2015.05.14,

Մեդիագլոբ

Լրատվական հեռուստաալիքների ապագան

Սեմինարի զեկույց

Արբանյակային լրատվական հեռուստաալիքները 1980-ականներին կարեւորագույն դեր կատարեցին 24-ժամյա լրահոսի զարգացման գործում՝ ուղիղ եթերով հեռարձակելու եւ լուրը մրցակիցներից շուտ հաղորդելու միջոցով ձեւավորելով լրատվական մեդիա միջավայրը:

Սակայն BBC-ի համաշխարհային լրատվության նախկին տնօրեն Ռիչարդ Սեմբրուքը պնդում է, որ ներկայում ինովացիոն տեխնոլոգիաների միջոցով լուրերի սպառման մեթոդները գրավել են արբանյակային հեռուստատեսությունը, իսկ հեռուստաալիքները հապաղել են ընդունել բովանդակության հավաքագրման եւ տարածման այս փոփոխությունը որպես երիտասարդ հեռուստադիտողներին ներգրավելու կարեւոր գործոն:

Հաշվի առնելով, որ հեռուստատեսությունն ու ռադիոն օրեցօր զիջում են իրենց հանդիսատեսին թվային հեռուստաընկերությանը եւ համացանցին` նա կասկած է հայտնում, որ թվային լուրերի հավաքագրումը կհանգեցնի հեռարձակման «նոր հեծանիվ հորինելուն»՝ հեռուստալրահոսը ինտերնետում ինտեգրելուն, ինչպես դա արել է, օրինակ, Reuters TV-ն: Սեմբրուքը նշում է, որ հրատապ լուրերի շուկան այլեւս եզակի չէ եւ մասամբ փոխարինվել է Twitter-ով եւ Facebook-ով, որտեղ լսարանը ստանում եւ տարածում է տեղեկատվությունը:

Երբ BBC-ի լրագրողը «Սուրբ Մերի» հիվանդանոցի մոտ Քեմբրիջի դքսուհու ծննդաբերությանը սպասելիս ուղիղ եթերում ասում է՝ «Սպասեք նոր լուրերի: Թեեւ դրանցից ոչ մեկն էլ նորություն չէ, բայց դա չի կարող կանգնեցնել մեզ», ակամայից հիշում ես, որ լուրը պետք է լինի լուր: Խեղաթյուրված խմբագրական դատողությունները, թե լրագրողը պետք է ուղիղ եթեր դուրս գա, որովհետեւ պետք է եթերաժամանակ լցնի եւ ոչ թե որովհետեւ պատմությունը արժանի է լուսաբանման, կարող են վանել լսարանին: Սեմբրուքը խորհուրդ է տալիս վերագնահատել «հրատապ լուր» հասկացությունը եւ ավելի հետաքրքիր բովանդակություն ստեղծել եթերաժամանակը լցնելու համար: Բացի այդ՝  նա գտնում է, որ ձեւաչափերը եւս պետք է փոխվեն, քանի որ լսարանը խորաթափանց է եւ էքսպերիմենտալ:

Սեմբրուքի խոսքով՝ լուրերն, այնուամենայնիվ, կարիք ունեն ստուգման, վերլուծման եւ համատեքստով ներկայացման: Նա նշում է, որ

  • սպառողների 85%-ի համար հեռուստատեսությունը շարունակում է մնալ նորությունների հիմնական եւ գլխավոր աղբյուր
  • հավաստի լրատվամիջոցները դեռեւս կարեւոր են
  • շարունակում են նոր լրատվական ալիքներ հեռարձակվել, ինչը վկայում է Եվրոպայում դրա պահանջարկի մասին
  • առաջիկա 5-7 տարիների ընթացքում գովազդի վերականգնման շնորհիվ տարածաշրջանում հեռուստատեսության եկամուտները կաճեն ավելի քան 5%-ով:

Սա դրական կողմն է: Բացասական կողմն այն է, որ սպառողները շարունակելու են տարբեր աղբյուրներ օգտագործել՝ ինֆորմացիա հավաքելու եւ այն օնլայն տարածելու համար: Ժողովրդագրական խնդիր էլ կա. հեռուստատեսությունը պետք է իր ապագան գտնի իր լսարանում, սակայն լրատվության սպառողներն ավելի արագ են ծերանում, քան այլ ժանրերի լսարանները:

Սեմբրուքը նշում է նաեւ նյուզրումերի ինքնության ճգնաժամը Միացյալ Թագավորությունում եւ ԱՄՆ-ում: Տեխնոլոգիան փոխում է սպառողի վարքագիծը՝ թույլ տալով նորեկներին, ինչպիսիք են, օրինակ, Vice News-ն ու BuzzFeed-ը, գրավել լսարանի շուկայի զգալի մասը, մասնավորապես՝ թաբլեթների եւ բջջային հեռախոսների միջոցով վիդեոի դիտելիության մասով: Նրանց հաջողվել է նաեւ բավականաչափ ռեսուրս գեներացնել՝ արտասահմանյան թղթակիցներին աշխատանքի վերցնելու համար, որոնք լուրջ միջազգային լուրեր են լուսաբանում՝ դրանք ներկայացնելով արագ, ճկուն եւ համարձակ:

Սեմբրուքը կարեւոր հարցեր է բարձրացնում ապագայի համար՝

  • քանի որ շուկայում կրճատվում են խորքային (մանրամասն) լրատվության փաթեթները, նյուզրումերը պետք է մրցակցեն ինտերնետային բովանդակությամբ (թեեւ այն ոչ միշտ է օրիգինալ)
  • հեռուստատեսային լսարան պահելը կախված կլինի, թե հետագայում ինչպես կինտեգրվեն հեռարձակվող լուրերն ու վեբը
  • բազմահարթակ on-demand լուրերը կզարգանան 5 տարում, սակայն սա դեռեւս չուսումնասիրված ոլորտ է:

Սեմբրուքն իր ելույթը եզրափակեց հետեւյալ խոսքով՝ «Տեխնոլոգիան սպառողին հնարավորություն է տալիս ընտրություն կատարել իրեն ներկայացված արտադրանքից»:

Ռիչարդ Սեմբրուքը լրագրության պրոֆեսոր է եւ Քարդիֆի համալսարանի Լրագրության կենտրոնի տնօրենը:

Բնօրինակը հրապարակվել է Reuters-ում
Հեղինակ՝ Ռազեսթա Սեթնա

Թարգմանությունը՝ Մանե Խաչիբաբյանի


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *