկրից:

Տեղական լրատվական կայքերում գովազդային ուղղությունները նեղ են՝ բանկեր, բջջային օպերատորներ, բուքմեյքերական ընկերություններ:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *