«Եթերային մենյուն անփոփոխ է»

13.09.2011, vox populi

Հայկական հեռուստաեթերի բացերի ու թերի կողմերի մասին խոսում են միշտ ու ամենուր: Ամենաքննադատվողն ու սեւ փիառի պակաս չունեցողները հայկական եթերի «գոհարներն» են՝ սերիալները՝ տեղի-անտեղի ծեծված ու մրված, միաժամանակ ամենաերկարակյացն ու պնդաճակատը:

Եթերը նման է մեր օրվա գրաֆիկին. առավոտյան նախաճաշ՝ առավոտյան ծրագրեր, ճաշ՝ հումորային ծրագրեր, իսկ երեկոյան ամենասպասվածը՝ ընթրիք՝  լացակումած սերիալներ: Եթերում ամեն ինչ դասակարգված է, իսկ մենյուն անփոփոխ՝ անկախ դիտողի նախասիրություններից: Եվ այսպես, առավոտյան նախաճաշը «Բարի լույս»-երի շղթան է. մատուցվում է 9:30-ից (սա չարյաց փոքրագույնն է) 10:30-նն ընկած ժամանակահատվածում: Քնաթաթախ ու քնահարամ եղած մատուցողները կամ հեռուստահաղորդավարներից շատերն ունեն մի բաժակ սուրճի ու իրենց արթնացնողի կարիք, մինչդեռ նրանց է վերապահված արթնացնելը: Ու՞մ արթնացնել, երբ աշխատանքը սկսվում է 8:00-ից մինչեւ 9:00-ն ընկած ժամանակահատվածում. թերեւս միայն թոշակառու տատիկ-պապիկներին ու նրանց ամենփոքրիկ թոռնիկներին: «Ո՞ր թիրախային խմբի համար են աշխատում առավոտյան ծրագրերը» հարցին վերջիններս կտան «բոլորի ու հատկապես տնային տնտեսուհիների համար» պատասխանը: Այդ դեպքում մի փոքր վաղ արթնանալն ու աշխատանքը սկսելը չէր խանգարի, չէ՞ որ վերջիններս վաղ են արթնանանում ու աշխատանքի կամ դասի ճանապարհում տան անդամներին: Ստացվում է, որ առավոտյան «բարի լույսերը» ոչ այնքան արթնացնող ու առավոտը լցնող են, որքան պարզապես եթերաժամ սպառող:

Իսկ հիմա հասկանանք նախաճաշի բաղադրությունն ու բովանդակությունը: Ներկայացնեմ բոլոր ուտեստներն ու դրանց բաղադրությունը: Հանրային թեյ առանց ջրի ու շաքարի. հանրային հեռուստաընկերությունն արդեն մի քանի տարի է, չունի առավոտյան ծրագիր, ինչն, ըստ իս, մեծ բաց է, քանզի, լինելով հանրային ու առաջին ալիք, պարտավոր է ունենալ ամենատարբեր ու որակ թելադրող հաղորդումներ: Հաջորդը տնական ձվածեղն է, մատուցողներն էլ՝ «Արմենիա TV»-ի հաղորդավար Ֆելիքս Խաչատրյանն իր յուրահատուկ, բայց հասարակ մահկանացուների համար անհասանելի հումորով, Հասմիկ Կարապետյանը, Քրիստինե Պեպելյանն ու Ավետ Բարսեղյանն են: Հենց այստեղ է, որ չկան գծված սահմաններ՝ խոսում են, ինչ ուզում են, ում հետ ուզում են, ու թե դրանից ինչ կհասկանա հեռուստադիտողը, քիչ է հետաքրքրում, իսկ ինտելեկտն ու ուսուցողական մասը բաց է ու թերի:

Ցավոք, եթերային մենյուում կա նաեւ ռուսական, բայց հայկականացված բորշչ: «Շանթ» հեռուստաընկերության եթերում ժամանակին առավոտը շատ թեժ, միաժամանակ տեղեկատվական էր: Իսկ շաբաթվա վերջում բում էին անում 4 տարբեր, բայց մի տեղում հայտնված  կանայք. մեկ տղամարդ հյուր ու իրար հերթ չտվող կանայք, խեղճ հեռուստադիտող, դե արի ու մի բան ընկալիր:

Վերջում ազգային ու հայկական ճաշատեսակ, բայց ծանր մարսողության համար: Երկիր Մեդիան փայլում է իր առավոտյան ծրագրով`կիրթ ու հայերեն, տարատեսակ ռեպորտաժներ: Բայց առավոտյան ծրագրի հատուկ դրայվն ու դինամիկան պակասում են: Համեմատության կարգով այս տարբերակը ամենահարմարն է, սակայն պասուց տոլման տարողունակ է, բայց ոչ առավոտյան ուտելու համար:

Մենյուի մյուս ճաշատեսակներին ծանոթանալիս մի մոռացեք ստուգել պիտանելիության ժամկետը՝ հին ու անորակ սննդից չթունավորվելու համար:

Գուրգեն Ալեքյան
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստաժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող

Դպրոցը՝ Վահան Թեքեյանի անվան N 92 դպրոց
Համալսարանը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Սիրելի գիրք՝ Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենությունը»
Սիրելի երաժշտությունը՝ ջազ, ռոք, դասական
Սիրելի սպորտաձեւը՝ բասկետբոլ
Սիրելի արտահայտությունը՝ «Սիրում եմ ֆեյսբուքիս պատը, բայց ոչ պատ մարդկանց»

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?