2016.09.29,

Նյուսրում

Հայաստանում գովազդային շուկայի հին ու նոր խնդիրները. զեկույց

Գերիշխող դիրքի վիճարկում՝ ՏՄՊՊՀ-ում

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Աղասի Ենոքյանը հուլիսի 16-ին երկու դիմում է հղել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանին. առաջինն ահազանգում է հեռուստատեսային գովազդի ոլորտում «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ» ընկերության, երկրորդը՝ ինտերնետային գովազդի ոլորտում «Դի ջի սեյլզ» ընկերության հնարավոր գերիշխող դիրքի մասին:

Հանձնաժողովի իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի պետ Արսեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս առիթով լսումներ և աշխատանքային քննարկումներ են հրավիրվել, որոնց ներկա են եղել նշված ընկերությունների ներկայացուցիչները: Հանձնաժողովը որոշում դեռևս չի կայացրել:

Լուսանկարը՝ Աշոտ Իսրայելյանի

Զեկույց. հեռուստագովազդի շուկա

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնը» 2016թ. հունվարից մինչև մայիս ուսումնասիրել է Հայաստանում հեռուստատեսային, ռադիո և ինտերնետային գովազդի շուկաները ( քաղաքային բնակչության շրջանում ):

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հրավիրած կլոր սեղանին սեպտեմբերի 29-ին ներկայացվեց Աղասի Ենոքյանի հեղինակած զեկույցը: Ըստ այդմ, «Մեդիա ինթերնեշնլ Սերվիսիզ» ընկերությունը ( սեյլս հաուզ. որոշակի իմաստով՝ գովազդային միջնորդ) տիրապետում է հեռուստաալիքների համախառն բյուջեների 74 տոկոսին. այսինքն, մոտ 13 հեռուստաալիքներից 5-ինը ( «Արմենիա», «Շանթ», «ԱԹիՎի», «Արմնյուզ», «Երկիր Մեդիա»):

Ենոքյանի կարծիքով, գովազդատուներին այն գայթակղում է գնացուցակների ճկուն զեղջերով, ինչը լուրջ գործիք է՝ շուկայում գերիշխող դիրքի հասնելու համար. «Օրինակ, միայն իր կազմում ընդգրկված հեռուստալիքներով գովազդ հեռարձակելու համար այն կիրառում է մինչև 35 տոկոս զեղջի մեխանիզմը»:

Նրա կազմում ընդգրկած 5 հեռուսաալիքներից 3-ը՝  «Արմենիա»-ն, «Շանթ»-ը և «ԱԹիՎի»-ն, ամենադիտվող ալիքներն են: Իսկ այդ դեպքում, գովազդատուներն «իրենց փաթեթներում չեն ներառի այլ հեռուստաալիքներ, կամ կգնան տարբեր խորամանկությունների՝ մյուս հեռուստաալիքներով գովազդ տեղադրելու համար»:  

Ռադիոգովազդի շուկա

«Ռադիոները լավ վիճակում չեն, լավ չեն ապրում». ասաց Ենոքյանը՝ բացատրելով, որ ռադիոգովազդի շուկան մեծ չէ և մոտավոր հաշվարկներով կազմում է հեռուստաշուկայի ընդամենը 6,5 տոկոսը (միջին հաշվով՝ ամսական մոտ 7 մլն դրամ յուրաքանչյուր ռադիոալիքի համար և առանց զեղջերի), « այդ պատճառով էլ այն մոնոպոլիզացնելու ջանքեր չեն գործադրվել, … ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ռադիոգովազդի շուկայում գերակշիռ դիրք ունեցող խաղացողներ չկան»:

Զեկույցի հեղինակի եզրակացությունն է, որ ռադիոգովազդի շուկան համեմատաբար անկախ է և մրցակցային:

Առցանց գովազդի շուկա

Զեկույցի հեղինակի կարծիքով, չնայած առցանց գովազդի շուկան բավական դինամիկ զարգացող է, բայցև դրան բնորոշ է այն, որ այս շուկայի «մասնակիցները ֆինանսապես թույլ են, չունեն անհրաժեշտ մարքեթինգային ունակություններ»:

2015թ. «Դի Ջի սեյլս» ընկերությունը սկսել է գնել առցանց որոշ հարթակներում գովազդի տեղադրման բացառիկ իրավունքները և իրեն հայտարարել է սեյլս հաուս: Ընկերությունն, ըստ զեկույցի, այժմ ամենաբարձր վարկանիշ ունեցող լրատվական-վերլուծական կայքերում (news.am, tert.am, lragir.am, panarmenian.net) գովազդի տեղադրման բացառիկ իրավունք ունի:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այս ընկերությունն աստիճանաբար ընդլայնել է առցանց գովազդային շուկայում բյուջեներին տիրապետելու ծավալը՝ 2016թ. հունվարի 28,7 տոկոսից մայիսին այն հասցնելով 41,3 տոկոսի: Վերջին ցուցանիշը, բացատրում է Աղասի Ենոքյանը, «ակնհայտորեն գերիշխող դիրք է համարվում»:

Եզրակացություններ և առաջարկություններ

Բացի շուկայում «գերիշխող դիրք ունեցող խաղացողների» առկայությունը փաստելուց, զեկույցի հեղինակն ամրագրում է, որ հեռուստագովազդի շուկայում առկա է «վստահության պակաս վարկանիշային չափումներ իրականացնող ընկերությունների նկատմամբ», իսկ «գովազդային շուկայի մասնակիցների առկայությունը սահմանափակում է լրատվամիջոցների անկախությունը»:

Աղասի Ենոքյանն առաջարկում է անկախ աուդիտի ենթարկել հեռուստալսարանը չափող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության գործունեությունը՝ մեթոդաբանության տեսանկյունից, ստեղծել միջազգային չափորոշիչներին համապատասխան գովազդային ինդուստրիալ կոմիտե, իրականացնել գովազդային շուկայի հետագա ուսումնասիրություն՝ «ՊանԱրմենիան մեդիա գրուպ», «Ադմոսֆեր Արմենիա» և «Մեդիա ինթերնեշնլ սերվիսիզ» ընկերությունների հնարավոր փոխկապակցվածությունը պարզելու համար: Փոփոխություններ են առաջարկվում Զանգվածային լրատվության, Հեռուստատեսության և ռադիոյի, Գովազդի մասին օրենքներում:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Հայաստանում գովազդային շուկայի հին ու նոր խնդիրները. զեկույց”
  1. Anonymous says:

    Artaqin govazde djvaracelen
    Artaqin govazde djvaracelen usumnasirel?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *