«Թուրքիային առնչվող գործընթացների լուսաբանման պահանջարկ կա»

19.12.2014, Խաչմերուկ

Վերջին տարիների ընթացքում Թուրքիայի եւ թուրքական իրականության ներկայացումը Հայաստանում բավական փոխվել է, եւ դրան նպաստել է նաեւ հայաստանյան լրատվական կայքերի առատությունը:

Հայաստանյան առաջատար կայքերն ունեն թուրքագետ աշխատակիցներ, նույնիսկ թուրքերեն բաժիններ, որոնց շնորհիվ ապահովվում է ինֆորմացիայի ելքը դեպի թուրքական լսարան: Հեռարձակվող լրատվամիջոցները եւս բավական հաճախ կրկնվող պարբերականությամբ անդրադառնում են Թուրքիային առնչվող իրադարձություններին, կազմակերպում ծրագրային շարքեր, ֆիլմաշարեր, ներկայացնում Արեւմտյան Հայաստանը, Ստամբուլից հեռարձակում լուրեր եւ այլն:

Հայաստանի Հանրային ռադիոն եւ հեռուստաընկերությունն ավելի մասնագիտացած են, քանի որ Թուրքիայի լուսաբանման հարցում տասնամյակների փորձ ունեն: Սոցիալական մեդիայում կա թուրքագիտական բլոգ, որը պարբերաբար ներկայացնում է, թե ինչ է իրականում տեղի ունենում Թուրքիայում: Այս ամենը մասնագիտական շրջանակների համար բավական օգտակար է:

Հայաստանյան մեդիայում Թուրքիան հնարավորինս բազմակողմանի է ներկայացվում, որովհետեւ վերջին շրջանում մենք ավելի լավ ենք ճանաչում Թուրքիան, քան տարիներ առաջ: Այսօր բազմազանեցվել է թեմատիկ ընդգրկումը. նախկին ավանդական թեմաների հետ միասին այսօր հայաստանյան մեդիան անդրադառնում է

«Հարկավոր է համակարգված աշխատաոճ ունենալ թուրքական լրատվամիջոցների հետ համագործակցելու եւ նրանց հրապարակած նյութերը մշակելու եւ հանրությանը ներկայացնելու առումով»

Թուրքիայում հայկական ինքնության վերելքի, կրոնափոխ հայերի եւ հայ-քրդական հարաբերությունների խնդիրներին:

Առհասարակ հայաստանյան մամուլը, հատկապես ինտերնետայինը, բավական ազատ է Թուրքիայի լուսաբանման գործում. մեդիայում տարբեր վերաբերմունք կարելի է տեսնել թե՛ Թուրքիայի, թե՛ Թուրքիայի ուղղությամբ հայկական ցանկացած նախաձեռնության նկատմամբ:

Ամենավառ օրինակը ՄԱԿ-ում հանրապետության նախագահի ելույթն էր` հայտնի արտահայտություններով, եւ դրա շուրջ ամենատարբեր քննարկումները: Եղան թե՛ քննադատություններ, թե՛ ոգեւորված խոսքեր «գրողի ծոցի» հետ կապված: Դժվար է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե միաձեւ, միատարր մտածելակերպ լիներ. այստեղ ոչ մի նոր միտք չէր ծնվի:

Միեւնույն ժամանակ, Հասան Ջեմալի հետ կապված վերջին զարգացումները ցույց տվեցին, որ կոնֆլիկտային ու ոչ միանշանակ իրավիճակներում լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը փորձում է հանդես գալ հայաստանակենտրոնության եւ անգամ ազգայնականության դիրքերից, որն, անշուշտ, բացատրելի է, սակայն մասնագիտական անաչառության առումով՝ խնդրահարույց:

Թուրքիան օբյեկտիվորեն ներկայացնելուն զուգահեռ հայաստանյան մեդիան հաճախ նաեւ ապատեղեկատվություն է տարածում: Երբ թուրքական մամուլում հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ինչ-որ լուր է հայտնվում, հայկական մամուլը՝ հատկապես կայքերը, կայծակնային արագությամբ սկսում են շրջանառել այն` առանց փորձելու խորամուխ լինել այդ ինֆորմացիայի հավաստիության մեջ:

Երբ ավելի վաղ այս տարի «Taraf»-ը լուր տարածեց, թե Էրդողանն իբրեւ կարգադրել է, որպեսզի մինչեւ սեպտեմբեր սահմանները բացվեն, հայկական ամբողջ լրատվադաշտը լծված էր այդ լուրը շրջանառելու գործին: Այդ լուրը, սակայն, անմիջապես հերքվեց: Նման դեպքերը բազմաթիվ են:

«Հայաստանյան մամուլը բավական ազատ է Թուրքիայի լուսաբանման գործում. մեդիայում տարբեր վերաբերմունք կարելի է տեսնել թե՛ Թուրքիայի, թե՛ Թուրքիայի ուղղությամբ հայկական ցանկացած նախաձեռնության նկատմամբ»

Սա ցույց է տալիս, որ Հայաստանին հարկավոր է համակարգված աշխատաոճ ունենալ թուրքական լրատվամիջոցների հետ համագործակցելու եւ նրանց հրապարակած նյութերը մշակելու եւ հանրությանը ներկայացնելու առումով:

Սա ցույց է տալիս նաեւ, որ Հայաստանն ակնկալիքներ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից, եւ Թուրքիային առնչվող գործընթացների լուսաբանման պահանջարկ կա:

Թուրքիայում այդպես չէ. հայկական խնդիրը Թուրքիայի համար ամենեւին էլ կարեւորագույն հարցերից չէ: Իհարկե, Թուրքիայի մամուլում էլ վերջին տարիներին շատ բան է փոխվել. օրինակ` եթե առաջ ցեղասպանություն բառը գրում էին չակերտներում, ապա այս տասը տարիների ընթացքում այդ չակերնտերը վերացել են (թեեւ դա եղել է հատուկ հանձնարարական երկրի ղեկավարության կողմից):

Սակայն թուրքական մեդիայում հայկական թեման չի գերիշխում: Ընդհանրապես թուրքական քաղաքական օրակարգում հայկական հարցը առաջնային հարցերի թվին չի պատկանում ու երբեք էլ չի պատկանել: Կարելի է ասել, որ այն ունի օրացույցային բնույթ եւ առավելապես ակտիվանում է յուրաքանչյուր տարվա ապրիլին կամ ինչ-որ քաղաքական նախաձեռնության առիթով:

Եվ 2015 թվականն այդ առումով գուցե լինի բացառություն: 2015 թվականին կտեսնենք հետաքրքրության եւ թեմատիկ քննարկումների աճ թե’ Հայաստանում, թե’ Թուրքիայում, եւ թե’ աշխարհի հայահոծ հատվածներում:

Վահրամ Տեր-Մաթեւոսյան
պատմաբան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?