Դեպքի վայրում. Սարգիս Խարազյան

22.01.2016, Դեպքի Վայրում

Լրագրող

Քաղաքական ու քաղաքացիական ցույցերի, երթերի, բողոքի ակցիաների ժամանակ սովորաբար հավաքվում են ցուցարարներ, ոստիկաններ, երբեմն՝ քաղաքական գործիչներ, պարտադիր՝ լրագրողներ:

Мedia.am-ի «Դեպքի վայրում» հանդիպում ենք փոքր երկրի մեծ ու փոքր ցույցերը հաճախ լուսաբանող լրագրողների, ֆոտոլրագրողների, օպերատորների հետ, ովքեր պատմում են իրենց սկզբունքների ու մոտեցումների մասին:

Հայրիկի հին սովետական ֆոտոապարատով հիացած՝ Սարգիս Խարազյանը դեռ փոքր տարիքում սկսեց տարվել լուսանկարչությամբ. «Մի օր հասկացա, որ աչքերով ոչ միայն տեսնում եմ մարդկանց, այլ նաև՝ լսում»:

Պատանեկության տարիներին հետաքրքրությունը պակասեց, բայց Ճարտարապետաշինարարական ինստիտուտում ուսանելու ընթացքում պատկերն ու կադրը նորից սկսեցին գրավել: «Ճարտարապետություն ուսումնասիրելն ինձ համար և՛ օպերատորի, և՛ ռեժիսորի, և՛ սցենարիստի դասեր տվեց, զարգացրեց տեսողական հմտություններս»,- ասում է Խարազյանը:

Օպերատորական առաջին դասերը Սարգիսն անցել է Ինտերնյուս Հայաստանում, ներկայում՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնում, դե, այսինքն՝ մեր կազմակերպությունում: Առաջին նկարահանումներն էլ է այստեղ արել: Գործընկերներս Խարազյանին լավ գիտեն, նրա հետ շատ անգամ են տեսանյութեր պատրաստել:

Չորս-հինգ տարի աշխատել է Ռուսաստանի տարբեր լրատվամիջոցներում, 2011-ից մինչև այսօր Սիվիլնեթի օպերատոր է:

Սարգիսի կարծիքով՝ ակցիաներ նկարահանելը տարբերվում է առօրյա այլ նկարահանումներից. «Ցույցերի ժամանակ ես գլխավոր ու երկրորդական կոնկրետ խնդիրներ չեմ դնում, էդտեղ միանում ա ինստինկտը, նույն ինստինկտը պատերազմի ժամանակ ա միանում: Դրանք լրիվ զուգահեռ պատկերներ են»:

Խարազյանն ասում է, որ դեպքի վայրում իր և ոստիկանների միջև վեճի միայն մեկ թեմա կարող է լինել՝ իրավունքը, նրանց «կյանքի դասեր» տալ չի պատրաստվում: Իսկ որպես օպերատոր ակցիաներին իր մասնակցությունը որոշում է կախված իրավիճակից.

«Եթե լեզվակռիվ ա ցուցարարների ու ոստիկանների մեջ, իմ միջամտությունը զրոյական ա, իմ համար նկարում եմ, թեթև հրմշտոցն ու քաշքշուկն էլ ա զրոյական, բայց երբ արդեն սկսեն իրար մարմնական վնասվածքներ հասցնել, երբ արդեն կյանքի ու մահվան հարց ա, ես արդեն օպերատոր չեմ, մարդկային գործոնն ա աշխատում: Կարող եմ կամերան դնել մի կողմ, ու, օրինակ, վիրավորին օգնել: Մարդը, մարդու կյանքն առաջին տեղում են»:

Հեղինակ՝ Սոնա Քոչարյան
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի, Հակոբ Հովհաննիսյանի, Լևոն Տաքսիլդարյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?