«Եթե լրջորեն չենք լուսաբանում փոփոխությունները, նպաստում ենք քարացած վիճակի շարունակությանը»

08.06.2016, vox populi

Կառավարության առաջարկած ռեֆորմների լուսաբանումը մեդիայում ավելի շուտ նման է ռեֆորմների գովազդի, ոչ թե իրական լուսաբանման: Պատճառներից մեկն այն է, որ լրագրողների համար դա գրավիչ ոլորտ չէ: Շատ լրագրողներ գերադասում են գնալ խորհրդարան կամ կառավարություն, վազել տարբեր պաշտոնյաների հետևից, մի բան իմանալ և արագ որևէ լուր գրել:

Լուրջ և հետևողական լուսաբանման պակասը մեր մամուլի առաջնային խնդիրներից է: Նկատելի է, որ շատ լրագրողներ չեն փորձում ոլորտն ուսումնասիրել ու հետաքննել տեղի ունեցող փոփոխությունները: Իսկ նրանք, ովքեր գրում են ռեֆորմների մասին, մեծ մասամբ սղագրում են այս կամ այն պաշտոնյայի ասածները, որտեղ քննադատական հայացք չես գտնի:

Ի վերջո, պետք է գնալ մարզեր՝ տեսնելու համար, թե իրականում ինչ ձևավորվեց ռեֆորմից հետո, ինչ փոխվեց և ինչպիսի խնդիրներ ծագեցին:

Երբ մենք դա չենք անում, փաստացի նպաստում ենք ներկայիս քարացած վիճակի շարունակությանը:

Ես ինքս բավականին ինտենսիվ զբաղվել եմ ռեֆորմներով, որոշ բարեփոխումներ արվել են նաև իմ առաջարկների հիման վրա:

Տեղական ինքնակառավարման ոլորտում ներդրվեց թափանցիկ և հրապարակային կառավարումը, մինչ այդ ոչ մի համայնք չուներ իր կայքը, ու որևէ մեկի մտքով չէր անցնում, որ ՏԻՄ մարմինների գործունեությունը պետք է թափանցիկ և հաշվետվողական լինի:

Հայտնի չէր, թե ինչպես են դրանք կայանալու՝ վարչարարության բարելավման, օրենքների փոփոխման, հրապարակայնության առումով:

Հիմա համամասնության կարգով տարբեր գյուղերից ավագանիներ ընտրվեցին: Օրինակ՝ Տաթևի համայնքում Շինուհար գյուղից հինգ-վեց մարդ ընտրվեց, ինչը նշանակում է, որ նրանք կարող են ցանկացած հարցում լուրջ հակակշիռ լինել (եթե, իհարկե, ուզեն): Համենայնդեպս, ավագանու ինստիտուտը կայացնելու լավ նախադրյալ է ստեղծվել, քանի որ շահերի բախումներն են նպաստում զարգացմանը:

Բայց ձևական աշխատողներին կրճատելու, ծառայություններ մատուցելու ու նոր մոտեցումներով կառավարելու իմաստով, դեռ ոչինչ չի արվել: Եթե ամեն ինչ պետք է մնա հին ձևով, խոշորացնելու կամ չխոշորացնելու իմաստը կորում է:

Այս պահի դրությամբ բազմաթիվ խնդիրների կողքին լուծված չեն պարզագույն հարցերը, օրինակ, գույքի ընդունումն ու հանձնումը: Պարզապես ստեղծվել է ընդհանուր վարչական մարմին և վերջ:

Համենայնդեպս, մեր երազածը դա չի եղել: Հույս ունենանք, որ նոր ձևավորվող 14 համայքներում, տեղի ունեցող միավորումը արհեստական չի լինի:

Ռեֆորմների էությունը բացատրող նախնական հանդիպումներում շատ էին խոստումներն ու լավ կյանքի քարոզչությունը: Բայց դա չէր գործում. գյուղերում մարդիկ այնքան բան են տեսել, որ խոսքերից չեն շոյվում ու գայթակղվում: Համայնքների խոշորացման տեղական հանրաքվեն էլ արվեց այնպես, ինչպես արվում են Հայաստանի բոլոր ընտրությունները:

Տեսնում ենք, որ պահպանվել է այն վարչական ապարատը, որը կար նախկինում: Նոմենկլատուրային համակարգը, որը բաղկացած էր համայնքի ղեկավարների ազգուտակից, նույն կերպ էլ գործում է: Պարզ է, որ եթե համայնքների ղեկավարները 20 տարի զբաղեցրել են այդ պաշտոններն ու բյուջե ձևավորելն իրենց համար ձևական բնույթ է կրել, ապա շարունակելու են աշխատել նույն ոճով:

Մի քանի համայքներ կան, որոնք հրաշալի կառավարում ունեն, և ցանկալի է այդ մասին պատմել լրատվական դաշտում:

Զարմանալի է, բայց տասը տարի առաջ մեր մամուլը զգալիորեն ավելի առաջադեմ էր, քան իշխանության բոլոր ճյուղերը: Այն ավելի ազատ էր, ազդեցիկ և զարգացած, իսկ հիմա վարչարարական համակարգը՝ չինովնիկները, լրատվադաշտը հավասարեցրին իրենց մակարդակին:

Լրատվական դաշտը աղտոտվեց. ամեն օր ստեղծվում էին լրատվական կայքեր, շրջանառվության մեջ էին դրվում կեղծ տեղեկությունները: Եվ դրանով դաշտը վարկաբեկեցին ու անլրջացրին՝ հասցնելով նրան, որ հիմա մատների վրա կարելի է հաշվել այն լրագրողներին, որոնք հարգում են իրենց մասնագիտությունն ու սեփական ազգանունը, որով ստորագրում են:

Շատ ցավալի է... Նույնն էլ տեղի ունեցավ մարզերում: Ժամանակին մենք ակտիվ աշխատում էինք մարզային լրագրողների հետ, ձևավորում էինք լրագրողական խմբեր, որոնք հստակ ընկալում էին, որ փոփոխություններն իրենց բնակավայրերում նաև իրենցից են կախված: Նրանց ասելիքը տեղ էր հասնում ու արդյունք ունենում:

Ցավոք, վերջին երկու տարիներին մարզային լրագրողների ներդրումը նվազեց, շատերը մեկուսացան, դադարեցին լուսաբանել խնդիրները: Նաև տուրք տվեցին կոնյուկտուրային՝ չուզենալով որևէ մեկի կողմից թիրախավորվել կամ քննադատվել: Ոմանք էլ անթաքույց մերձեցան իշխանությունների հետ:

Լրագրողական հետաքննության հաղթանակի մի օրինակ էր Գառնիի դեպքերը: Բայց դա ավելի շուտ բացառություն էր: Գառնին իմ ծննդավայրն է, և ես հետևողականորեն լուսաբանում էի ամբողջ պրոցեսը. փաստեր էի փնտրում, մասնագետների հետ էի հանդիպում՝ փորձելով հասկանալ ծրագրի էությունը:

Հաղթանակը տեղի ունեցավ նաև այն բանի շնորհիվ, որ հարցը հաջողվեց հանրայնացնել: Խնդիրն ու բողոքը հայտնվեց բոլոր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, անգամ կարիք չէր լինում հայտնել, որ որևէ ակցիա կամ քննարկում է կազմակերպում, լրատվամիջոցներն արդեն հետևում էին ամենօրյա ընթացքին ու սպասում զարգացմանը:

Իրականում մարդկանց հետաքրքրելը, որևէ հարցի վրա բևեռլն ու «արթնացնելը» արդեն իսկ մեծ ձեռքբերում է: Գառնու օրինակում դա մեծ նշանակություն ունեցավ: Անգամ այն լրատվամիջոցները, որոնք հիմնականում կառավարության անդամների ցուցումով են ինչ-որ բան գրում և հաղորդում, թեև ակտիվ ընդգրկվեցին լուսաբանմանը, միևնույն է, պարտվեցին այս լրատվական պայքարում:

Պաշտոնյաները գալիս էին Գառնի՝ իրենց հետ բերելով մի քանի հեռուստաալիքների խմբեր ու փորձելով քարոզչությունն անել, բայց մինչև վերջ չէին կարողանում պահպանել իրենց ասելիքը՝ զիջելով մյուս լրատվամիջոցներին:

Կարծում եմ՝ սա այն դեպքերից է, երբ որոշ հեռուստալրագրողներ՝ զուգահեռներ տանելով, պետք է հասկանան, թե որքան են նահանջել: Ընդ որում՝ այդ նահանջը տեղի է ունենում ամեն օր: «Արմենիա» և «Հ1» հեռուստաալիքները մոնտաժի միջոցով հեռուստաշոու էին սարքում, միևնույն ժամանակ ուղիղ եթերում լայն քննարկումներ էր կազմակերպում «Շանթ»-ը: Եվ կարծում եմ՝ արժե, որ ալիքներն իրենց առջև դնեն վարկանիշը վերանայելու խնդիրը:

Ստացվել է այնպես, որ իշխանությունները մամուլի աշխատողների մի տիպար են ստեղծել ու ուզում են համոզել, որ դա լուրջ ուժ չէ, քանի որ աշխատում է ձևական մոտեցմամբ: Լրագրությունը կարծես դարձել է մոդելային բիզնեսի պես մի բան: Եթե լրագրողը մտերմանում է այս կամ չինովնիկի կամ օլիգարխի հետ ու կապեր ստեղծում, ուրեմն առաջադեմ ու պահանջված է: Համենայնդեպս, այդպիսի լրագրողի կերպարն է դրվում շրջանառության մեջ:

Հետաքրքիր է, որ վերջերս տեղի ունեցած «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության ընթացքում մենք մեծարեցինք լուրջ հետաքննություն անցկացրած լրագրողին, իսկ մեր ամենօրյա կյանքում նրանց արածը չենք նկատում:

Իշխանությունների քարոզչության արդյունքը իրականում դա էր՝ նսեմացնել լրատվամիջոցների ազդեցությունն ու կարևորությունը:

Ափսոսում եմ, որ շատ լրագրողներ իսկական հետաքննական լրագրության վայելքը չեն ապրել: Շատ երկրներում լրագրող համարվում է միայն նա, ով հետաքննությունն է անցկացրել: Արձանագրողը դեռ լրագրող չէ:

Եվ տպավորություն է, որ մենք «Հետք»-ում աշխատում ենք մի դաշտում, իսկ մյուսները՝ բոլորովին այլ: Կարծես իրար հետ կապ չունենք:

Սառա Պետրոսյան
«Հետք»-ի լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանություններ

Աննա's picture
Հարգելի Սառա, շատ կարևոր է անդրադառնալ ընդհանրապես Հայաստանում ընթացող գործընթացների շարժիչ ուժերին։ Բոլորիս է հայտնի, որ «ռեֆորմներ» ասվածը նեոլիբերալ՝ գլոբալ կապիտալի շահը հետապնդող քաղաքականության արդյունք են, որից օգտվում են ինչպես ավանդական գաղութատերերը (ասենք՝ Հայաստանի պարագայում Ռուսասատանը), այնպես էլ՝ նեոգաղութատերերը՝ ասենք միջազգային բանկերը կամ «զարգացման» ֆինանսական հաստատությունները և վերջիններիս հաճախորդ կորպորացիաները։ Հետքը ինքը շատ լավ գիտի, որ մի ձեռքով այս ուժերը «ձևավորում» են ռեֆորմներ, մյուս ձեռքով՝ փշրանքներ նետում ՀԿ ոլորտի և լրատվամիջոցների ուղղությամբ, որ սրանք «վերահսկեն» ու «լուսաբանեն» այդ ռեֆորմները։ Որպես ապացույց՝ ԱՄՆ ՄԶԳ վերջին տասը տարում հայտարարած բոլոր խոշոր դրամաշնորհների տեքստերը։ Կուզեի, որ հենց այս ասպեկտը քննարկման դրվեր, որովհետև հենց այստեղ է թաքնված մեր թուլությունն ու անկարողությունը ճշմարտությանը առերեսվելու, թե ինչպե՞ս ստացվեց, որ հանրային շահ հետապնդող ոլորտ համարվող լրագրությունը հանկարծ վերածվեց զուտ «լուսաբանող» պասիվ մի գործիքի։ Ցավում եմ, որ նույնիսկ այս հարթակը, որտեղ հույս ունեմ իմ մեկնաբանությունը չի ջնջվի, արատավոր մթնոլորտի մի մասն է, քանզի այդ նույն քաղաքականության իրագործողն է կամ զոհը։

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?