Չլինել մսի կտոր

17.10.2016, Խաչմերուկ

Բրիտանացի լրագրող Օլիվեր Քերոլը վերջին տարիներին ինտենսիվորեն լուսաբանել է ուկրաինական իրադարձություններն ու հետաքրքիր, նաև օգտակար փորձ է ձեռք բերել, որը սիրով փոխանցում է:

Դոնեցկի պատանդը

Դոնեցկում մի միջադեպ տեղի ունեցավ. ինձ առևանգեցին որոշ ժամանակով, շատ երկար չէր, այնուամենայնիվ` մոտ 7-8 ժամ: Սարսափելի էր: Ահա թե ինչու է կարևոր, որ մարդիկ իմանան` որտեղ եք:

Իդեալական տարբերակում այդ մարդը պետք է լինի ձեր խմբագիրը, ցանկալի է, որ լինեն նաև մարդիկ տեղում: Օրինակ, եթե օտարերկրյա թղթակից եք, ապա, ձեր գործընկերները, ասենք, Լոնդոնում կամ Նյու Յորքում պետք է իմանան` երբ եք հերթական անգամ կապվելու նրանց հետ, ու, եթե ըստ պայմանավորվածության տեղեկություն չունենան ձեր մասին, տագնապ հնչեցնեն:

Երբեմն սպասումն ավելի բացասական երանգներով է լինում, քան իրականությունը, սակայն նախապատրաստվելը միշտ արդարացնում է: Դուք չեք կարող պատրաստ լինել բոլոր իրավիճակներին, բայց մտքում պետք է որոշակի սցենարներ ունենաք: Պատերազմի լրագրողի համար շատ կարևոր է ամեն ինչ հստակ ծրագրելը: Պետք է հեռախոսահամարներ ու նույնականացման նշաններ թողնել մեկի մոտ, ով կհետևի ու ծրագրից շեղման դեպքում քայլեր կձեռնարկի:

Վտանգն ու կյանքը

Պետք է հավասարակշռել ամեն ինչ. կան հետք ցույց տվող GPS սարքեր, սակայն, եթե հակամարտության մասնակիցները տեսնեն դրանք, հնարավոր է` կարծեն, թե լրտես եք:

Ընդհանուր առմամբ, պատերազմական իրավիճակներում պետք է առաջնորդվել «արդյոք ռազմական գործողություներին մոտ լինելը արդարացված է» սկզբունքով: Միշտ հարց տվեք ինքներդ ձեզ` արդյոք իսկապես արժե մոտենալ թեժ կետերին: Եթե գրող լրագրող եք, ապա, ըստ էության, կարիք չունեք հենց շփման գծում լինելու, քանի որ տեղեկություններ կարող եք ձեռք բերել դրանից շատ հեռու վայրում, որտեղ և կայացվում են որոշումները:

Եթե կարծում եք, որ այն, ինչ լուսաբանելու եք, զգալիորեն վտանգելու է ձեր կյանքը, մի լուսաբանեք: Շատ քիչ պատմությունների համար արժե (եթե առհասարակ արժե) կյանքը վտանգել:

Ես ընդհանրապես չեմ սիրում ռիսկի դիմել, բայց սովորաբար շրջապատված եմ լինում մարդկանցով, որոնք սիրում են: Իհարկե, լրագրողական նյութ ունենալու համար պետք է ռիսկի դիմել: Սակայն կարևորը խմբի ներսում համաձայնությունն է, երբ ինչ-որ մեկը վստահ չէ, ուրեմն ոչ մեկը չի գնում: Ու խաղի կանոնների մասին պետք է պայմանավորվել նախապես:

Մսի կտոր

Դոնեցկում ամենավատ զարգացումներից էի վախենում: Ինձ պահում էին մի վայրում, որ կոչվում է մեկուսարան` զինվորական զորամասի վերածված հին արվեստի կենտրոն էր: Գիտեի` ինչեր են տեղի ունեցել այնտեղ: Խոշտանգումների մասին պատմություններ էի լսել և, բնականաբար, չէի կարող այդ ամենը մտքիցս հանել:

Միաժամանակ անհանգիստ էի ամերիկացի գործընկերոջս համար, քանի որ նրան լրտեսի տեղ էին դրել ու տեղափոխել էին այլ մեքենայով: Անհանգիստ էի նրա անվտանգություն համար:

Իմ անվտանգության համար էլ էի շատ անհանգիստ: Ինչ-որ պահի շնչառությունս դժվարացել էր, բայց հետո որոշեցի խոսել հետները: Այս խորհուրդը շատ էի լսել` այնպես արա, որ քո մեջ մարդ տեսնեն, ոչ թե մսի կտոր: Հենց սկսես զրուցել, ձեր միջև կապ կհաստատվի: Սկսեցի խոսել ֆուտբոլից, ու զրույցը ստացվեց: Նրանք ինձ ազատ արձակեցին:

Ապահովագրություն

Ես միշտ ապահովագրվում եմ, անպայման, միշտ, միշտ, միշտ:

Անկեղծ ասած՝ կարծում եմ, որ սա պետք է լինի խմբագրության պատասխանատվության ներքո, լրագրողը չպետք է վճարի իր ապահովագրության համար: Բայց եթե այնպես է ստացվում, որ լրագրողը ստիպված է ինքն անել դա, ուրեմն չպետք է վարանի: Ինքս միշտ իմ սեփական միջոցներով եմ ապահովագրվել: Որքան գիտեմ, Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը շատ լավ ապահովագրություն է առաջարկում ու բավական մատչելի: Պարզապես, երևի, շատերը չգիտեն այդ մասին:

Հայրենասիրություն

Կարծում եմ` հնարավոր է հայրենասիրությունը մի կողմ դնել: Ուկրաինայում լրագրողներ կան, որ իրենց գործով են դա ապացուցել: Օրինակ՝ Hromadske հեռուստաընկերության արտասովոր թիմը, նրանց լրագրող Նաստյա Ստանկոն, որը ուկրաինական դիրքորոշում ունի, քանի որ ամուսինը ազատամարտիկ էր կամավորական գումարտակներից մեկում, սակայն միաժամանակ Ուկրաինայում խնդիրները քննադատող ամենալավ լրագրողներից է:

Չեմ կարծում, որ ուժով պարտադրված հավասարակշռությունը կաշխատի, բայց բոլորը պետք է ջանան իրենց կարծիքն իրենց պահել, ներկայացնել փաստերն ու ձգտել լավագույնս պատկերացնել այն մարդկանց կյանքը, ում չեն հասկանում:

Որոշեք` թղթակի՞ց եք ուզում լինել, թե՞ հայրենասեր: Ես կասեի՝ եթե ուզում եք լրագրող լինել, նաև լավ թղթակից կլինեք, քանի որ սա ամենահայրենասիրական բանն է, որ կարող եք անել: Հայրենասեր եղեք որպես լրագրող ազնիվ աշխատելով ու իշխանություններին հաշվետու դարձնելով այնտեղ, որտեղ գտնվում եք:

Պատմեք ինձ

Ամեն մարդ յուրովի է պատկերացնում իր նյութն ու դրա հետ աշխատանքը: Սակայն միշտ պետք է շատ զգույշ լինել պատերազմական իրավիճակներում, քանի որ մարդիկ հետպատերազմական տրավմատիկ սթրես են ունենում, ու կան հարցեր, որոնք նրանց չարժե ուղղել:

Թույլ տվեք մարդիկ իրենք խոսեն, խնդրեք նրանց պատմել` ինչ է եղել, ինչ են տեսել, ինչ են զգացել: Կորզեք տեղեկությունները նրանցից, մեղադրող հարցեր մի տվեք, ասենք` ինչու չեք ասել ուկրաինացիներին, որ այստեղ պայքարողների խումբ կար: Փորձեք այնպես անել, որ իրենց ավելի հարմարավետ զգան: Նրանք սովոր չեն հարցազրույց տալուն, պետք է նուրբ լինել նրանց հետ:

Պետք չէ փոխել մարդկանց իրական տվյալները, եթե դրա կարիքն իսկապես չկա: Ես երբեմն փոխել եմ ամսաթվերը, նկարագրական որոշակի տվյալներ, որոշակի նույնականացնող առանձնահատկություններ:

Գիտակցեք ձեր նախապաշարմունքները

Մտածեք` ինչը կարող է ձեզ սահմանափակել` ֆիզիկական տվյալները, անվտանգության հարցերը: Մտածեք` ինչ կարող եք տեսնել: Մտածեք ձեր նախապաշարմունքների մասին ու հիշեք դրանք: Ի մի բերեք` ինչ գիտեք, ինչ` չգիտեք, և ինչը, հնարավոր է, չգիտեք էլ, որ չգիտեք:

Սառա Խոջոյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?