Խնայել մասնակիցներին և դիտողներին. Օրլանդոյի հրաձգության օրինակով

13.06.2016, vox populi

Օրլանդոյում տեղի ունեցած ողբերգության՝ միջազգային ամենահեղինակավոր լրատվամիջոցների (Guardian, BBC, AlJazeera, CNN) լուսաբանումը հրաշալի դաս և օրինակ կարող է ծառայել մյուս լրագրողների համար։

Անցած շաբաթ լույս կիրակի գիշերը ծնունդով ամերիկացի, ծագումով աֆղան 29-ամյա տղամարդը հրազենից կրակ էր բացել Օրլանդոյում գտնվող «Պուլս» գեյ ակումբի վրա, ինչի հետևանքով զոհվել է 50 և վիրավորվել 50-ից ավելի քաղաքացի։ Բոլորն էլ (նաև նրանց ընտանիքները) հայտնվել են լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։

Նրանք հանրահայտ մարդիկ չեն, այլ հասարակ քաղաքացիներ, և նրանց անձնական տարածքը շատ ավելի է պաշտպանության ենթակա, քան հանրահայտ անձանցը։

Սպանվածները

Որևէ սպանվածի մարմին դիտարկված լրատվամիջոցներում չի ցուցադրվել։ Ողբերգության վայրից ֆոտո և վիդեո նկարահանումները եղել են ընդհանուր պլանի, որտեղ երևում են ոստիկանների, տուժածների, օգնության հասածների կուտակումներ, բայց ոչ երբեք սպանվածներ։

Թղթակիցները հարգանք են դրսևորել նրանց մարմնի նկատմամբ, քանի որ մահացած մարդն այլևս չի կարող պաշտպանել իրեն՝ թույլատրելով կամ արգելելով նկարահանումները։

Տուժածները

Հրապարակումներում առկա են տուժածների բազմաթիվ լուսանկարներ․ նրանք միայնակ են, օգնություն են ստանում, կամ գրկախառնվում են մեկ այլ տուժածի կամ գուցե դեպքի վայր եկած հարազատի հետ։ Մասամբ լուսանկարներն արված են նրանց թիկունքից՝ չբացահայտելով մարդու դեմքը՝ ինքնությունը։ Ինչպես օրինակ այս մեկում․ 

 Լուսանկարը՝ <a href="http://edition.cnn.com/2016/06/12/us/orlando-nightclub-shooting/" target="_blank">CNN-ից</a>

Կան նաև դեմքերը ցուցադրող լուսանկարներ, բայց դրանք առնվազն միջին պլանով են և իրավիճակի համեմատ՝ նվազագույն դրամատիզմով։

Թեև ցավից ու վշտից այլայլված ու նաև վիրավոր մարդկանց դեմքերը կավելացնեին լուսանկարի էֆեկտն ու մեզ ավելի ուղիղ ձևով կհասցնեին կատարվածի դրամատիզմը, բայց լուսանկարիչները (կամ նրանց խմբագիրները) նախընտրել են դրամատիկորեն ավելի «թույլ», բայց էթիկապես ավելի ընդունելի մոտեցում ցուցաբերել։

Որոշ վիդեո ռեպորտաժներում տեխնիկական հնարքով ծածկել են ակումբից փրկված մարդկանց ոչ միայն դեմքերը, այլև մարմինները, որոնք, հնարավոր է, արյունլվա են կամ մերկացած։ Նկարահանել են թիկունքից, որպեսզի դեմքերը չերևան։

Տուժածների հետ հրապարակվել են վիդեո հարցազրույցներ, որտեղ ակնհայտ է, որ նրանք իրենց կամքով են ներկայացել տեսախցիկի առջև։ Տուժած անձինք սովորական քաղաքացիներ են և ունեն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք, հատկապես, որ թիրախավորվել են և կարող են թիրախավորվել որպես սեռական փոքրամասնություն։

Մարդու մարմինը նրա սեփականությունն է և նա պետք է որոշի՝ ցուցադրել այն լայն լսարանին, թե ոչ։ Հազիվ թե մեզանից որևէ մեկն ուզեր օտարներին ներկայանալ վիրավոր, պատառոտված հանդերձանքով, լացակումած դեմքով։

Մի կին հարցազրույց է տվել լաց լինելով, բայց երևում է, որ նա ցանկանում է կադրում խոսել, չի ընդհատում խոսքը լացի պատճառով։ Դա նրա ընտրությունն է, ոչ թե լրագրողի պարտադրանքը։

Ընտանիքները

Բացի վիդեո հարցազրույցներից, խոշոր պլան չի կիրառվել գրեթե ոչ մի տեղ։ Լրատվամիջոցները խնայել են ողբացող հարազատներին և իրենց իսկ լսարանին՝ չցուցադրելով զգայացունց ողբի տեսարաններ։

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է բրիտանական «Guardian»-ը ներկայացրել մի զոհի մոր պատմությունը։ Երկու լուսանկարներից մեկում նրա հեռախոսն է՝ ակումբում մարդասպանի դիմաց հայտնված որդու հետ փոխանակված հաղորդագրությունների մի հատվածով։

Լուսանկարը՝ AP-իՀաջորդ լուսանկարում մայրն է՝ խոշոր պլանով․ ձեռքի հեռախոսում երևում է որդու նկարը՝ հեռու պլանով։ Այո, մայրը խոշոր պլանով է ներկայացված, բայց կադրում նա հավասարակշիռ վիճակում է, նրա ողբը չի ցուցադրվում։

Զինյալը

Զինյալի ինքնությունը պարզելուն պես՝ լրատվամիջոցները ի հայտ բերեցին մի շարք դետալներ նրա ծագման, ընտանիքի և հակումների մասին։ Հեղինակավոր լրատվամիջոցները գերադասեցին ավելի շատ տեղեկություն տալ այդ ամենի մասին, քան մեկնաբանել և հատկապես որակումներ տալ։ Փաստերն ինքնին խոսուն են։ Նույնիսկ զինյալի սպանված մարմինը չցուցադրվեց մեդիա լսարանին։

Լրագրողները

Անտեղի հարցեր տալիս են նաև հեղինակավոր լրատվամիջոցների լրագրողները։

Բայց ամենաանտեղի, անգամ՝ ամենավիրավորական հարցը, որ երբևէ լսել եմ՝ սգացող մարդուն հարցնելն է․«Ի՞նչ եք զգում այս պահին»։ Լսել եմ հայաստանյան լրագրողներից։

Էթիկան պահանջում է սգացող մարդուն միկրոֆոն ու տեսախցիկ դեմ չանել: Սպասեք մինչև մարդիկ ուշքի գան, մոտեցեք թույլտվություն հարցրեք և գործի անցեք միայն նրանց թույլտվության դեպքում։ Աշխատեք կամացուկ տեղաշարժվելով, առանց ավելորդ աժիոտաժի, մի փոքր հեռավորությունից, խոշոր պլաններ մի արեք կամ գոնե մի հրապարակեք։ Հարգեք մարդկանց վիշտը, անձնական տարածքը, մարմինը և, վերջապես, հենց ձեր լսարանին։

Ծովինար Նազարյան
hաղորդակցության և մեդիա մասնագետ

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?