Լրագրության դաս՝ անմիջապես պատերազմի դաշտից

24.10.2016, vox populi

Սովետից մնացած համաժողովները և մերձեցման երեկոները ժամանակի ընթացքում մարելու հատկություն ունեն, բայց կան այնպիսիք, որոնք, ստեղծվելով անկախ Հայաստանում, «հին փաթեթավորմամբ, նոր բովանդակությամբ» սկզբունքով ճգնում են վառ պահել համաժողովային կրակը մեզանում:

Հատկապես Հայաստան-Սփյուռք համատեքստում անցկացվող բազմաթիվ համաժողովներն այսօր համառորեն չեն դադարում՝ անկախ երկրի վիճակից, այս կամ այն երկրում պատերազմական իրադրությունից, կառավարությունների փոփոխությունից…

Սովորաբար նրանք սկիզբ են առնում Երևանում, երբեմն՝ շարունակվում Արցախում և ավարտվում երևանամերձ որևէ ռեստորանում՝ այդ ճանապարհներին մսխելով հսկայական գումարներ:

Լրագրողների համահայկական համաժողովն ահա այդպես անցկացվում է 8-րդ անգամ (20-24 հոկտեմբեր, Երևան-Ստեփանակերտ): Այս անգամ հայտ ներկայացրածների և հրավիրվածների ցուցակը բավական ընդգրկուն էր՝ 31 երկրից մոտ 124 խմբագիր և լրագրող: Ինչպես համաժողովի առթիվ տպված գրքույկն է վկայում, մեծ է հատկապես հայաստանյան լրագրողների ցուցակը՝ հրավիրվել են գրեթե բոլոր լրատվամիջոցների ղեկավարներն ու առաջատար լրագրողները, որոնց 90 տոկոսը, դատելով համաժողովի նիստերի առցանց հեռարձակումից, չի մասնակցել համաժողովին, ինչը նշանակում է, որ հայաստանյան առաջատար լրատվադաշտը լուրջ չի վերաբերվում նման հավաքներին:

Փոխարենը սփյուռքից ժամանել է լրագրողական հսկայական պատվիրակություն՝ իր ներկայությամբ փաստելով սփյուռքի մամուլի անցյալը, ներկան ու ապագան:

Այստեղ հարկ է հիշեցնել վարչապետի հետ հանդիպումից մի դրվագ, որ անձամբ ներկաներն են պատմել. սփյուռքահայ խմբագիրներից մեկը ծանոթության ժամանակ, առանց հումորի, ասել է. «Ես այսինչ թերթի նախկին ու ներկա խմբագիրն եմ»: «Հուսանք՝ նաև ապագա»,- հումորով պատասխանել է վարչապետը:

Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովին Հալեպից եկած մի երիտասարդ աղջիկ՝ Հալեպի «Գանձասար» թերթի թղթակից Մարիա Գաբրիելյանը, համաժողովի բոլոր մասնակիցներին ճիգով սովորեցնում էր, թե որտեղից պետք է, իր խոսքով, առնել Հալեպի մասին լուրերը:

Ըստ նրա` նախևառաջ՝ Հալեպի «Գանձասար»-ից, որտեղ ինքն է աշխատում, հետո՝ համայնքում գործող մի քանի ազգային ու եկեղեցական կառույցներից և, ի վերջո, եթե անհնար է կապ հաստատել Հալեպի նշյալ կառույցների հետ, ապա՝ սփյուռքի նախարարությունից, որի հետ իրենք ամեն պահ կապի մեջ են:  

Նա խիստ տոնով մեղադրում էր հատկապես հայաստանյան այն լրատվամիջոցներին, նույնիսկ՝ ռադիոկայաններին, որոնք Հալեպի վերջին ամենածանր օրերին ոչ թե «Գանձասար» թերթի կամ սփյուռքի նախարարության հեռախոսահամարներն են հավաքել, այլ փլված շենքերի տակից մազապուրծ եղած, մահվան սարսափն ապրած, որդի և քույր կորցրած, իր ձևակերպմամբ՝ պատահական մարդկանց են դիմել՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում Հալեպում և ինչ ողբերգություն են ապրել այդ մարդիկ: Այդ նրանք են, որ պատմել են իրենց աչքերի առջև զոհված ու վիրավորված մարդկանց և այն շենքերի մասին, որոնց քարերի տակից հրաշքով ազատվել են:

«Պատահական մարդկանց մի՛ դիմեք»,- շատ խիստ տոնով հրահանգում էր պատերազմական Հալեպից համաժողովին փութացած թղթակցուհին:

Համաժողովին ներկա հարյուրավոր մասնակիցները, որոնց մեջ պատկառելի խմբագիրներ և Եվրոպայից ու ԱՄՆ-ից ժամանած լրագրողներ, նախարար ու դասախոս-փոխնախարար, փորձագետ և բլոգեր, ոչ միայն լուռ ու հեզ նստած էին սույն դասին, այլև նրանցից ոչ մեկը չփորձեց դասագրքային ու պարզ մի ճշմարտություն հիշեցնել՝ լրագրողն ու լրատվամիջոցն ազատ են իրենց աղբյուրների հարցում, նրանք են որոշում՝ հավաստի տեղեկությունը հատկապես ո՛ր աղբյուրից քաղեն: Եվ լավ գիտեն, որ հաճախ հենց պատահական կամ պարզ մարդիկ են ինֆորմացիայի ճշգրիտ ու կենդանի աղբյուրը լավ լրագրողական նյութի համար:

Հալեպից եկած թղթակցուհու ելույթից հետո ոչ մեկի մոտ նույնիսկ հարց չի ծագել՝ եթե այդքան շատ են պատահական մարդիկ, ապա ի՞նչ իմաստ ունի կյանքի գնով պահել պատահական մարդկանցով կազմված համայնքը, պատահական մարդկանց համար ինչու՞ եք պատերազմի կրակների տակ թերթ տպում և դասեր տալիս և, ի վերջո, հայրենիքից եկած երկու ինքնաթիռ մարդասիրական օգնություն բաժանում նրանց:

Նույն այդ պատահական մարդիկ պատահական զոհեր են դառնում և հայտնվում մամուլի առաջին էջերում, ինչպես հաճախ նույն «Գանձասար» թերթն է ձևակերպում՝ իրենց արյունով հերոսացնելով համայնքի պատմությունը:

Այսօր Հալեպում պատահական զոհի վախն է ապրում յուրաքանչյուր ոք, այնպես որ, մի թերագնահատեք պատահական լինելու հանգամանքը. այն այս պահին խիստ ճակատագրական է:

Աղբյուրների շարքում լրագրողն առաջինը նշում էր «Գանձասար» թերթը: Անչափ գնահատելի է առաջնորդարանի հովանավորությամբ լույս տեսնող թերթի աշխատանքը, բայց թույլ տվեք ես զանգահարեմ Նոր Գյուղի՝ իր պապենական տունը վեց տարի չլքած, սկզբից պատահական, այսօր արդեն՝ հարազատ դարձած ծանոթներիս, որոնք սովորական մրգավաճառներ ու արհեստավորներ են, և որոնցից ոմանք ապաստարաններում են ապրում: Նրանց հետ զրույցների ժամանակ լսափողի մեջ անձամբ եմ լսում կրակոցների և վախից լաց լինող երեխաների ձայները:

Ինձ համար խիստ պաշտոնական աղբյուր է, օրինակ, հայաբնակ թաղամասի դեղատներից մեկում աշխատող այն հայ երիտասարդը, որը օրական 18 ժամից ավելի բաց է պահում իր դեղատունը, և որտեղ ամեն վայրկյան հիվանդ մարդ է մտնում՝ վիրավոր արաբ կամ ծեր հայուհի:

Հենց նոր, րոպեներ առաջ նա, հետս խոսելիս հեռախոսը չանջատելով, ճնշումն իջեցնելու գերարագ մի միջոց տվեց դեղատուն մտած մի հայի և շարունակեց ժպիտով պատմել դեղատան դիմացի փողոցը հսկող զինվորների մասին, որոնք, հարաբերական հրադադարից ընդարմացած, քնել են մայթերի վրա: Տեսնու՞մ եք, նույնիսկ զինվորները մեկ-մեկ կարող են վայր դնել զենքերը և մոռանալ հսկողի իրենց դերի մասին:

Պատերազմը երկար է, այնպես որ չարժե զինվորաբար հսկել հայաստանյան լրատվամիջոցների հալեպյան աղբյուրները, դրանք պատերազմի երկար ընթացքի հետ գնալով բազմազան են դառնում:

Սփյուռքի նախարարության կայքը տիրաժավորել է լրագրության այդ փոքրիկ դասը, չի բացառվում, որ համաժողովի արդյունքները ամփոփելիս նաև ուղեցույց պատրաստի «Լրագրության դաս՝ անմիջապես պատերազմի դաշտից» խորագրով:

Անուշ Թրվանց
լրագրող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?