2015.03.07,

vox populi

Կնոջ կերպարը հայաստանյան մեդիայում

Հայաստանի բնակչությունը հեռուստացույց է դիտում օրական միջինը 4 ժամ:

Հեռուստատեսությունը վարքագիծ եւ աշխարհայացք է ձեւավորում` հատկապես դեռահասների եւ երիտասարդների շրջանում:

Մի շարք միջազգային հետազոտություններ ցույց են տալիս, որ ուղղակի կապ կա երիտասարդների ագրեսիվ պահվածքի եւ բռնության տեսարաններով լեցուն հեռուստատեսային եթերի միջեւ: 

Մեդիան կարող է ձեւավորել եւ կոտրել կարծրատիպեր մարդկանց եւ երեւույթների մասին: Շատ կարեւոր է ընկալել ու ճիշտ օգտագործել այն հզոր ազդեցությունը, որ մեդիան ունի մարդկանց մտածելակերպի ձեւավորման գործում: Հատկապես կարեւոր է մեդիայի (գովազդի, ֆիլմերի, լրատվության) ուսուսմնասիրությունը կանանց եւ տղամարդկանց պատկերման տեսակետից:

Այդ ուսումնասիրություններում նշանակություն ունի ամեն մի մանրուք՝ ինչպես եւ ինչ սոցիալական դերերում են պատկերվում կինը կամ տղամարդը, ներառյալ ֆիզիկական դիրքը, հագուստը (կամ հագուստի բացակայությունը), մարմնի լեզուն, ժեստերը, ձայնը, խոսքի բովանդակությունը եւ այլն: 

Կանանց եւ տղամարդկանց դերերի մասին սոցիալական ընկալումները ձեւավորվում են սոցիալականացման ինստիտուտների ազդեցությամբ, ինչպիսիք են ընտանիքը, շրջապատը, դպրոցը: Սոցիալականացման ամենակարեւոր ինստիտուտներից է մեդիան: Այն ազդում է կնոջ մասին ստեղծված հասարակական ընկալումների վրա եւ ցույց տալիս, թե ինչ դերեր են վերագրվում նրան, ու ինչ սպասելիքներ ունենք նրանից:

Երբ ուսումնասիրում ենք մի շարք խնդիրներ մեր երկրում, ինչպես, օրինակ, կանանց ցածր ներգրավվածությունը Ազգային ժողովում եւ կառավարման այլ մակարդակներում կամ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները, փորձում ենք նաեւ հասկանալ, թե այս խնդիրների լուծման ճանապարհին ինչպիսի գործոն է կնոջ դերի ընկալումը: 

Անդրադառնալով կանանց եւ տղամարդկանց անհավասարության հարցերին՝ հետազոտողները, ոլորտի մասնագետները հաճախ նշում են, որ խնդիրը ոչ թե իրավական կամ համակարգային, այլ ավելի շուտ սոցիալական է՝ կապված հասարակության պատկերացումների հետ (ինչ վարք է սպասվում կնոջից կամ տղամարդուց): 

Հաճախ, երբ խոսվում է քաղաքական պաշտոններում սակավաթիվ կանանց մասին, կարելի է լսել «Ինչ-որ «բան» խանգարում է կանանց» արտահայտությունը: Այդ «բանը» կարելի է նկարագրել որպես անվստահություն կամ սոցիալական դերերի ու սպասումների ազդեցություն, ինչը կնոջն ավելի պասիվ հասարակական կամ քաղաքական տեղ է հատկացնում: Այդպիսի պատկերացումների ձեւավորմանը հաճախ նպաստում է մեդիան՝ իր տարբեր տեսակներով: 

Մեդիայի տարբեր ճյուղերի մասին մի քանի հետազոտություններ են արվել Հայաստանում հասարակական կազմակերպությունների, ԵՊՀ-ի եւ անհատ հետազոտողների կողմից: Մասնավորապես, գովազդի, հեռուստասերիալների եւ լուրերի մասին արված հետազոտությունները մի քանի կարեւոր բացահայտում են արել.

  • Հեռուստաեթերը, ինչպես նաեւ տպագիր մամուլը՝ ամսագրերը, թերթերը ներկայացնում են կնոջ միակողմանի կերպար: Հիմնականում տեսնում ենք տնային տնտեսուհու, զոհի կամ գեղեցության ու հրապուրանքի օբյեկտի տիպար: Չենք տեսնում կնոջ բազմազան կերպարներ, երբ կինը տարբեր մասնագիտությունների տեր է, զբաղված է ակտիվ գործունեությամբ:

    Ամսագրային եւ հեռուստատեսային գովազդներում հազվադեպ են հանդիպում աշխատանքային միջավայրում պատկերված կանայք, փոխարենը նրանք հիմնականում պատկերված են գնումներ կատարելիս, մաքրությամբ զբաղվելիս կամ զվարճանալիս:

    Կանանց այս կերպարով ներկայացնելով` գովազդները շեշտը դնում են միայն կնոջ արտաքինի ու սեռականության վրա` անտեսելով մարդկային ամբողջականությունը եւ կնոջ հասարակական դերերի ու միջավայրերի բազմազանությունը: Կարելի է ասել, որ այդպիսով կինը հավասարեցվում է իրի, առարկայի, որի հիմնական նշանակությունը միայն նրա արտաքին տեսքն է, մարմնի գեղեցկությունը:

Գովազդներում պատկերված կանանց միայն 6%-ն է ներկայացված աշխատանքային միջավայրում:

Կանանց պատկերումն ամսագրային գովազդներում `ըստ «ավանդական գովազդային դերեր» ցուցանիշի

 

Կանանց պատկերումն ամսագրային գովազդներում` ըստ «մասնագիտական միջավայր» ցուցանիշի

  • Տարածված երեւույթ է մեդիայում կնոջ հանդեպ բռնություն պատկերելը: Այս առումով, իհարկե, սերիալները մի քանի անգամ գերազանցում են մեդիայի մյուս տեսակներին: Խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեբանական եւ բանավոր բռնության մասին է: 

    Ընդ որում՝ բռնակալ պահվածքը բնորոշ է ինչպես դրական, այնպես էլ բացասական հերոսներին: Բռնություն կիրառվում է թե՛ ընտանիքի անդամների, թե՛ անծանոթների, թե՛ նույն սեռի կամ տարբեր սեռի մարդկանց կողմից: 
     

  • Գովազդներում հանդիպող մեկ այլ կարեւոր խնդիր է կնոջը տղամարդկանցից կախյալ վիճակում ցուցադրելը: Որակական վերլուծությունը ցույց է տալիս, որ կանայք հաճախ պատկերվում են որպես թույլ, վախեցած, սենտիմենտալ եւ էմոցիոնալ էակներ` ի հակադրություն ինքնավստահ, հաջողակ, լուրջ ու ուժեղ տղամարդկանց: 

    Կանանց պատկերում են տղամարդկանց պաշտպանության կարիք ունեցողի կարգավիճակում կամ էլ որպես տղամարդկանց աշխարհի, «ունեցվածքի» մի մաս, որի գործառույթը վերջիններիս ցանկությունները բավարարելն ու նրանց մասին հոգ տանելն է: Ուժի այս հարաբերակցությունը երեւում է ձայնից, մարմնի լեզվից, ֆիզիկական վիճակներից:

    Հետազոտված հեռուստատեսային գովազդների 81%-ում, որպես հեղինակի ձայն, օգտագործվել է տղամարդու ձայնը, մինչդեռ կին գլխավոր կերպարների 81%-ը գովազդի ընթացքում ընդհանրապես չի խոսում:

    Սա նշանակում է, որ հեռուստատեսային գովազդներում կանայք հիմնականում ցուցադրվում են որպես «պատկերներ», «նկարներ», որոնք կարծես ոչինչ չունեն ասելու, զուրկ են կարծիքից եւ ձայնից: Միաժամանակ տղամարդն է, որը կարծես միշտ «ասողի», որոշողի, ճիշտը հուշողի դերում է հանդես գալիս:

  • Լրատվության դեպքում կանանց քիչ տեղ է հատկացվում՝ լրահոսի ընդամենը 10%-ը: Մեդիայի ուշադրությանն են արժանանում հատկապես հայտնի կանայք: Հետազոտությունները փաստում են, որ մեդիա անձինք պատգամավոր ու մարզիկ կանայք են: Իսկ մարզիկ կանանց շարքում առաջնային դիրքերում ծանրամարտիկներն են:

Ստեղծված իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է մեդիայում կանանց ավելի բազմազան պատկերում՝ տարիքի, արտաքին տեսքի, գործունեության եւ այլ տեսանկյունից: Սերիալներում, օրինակ, ուժեղ, երջանիկ, ապահով, աշխատանք ունեցող (մենեջեր, երաժիշտ, վերլուծաբան եւ այլն) կանանց կերպարների պակաս կա: Գովազդում հարկավոր է պատկերել աշխատանքային միջավայրում գտնվող կանանց, օրինակ՝ գրասենյակում աշխատելիս՝ խոհանոցի կամ գեղեցկության սրահի փոխարեն: 

Կին փորձագետները քիչ են ներգրավված լրատվական եթերում: Հաղորդումներում, զրույցներում, լուրերում կին փորձագետների ավելի ակտիվ ընդգրկումը կնպաստի, որ հասարակությունը կնոջն ընկալի որպես գիտակ, մասնագետ, պրոֆեսիոնալ: Մեդիայի ազդեցությունը օգտագործելով եւ խրախուսելով կանանց ընգրկումը կառավարման ու տնտեսության ոլորտներում՝ հնարավոր կդառնա լիարժեք օգտագործել կնոջ եւ հասարակության ներուժը: 

Վերոնշյալ դրական փոփոխությանը հասնելու համար անհրաժեշտ է աշխատել միաժամանակ մի քանի ուղղություններով. մեդիայի հանդեպ հանրային պահանջ ձեւավորել եւ օգնել մեդիա ոլորտի մասնագետներին տեսնել իրենց իսկ ստեղծած պատկերների ազդեցությունը հասարակության վրա: 

Հասարակության պահանջարկը ենթադրում է գրագետ մեդիա սպառողների առկայություն, որոնք ունակ են տեսնել եւ գնահատել մեդիայի որակը եւ քննադատաբար մոտենալ վերջինիս կողմից ներկայացվող կարծրատիպերին: Տարբեր երկրներում արդյունավետ քայլ է մեդիա գրագիտության դասավանդումը, օրինակ, դպրոցներում, որպեսզի երեխաները՝ ապագա մեծահասակները, ունենան վերլուծական վերաբերմունք մեդիայի նկատմամբ: 

Կանանց եւ տղամարդկանց ավելի բազմակողմանի դերերը պատկերող նյութերի պատրաստումը եւ տարածումը մեդիայում խրախուսելու ուղղությամբ որոշ քայլեր են արվում (օրինակ՝ «Նա/Նե» մրցանակաբաշխությունը կամ ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպվող լրագրողական մրցույթը): Անհրաժեշտ է շարունակել աշխատել լրագրողների հետ` նրանց ներգրավելով մեդիայի ազդեցության շուրջ հետազոտությունների քննարկումներում եւ դասընթացներում:  

Ցանկալի է իրազեկել ոլորտը կարգավորող օրենքների մասին: Մասնավորապես, «Գովազդի մասին» օրենքի 8-րդ հոդվածի մասին, որը սահմանում է գովազդի պատշաճությունը:

Հարկավոր է նաեւ խթանել հեռուստաեթերը ու գովազդային դաշտը կարգավորող մարմինների ու հանձնաժողովների ակտիվ գործունեությունը` ոլորտի խնդիրներին ուղղված լուծումներ գտնելու համար:

Լիլիթ Գրիգորյան
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ, ծրագրի օգնական,
«Կնոջ կերպարը հայաստանյան գովազդում» հետազոտության համահեղինակ

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *