Բոլորդ ազատ եք…

09.12.2015, Քննադատ

Աշխատել է Հանրային ռադիոյի «Երևան» ծրագրում, «Առավոտ» օրաթերթում, թղթակցել «Ազատություն» ռադիոկայանին: 2006-ից 2015 թթ․աշխատել է «168 Ժամ» թերթում։ Վարում է «Վէմ» ռադիոկայանի «Հայելի» հեղինակային հաղորդաշարը: «Հայկական ժամանակ» օրաթերթի հեղինակներից է։

Երբ խոսքը ազդեցություն, կշիռ չունի, արդեն նրա ազատ կամ մասամբ ազատ լինելու միջև սկզբունքային տարբերություններ փնտրելը զուտ մասնագիտական նեղ խնդիր է՝ հասարակական զրո վերաբերմունքով

Ամեն տարի միջազգային այլ և այլ կազմակերպություններ խնամքով հաշվում ու չափում են տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մամուլի ազատության ինդեքսը, երկարաշունչ զեկույցներ հրապարակում:

2015-ին,օրինակ, Հայաստանն մամուլի ազատությամբ, ըստ «Freedom House»-ի, 199 երկրների շարքում 135-րդն է: Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության գնահատականի՝ 78-րդը:

Տարբեր տարիների արդյունքը տարբեր է, սակայն մեր լրատվամիջոցների աշխատանքի որակն ու (ան)ազատության աստիճանը գրեթե անփոփոխ է:

Հայաստանի մամուլն անազատ չես համարի: Լրատվամիջոցների վրա բացահայտ ճնշումներ չկան, «վերևից՚» պատվերներ չեն իջեցվում:

Դրա անհրաժեշտությունը կարծես չկա էլ. չկան թեմաներ, որոնք փակ են, գաղտնի (խոսքը պետական գաղտնիք պարունակող ինֆորմացիայի մասին չէ): Եթե որևէ լրատվամիջոց «սկզբունքորեն» չի գրում իքս պաշտոնյայի մասին, մեկ այլ լրատվամիջոց, միևնույն է, գրում է:

Եվ հասարակությունն, այսպես թե այնպես, տեղեկացվում է՝ համեմատելով ու հակադրելով լրատվական դաշտի առաջարկած քաոսային ինֆորմացիան:

Մամուլի ազատությունը, մեծ իմաստով, Հայաստանում (և աշխարհում էլ), արդեն էական խնդիր չէ այն առումով, որ ինֆորմացիոն բացը վայրկենապես լրացվում է սոցցանցերում:

Լրատվամիջոցներին, հատկապես տպագիր մամուլին, շարունակում է վերագրվել առավել վստահելի, ստուգված տեղեկատվության աղբյուրի գործառույթ: Սակայն տպագիր մամուլն ունի ֆինանսավորման քրոնիկ խնդիր, տպաքանակները տպավորիչ չեն, հետևաբար, որպես ազդեցության գործիք, մամուլը չի ընկալվում: Սակայն խնդիրն անգամ ԶԼՄ-ների ունեցած ազդեցությունն էլ չէ:  

Խնդիրն այն է, թե որքանով է ազատ խոսքը կամ ազատ տեղեկատվությունը ազդեցիկ, ինչ հետևանքներ կարող է ունենալ այն: Դիցուք, կոռուպցիայի մասին տեղեկատվությանը հետևու՞մ է քրեական գործի հարուցում, պաշտոնանկություն, ձերբակալություն կամ այլ պատիժ.  ի վերջո, քրեական օրենսգիրքն այնքան բազմազան է պատիժներով:

Հեռու չգնանք. վերջին տարիների աղմկահարույց սպանությունները (Սյունիքի մարզպետի առանձնատան բակում, նրա ազգականների ու հարազատների կատարմամբ բազում քրեական հանցագործությունները), ոտնձգությունները լրագրողների հանդեպ (դիցուք, «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ սեպտեմբերի 9-ին տեղի ունեցած բռնությունը մասնագիտական աշխատանքը կատարելիս), բոլոր ընտրությունների ժամանակ կեղծիքների մասին անսպառ տեղեկատվությունը (դեկտեմբերի 6-ի հանրաքվեին ընդառաջ, օրինակ, «ՍԱՍ» սուպերմարկետի աշխատակիցների ահազանգը. յուրաքանչյուրին պարտադրել են անձնագրերի 8-ական պատճեն ներկայացնել՝ հօգուտ «Այո»-ի), առատ ընտրակաշառքի բաժանման մասին տեսագրություններն ու այլ հրապարակումները, դեկտեմբերի 6-ի հանրաքվեի բազմաթիվ տեսագրությունները՝ հարձակումներ լրագրողների վրա, նրանց մասնագիտական աշխատանքի խոչընդոտում, ընտրակաշառքի բաժանում, ընտրատեղամասերում տոտալ ընտրակեղծիքներ՝ քվեաթերթիկները հաշվելիս. ոչ մի արձագանք:

Մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում են բնապահպանական թեմայով նյութեր, թվերով, փաստերով ներկայացվում է Թեղուտի, Ամուլսարի ոսկու հանքերի շահագործման անդառնալի հետևանքները Հայաստանի համար:

Մամուլում, անգամ ԱԺ ամբիոնից հայտարարվում է այս կամ այն պաշտոնյայի կոռումպացվածության մասին, բերվում են կոնկրետ փաստեր: Այս ամբողջ ինֆորմացիան ընթերցողների համար էմոցիոնալ շոկ է՝ առանց, սակայն, կոնկրետ իրավական հետևանքների:

Անգամ երկրի նախագահի խոսքերը՝ սկսած նախընտրական խոստումներից, վերջացրած կոնկրետ հրահանգներով՝ ճշտել «օդում կախված ինֆորմացիան» հանցագործությունների, թաքցված հարկերի մասին, լուրջ չի ընդունվում: Լուրջ չընդունվեց անգամ նրա հանդիպումը «առաջատար ու պատասխանատու» լրատվամիջոցների լրագրողների հետ, որոնք, ի դեպ, կամավոր նախընտրեցին մի կողմ դնել իրենց մասնագիտական պատվախնդրությունն ու արժանապատվությունը՝ կարևորելով Ս. Սարգսյանի բարեհաճությունը:

Լուրջ չընդունվեց անգամ նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ի «Կազմակերպված հանցավոր խմբի բացահայտման ու վնասազերծման» հայտարարությունը: Հետաքրքիր էր, որ այս տեղեկատվությունն առաջինը հրապարակելու առաջնահերթությունը տրվեց իրեն մասնագիտական գրագիտությամբ ու տակտով չկաշկանդող մի լրագրողի:

Խորհրդային տարիներին աշխատած լրագրողները պատմում են, որ այդ շրջանում գրաքննությունը խիստ էր, սակայն գրված յուրաքանչյուր տող, քննադատություն անհետևանք չէր մնում, արձագանք էր գտնում: Այսօր իշխանությունների ու լրատվամիջոցների կապը չափազանց նուրբ է:

Ո՞րն է խոսքի ազատության ողջ հմայքը: Ո՜չ մի արձագանք: Իշխանությունները պարզապես չեն նկատում:

Իսկ երբ խոսքը ազդեցություն, կշիռ չունի, արդեն նրա ազատ կամ մասամբ ազատ լինելու միջև սկզբունքային տարբերություններ փնտրելը զուտ մասնագիտական նեղ խնդիր է՝ հասարակական զրո վերաբերմունքով:

Ի՞նչ է ստացվում. Հայաստանի անկախությունից հետո որպես արժեքավոր ձեռքբերում համարվող խոսքի ազատությունը ֆորմալ կա: Կարճ ասած՝ աղավնյակնե՜րս, բոլորդ ազատ եք, գնացեք գրողի ծոցը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?