Հեռուստաընկերությունների վերջին պատվարը մարզերն ու գործազուրկներն են

29.07.2011, Քննադատ

Առցանց «Առավոտի» խմբագիր

Մեկի համար, որն, ինչպես եւ ես, վաղուց արդեն շատ քիչ է հեռուստացույց դիտում, ավելի ստույգ` դիտում է միայն կինոնկարներ, իսկ մնացածը գտնում է համացանցում, իսկական հայտնություն կլինի «Լրատվամիջոցների վերաբերյալ Հայաստանի բնակչության կարծիքների և նախընտրությունների հետազոտություն 2011»-ը, որն անցկացրել են «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-ՀԱՅԱՍՏԱՆ»-ը եւ «Եվրասիա համագործակցություն հիմնադրամը»:

Այսպես պարզեցի, որ հարցման մասնակիցների 76 տոկոսը անցած մեկ տարում դիտել է միայն ու բացառապես հեռուստատեսություն: Ընդ որում ընտրանքային մասնակից 1420 հոգուց, որոնք բոլոր մարզերի բնակիչներ են` 25 տոկոսը հեռուստացույց է դիտում օրը միջին հաշվով 3-5 ժամ, 23 տոկոսը` 5-7 ժամ: Եվ 90 տոկոսի համար հենց հեռուստատեսությունն է մնում ընթացիկ իրադարձությունների եւ նորությունների մասին տեղեկատվության ամենակարեւոր աղբյուրը:

Այլ հարց է, որ ամենաքիչը հենց Երեւանում են հետեւում կապույտ եթերին` մոտ 3.8 ժամ: Բնականաբար, որտեղ զարգացած է համացանցը, ի՞նչ կարիք կա դառնալ հեռուստացույցի հաղորդացանցի գերին: «Երկիր Մեդիան», «Ուրվագիծ» կամ «Տեսանկյուն» հաղորդաշարերը, շատ այլ հեռուստաընկերություններ ու հաղորդումներ վաղուց արդեն իրենց ծրագրերը տեղադրում են համացանցում, ու ենթադրելի է, որ իմ պես, այլ երեւանցիներ էլ են նախընտրում դիտման այդ ձեւը: Հեռուստաընկերությունները մնացել են դիտարժան մարզերում` հատկապես Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում, որտեղ ստացվել են հարցման ամենաբարձր ցուցանիշները` օրը 4.4 ժամ: Եվ թույլ տանք ենթադրել, որ Հայաստանում համացանցի զարգացմամբ ու մարզերում տարածվածությամբ` էլի կնվազի այս ցուցանիշը:

Հետազոտության այլ տվյալներից պարզվում է, որ ամենաշատը հեռուստացույց են դիտում գործազուրկները, որոնց 11 տոկոսը հեռակառավարման վահանակը ձեռքին են անցկացնում 12 ժամ եւ ավելի, այսինքն` գրեթե արթուն ամբողջ ժամանակը, 14 տոկոսը` 9-12 ժամ, ու նույնքան 14 տոկոս էլ` 7‐9 ժամ: Ստեղծվեն աշխատատեղեր` հեռուստաընկերությունները կկորցնեն իրենց առավել անդավաճան լսարանի «վերջին բաստիոնը»:

Մեկ այլ զարմանալի տվյալ. չնայած հեռուստալսարանի չափումներ անցկացնող զանազան ընկերությունների հրապարակած

108վարկանիշներով առաջին տեղում մշտապես «Արմենիա» ու «Շանթ» հեռուստաընկերություններն են` այս հետազոտությամբ դիտման հաճախելիությամբ առաջին տեղում է հայտնվել «Հ1»-ը` 77 տոկոս: Ենթադրելի է, թե պատճառն այն է, որ հարցման այս արդյունքները սերտորեն փոխկապակցված են հեռուստաընկերության մատչելիության հետ, իսկ «Հ1»-ն այս կապակցությամբ հավասարը չունի` մատչելիությունը 98 տոկոս է:

Այլ հարց է, որ այսքան դիտելով հեռուստացույց եւ այն համարելով ընթացիկ իրադարձությունների եւ նորությունների մասին տեղեկատվության ամենակարեւոր աղբյուրը` հարցման մասնակիցների 45 տոկոսն, այնուամենայնիվ, ավելի շուտ հարեւաններին, ընկերներին եւ ազգականներին են վստահում, քան տեղական հեռուստաալիքներին, որոնց վստահում է 42 տոկոսը: Եվ 35 տոկոսը «համաձայն չեմ» պատասխանն է ընտրել այն հարցին, թե որքանո՞վ են համաձայն, որ հեռուստատեսությունը օբյեկտիվ է լուսաբանում իրադարձությունները: Մեկ այլ տվյալ ցույց է տալիս, որ համազգային հեռուստաալիքներին ամենաշատն են կախյալ համարում կառավարության եւ/կամ գործարար ոլորտի վերահսկողությունից:

Եվս մի խորհրդածության համար արժանի տեղեկատվություն` որքան էլ մեր հեռուստաընկերությունները եթերը հագեցնում են սերիալներով ու ժամանցային հաղորդումներով` ենթադրելով, թե հեռուստադիտողներին հենց միայն այդ էլ հետաքրքրում է, այս հարցման համաձայն` ամենամեծ տոկոսը` 45-ը, պատասխանել է, թե առավել հաճախ դիտում է լուրեր` մեկնաբանություններով:

Բայց մեկ է` հետաքրքիր ժողովուրդ ենք, չենք վստահում, օբյեկտիվ չենք համարում, բայց դիտում ենք: Թերեւս` առայժմ այլընտրանքի դժվարամատչելիության պատճառով:

Աննա Իսրայելյան 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?