Խաղաղ լրագրությունը հակամարտությունների լուսաբանման ժամանակ

13.01.2015, Խաչմերուկ

Վերջին մեկ տարվա ընթացքում «Ինտերնյուս Վրաստան»-ի ծրագրի շրջանակում գրեթե յուրաքանչյուր ամիս այցելում եմ Հարավային Օսեթիայի հետ պայմանական սահմանի մոտ տեղակայված գյուղեր:

Դեռ ուսանողական տարիներին, երբ առաջին ռեպորտաժս պատրաստեցի Նիկոզի գյուղում, հասկացա, որ ամենից շատ լրագրության հենց այս ուղղությունն է ինձ դուր գալիս:

Տարվա ընթացքում շփվել եմ սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, լսել նրանց պատմությունները եւ համոզվել, որ խաղաղ լրագրությունը մեծ նշանակություն ունի պատերազմների ու հակամարտությունների լուսաբանման ժամանակ:

Հակամարտություններ լուսաբանող լրագրողների շնորհիվ հանրությունը ծանոթանում է տեղացիների կյանքին ու խնդիրներին: Ավելին՝ ընթերցողը, ռադիոունկնդիրն ու հեռուստադիտողը կարծես անմասն չեն մնում այդ ամենին:

Սահմանամերձ գյուղերի բնակչության պես նրանք էլ պատերազմի ժամանակ կորցնում են իրենց տներն ու գոյության պայքար սկսում, հայտնվում փախստականների անբարեկարգ ու մռայլ բնակավայրերում, իրենց մաշկի վրա զգում հարազատի մահը, սեփական տան ու հողամասի կորուստն ու, առհասարակ, պատերազմն իր բոլոր արհավիրքներով: Այդժամ սկսում են հասկանալ ու արժեւորել խաղաղ լրագրությունը, որի շնորհիվ սկսում ենք տեսնել նախկինում աննկատ թվացող շատ բաներ:

«Մենք՝ պատերազմ տեսած լրագրողներս, հավանաբար բոլորից լավ գիտենք պատերազմի գինը»,- «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Գոգա Ափցիաուրիի խոսքն է այն բանից հետո, երբ վերջերս «Ռուսթավելի» թատրոնում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչը նրան հատուկ մրցանակ հանձնեց՝ media.ge կայքում հրապարակված «Սարաեւոյից բերված ցավն ու հույսը» հոդվածի համար:

Հատուկ մրցանակ հանձնելով՝ Եվրամիությունը փորձում է նպաստել հակամարտությունների լուսաբանմանը եւ խրախուսել այն պրոֆեսիոնալ լրագրողներին, ովքեր այդ ճանապարհին հաճախ վտանգում են իրենց կյանքը:

Գոգա Ափցիաուրին կարծում է, որ վրացական մեդիայում հակամարտությունների լուսաբանման պրակտիկայում դրական պատմությունները քիչ են:

Իմ գործընկերներից շատերը կարծում են, որ աղմկահարույց միջադեպն ավելի հետաքրքիր է, քան որեւէ դրական պատմություն հակամարտության գոտուց, օրինակ, վրացու եւ աբխազի միջեւ կապի պահպանման դեպքը: Ատելության լեզվի միջոցով հակամարտությունները չեն կարգավորվի, բայց, ցավոք, այն շարունակում է կիրառել թե՛ վրացական, թե՛ աբխազական ու օսական մեդիան:

Հաճախ եմ լսում արտահայտություններ՝ «ֆաշիստ վրացիները, օս անջատողականները, հանցագործներն ու զավթիչները»: Նման լեզու կիրառելով՝ ոչ միայն չենք նպաստում հակամարտության կարգավորմանը, այլեւ թշնամանք ենք տարածում:

Ափցիաուրիի կարծիքով՝ ատելության լեզվի ակտիվ գործածությունը վրացի լրագրողների ամենամեծ խնդիրն է: «Առաջին հերթին ատելության լեզուն պետք է բացառենք ոչ միայն հակամարտությունների լուսաբանման ժամանակ, այլեւ հասարակության ներսում կատարվող երեւույթները լուսաբանելիս, երբ անդրադառնում ենք, օրինակ, կրոնական, էթնիկ, սեռական փոքրամասնությունների խնդիրներին: Քանի դեռ ատելության լեզուն չի վերացել, աբխազներն ու օսերը մեր կողմ նայել չեն ցանկանա»,- ասում է լրագրողը:

Ամերիկացի լրագրող Մարի Քոլվինը, ով լուսաբանում էր Չեչնիայի, Շրի Լանկայի, Յուգոսլավիայի ու Իրաքի հակամարտությունները, 2010 թվականին Վրաստանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր. «Ես կարող էի հանգիստ ապրել Փարիզում եւ գինու բաժակը ձեռքիս՝ ինչ-որ մեկի հետ գրականությունից խոսել, բայց ես իմ ընտրությունը կատարեցի՝ ի շահ ռազմական լրագրության»: Երկու տարի անց՝ 2012 թվականին, նա ֆրանսիացի ֆոտոլրագրող Ռեմի Իչլիկի հետ զոհվեց Սիրիայում նռնակի պայթյունից:

Քոլվինի խոսքով՝ կարեւոր է, որ վրացի լրագրողները հնարավորինս հավասարակշռված կերպով լուսաբանեն իրենց երկրի տարածքում առկա հակամարտությունները: «Նրանք իսկական «պահապան շների» պես չպետք է թույլ տան, որ իշխանությունները մոռանան հակամարտություններից տուժած մարդկանց մասին»:

Խաղաղ լրագրությունը Վրաստանում քայլ առ քայլ զարգանում է: Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի (IWPR) տարածաշրջանային տնօրեն Բեքա Բաջելիձեի խոսքով՝ տարեցտարի աճում է Եվրամիության հատուկ մրցանակի դիմող լրագրողների թիվը, ինչն ապացուցում է, որ լրագրության այդ ուղղությունը զարգանում է, իսկ լրագրողներն ավելի շատ են ուշադրություն դարձնում մարդկային պատմություններին:

Հեղինակ՝ Թամար Սվանիձե
Բնօրինակը հրապարակվել է media.ge կայքում

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?