2014.05.03,

Նյուսրում

Մեդիայի ազատությունը ավելի լավ ապագայի համար

author_posts/anna-barseghyan
Աննա Բարսեղյան
twiterfacebook

Լրագրող

Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է:

Այն հռչակել է Միացյալ ազգերի կազմակերպությունը 1993 թվականին՝ մամուլի ազատության կարեւորության մասին իրազեկությունը բարձրացնելու եւ կառավարություններին հիշեցնելու արտահայտվելու ազատությունը հարգելու եւ աջակցելու իրենց պարտականության մասին, որն ամրագրված է Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի 19-րդ հոդվածով: 

Մամուլի ազատության համաշխարհային օրը հնարավորություն է՝ տոնելու մամուլի ազատության հիմնարար սկզբունքները

  • գնահատելու մամուլի ազատության վիճակն ամբողջ աշխարհում
  • պաշտպանելու մեդիայի անկախությունը ոտնձգություններից
  • հարգանքի տուրք մատուցելու այն լրագրողներին, ովքեր զոհվել են իրենց մասնագիտական պարտականություններն իրականացնելիս

2014-ին Մամուլի ազատության համաշխարհային օրվա թեման է «Մեդիայի ազատությունը ավելի լավ ապագայի համար. ձեւավորելով հետերկուհազարտասնհինգյան զարգացման օրակարգը», որը կենտրոնանում է մասնավորապես զարգացման գործում մեդիայի կարեւորության, լրագրողների անվտանգության եւ օրենքների գերակայության, ինչպես նաեւ լրագրության կայունության եւ անձեռնմխելիության վրա:

Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված գրառումներին կարելի է հետեւել Twitter-ում #WPFD եւ #pressfreedom հեշթեգով: 

Տարբեր միջազգային կազմակերպություններ Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ ավանդաբար ներկայացնում են Հայաստանում մամուլի ազատության իրենց գնահատականները: Հիմնական գնահատողներն են Freedom House-ը (Մամուլի ազատություն), IREX–ը (Մեդիա կայունության ինդեքսը) եւ «Լրագրողներ առանց սահմանների» (Մամուլի ազատության ինդեքս) կազմակերպությունները:

Freedom House-ի գնահատականն է  62  հնարավոր 100-ից (Ոչ ազատ)
(անցյալ տարի ցուցանիշը 61 միավոր էր)

Freedom House-ի գնահատականի դեպքում թիվը որքան մոտ է 0-ին, այնքան վիճակն ավելի բարենպաստ է:

Freedom House-ի հաշվետվության համաձայն՝ մամուլի ազատությունն այսքան ցածր մակարդակի վրա չի եղել վերջին տասնամյակի ընթացքում:

«Անցյալ տարի աշխարհի բոլոր շրջաններում արձանագրվել են հարձակումներ լրագրողների վրա թե՛ կառավարությունների, թե՛ մասնավոր անձանց կողմից՝ արգելափակելով նրանց մուտքը միջոցառումներին, իրականացնելով բովանդակության գրաքննություն եւ լրագրողներին աշխատանքից ազատելով քաղաքական շարժառիթներիի պատճառով»,- ասվում է հաշվետվության ղեկավար Քարին Քարլեքարը:

Այնուամենայնիվ, կազմակերպությունը դրական տեղաշարժ է արձանագրել Հայաստանում:

Տարվա ընթացքում որոշակի խոստումնալից զարգացումներ են եղել, որոնք մասնակիորեն կոմպենսացնում են մտահոգիչ միտումները: Առաջընթաց է արձանագրվել նոր կառավարության համատեքստում, որը կա՛մ հրաժարվել է սահմանափակող օրենքներից, կա՛մ գործունեության ավելի մեծ տարածք է տրամադրել ակտիվ եւ քննադատող լրատվամիջոցներին:

Ընտրությունների նախաշեմին հավասարակշռված եւ բաց լուսաբանում է ապահովվել: Խորհրդարանական ընտրությունների լուսաբանումն ընդհանուր առմամբ ավելի հավասարակշռված է եղել նախորդ ընտրությունների համեմատ, ընդդիմադիր կուսակացություններն ավելի լավ են օգտագործել օնլայն մեդիան, նախորդ ընտրությունների համեմատ նվազել են նաեւ լրագրողների նկատմամբ հետապանդումներն ու բռնության դեպքերը, կտրուկ կրճատվել են վիրավորանքի եւ զրպարտության բողոքները:

PF_Armenia

IREX –ի գնահատականն է 2.28 հնարավոր 4 միավորից 
(նախորդ տարի այն 2.12 էր) 

IREX-ի Մեդիա կայունության ինդեքսի իդեալական գնահատականը 4-ն է: Որքան թիվը փոքր է, այնքան երկիրը ոչ բարենպաստ վիճակում է: Գնահատման մեթոդաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Զգալի առաջընթաց է արձանագրվել նախորդ տարիների համեմատ, երբ  հանրային հեռուստաընկերությամբ եթեր չէր տրամադրվում ընդդիմադիր կուսակցություններին: Ընդհանուր առմամբ բարելավվել է խոսքի ազատության մթնոլորտը՝ չհաշված այն դեպքերը, երբ իշխանությունները միջամտում են մամուլի աշխատանքին: Օրինակ՝ դեկտեմբերին Վլադիմիր Պուտինի այցի հետ կապված բողոքի ակցիան շատ քիչ է լուսաբանվել կամ ընդհանրապես չի լուսաբանվել հեռուստաընկերությունների կողմից:

Հասարակությունը ընդհանուր առմամբ մեծ նշանակություն է տալիս խոսքի եւ մեդիայի ազատությանը, ինչպես երեւում է օնլայն մեդիա հարթակների քանակի աճից: Ավելի շատ շարքային քաղաքացիներ են ժամանակ տրամադրում Facebook-ում եւ հոդվածների տակ մեկնաբանություններ գրելու համար:

Հեռուստաընկերությունների թվանշայնացումը հետաձգվել է մինչեւ 2015 թվականի հուլիս, մինչդեռ ընթացիկ անալոգային արտոնագրերը երկարաձգվել են մինչեւ 2014 թվականի դեկտեմբեր: Կառավարությունը, հեռուստաընկերություններն ու քաղաքացիները ֆինանսապես եւ գործընթացը կազմակերպելու առումով պատրաստ չեն թվանշայնացմանը:

Լրագրողներն առանց սահմանների
Հայաստանը 78-րդ տեղում է 180-ից: (Նախորդ տարի 74-րդ տեղում էր)
Գնահատման մեթոդաբանությանը կարելի է ծանոթանալ այստեղ:

Հայաստանում բազմակարծության զգալի աստիճան կա, համեմատաբար քիչ են պետական գրաքննության դեպքերը: Սակայն սոցիալական զգալի բեւեռացումն արտացոլվում է մեդիայում, եւ լրագրողները հաճախ հետապնդվում են ճնշող խմբավորումների կողմից:

Հաշվի առնելով, որ առանձին լրատվամիջոցների քաղաքական կողմնորոշումը համընկնում է այդ լրատվամիջոցների սեփականատերերի կողմնորոշման հետ, ակնհայտ է դառնում, որ լրատվամիջոցների խմբագրական անկախությունը սահամնափակված է:

2013 թվականի ընկտրություններն ավելի հանգիստ էին, քան նախորդ տարիներին: Լրագրողների նկատմամբ բռնության դեպքեր հազվադեպ են եղել: Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը առաջընթաց է գրանցել անկողմնակալության առումով, սակայն նախընտրական մթնոլորտը սրել է ինֆորմացիոն պատերազմը մասնավոր հեռուստաընկերություններում, որտեղ իշխանություններն ակնհայտ առավելություն են ունեցել:

Աննա Բարսեղյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *