«Հայաստանյան եւ ադրբեջանական մեդիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի կոնֆլիկտը չդառնա ծիծաղելի»

25.03.2014, Խաչմերուկ

Այսօր սպորտն այնքան կարեւոր նշանակություն ունի աշխարհի կյանքում, որ սպորտային որեւէ միջոցառման մեջ չի կարող քաղաքական տարր չլինել: Եվ զարմանալի չէ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետեւանքներն իրենց դրսեւորումն են գտնում տարբեր սպորտաձեւերում:

Թեեւ բազմաթիվ մրցաշարեր են անցկացվում թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում, երկու երկրների մարզիկներն էլ խուսափում են մյուս երկրում հանդես գալուց, մասնավորապես՝ օրեր առաջ Երեւանում ավարտվեց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որին չմասնակցեցին ադրբեջանցի շախմատիստները: Հաջորդ տարի աշխարհի գավաթի խաղարկությունն է Բաքվում, եւ արդեն իսկ ակնհայտ է, որ հայերը չեն մասնակցելու:

Նման դեպքեր եղել են եւ՛ ըմբշամարտում, եւ՛ ծանրամարտում, եւ՛ ձյուդոյում, սակայն սպորտում ձեւավորված ամենացայտուն կոնֆլիկտը Հայաստան-Ադրբեջան ֆուտբոլային հանդիպումներն էին, որոնք միջազգային ատյանների պահանջով չկայացան, եւ ընդհանրապես որոշում ընդունվեց, որ մինչեւ կոնֆլիկտի ավարտը, Հայաստանն ու Ադրբեջանը ոչ մի տարիքային խմբում չպետք է հանդիպեն:

Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը դրսեւորվում է ոչ միայն սպորտում, այլեւ դրա լուսաբանման մեջ:

Թեեւ Ադրբեջանում ցուցադրվում են Դորտմունդի «Բորուսիա»-ի հանդիպումները, հեռուստաալիքի մարզական մեկնաբանները չեն հայտնում, թե ով է 10 համարը: Մեկնաբանները խուսափում են Հենրիխ Մխիթարյանի անունը տալուց եւ ազգությունը նշելուց: Ասում են՝ գոլ խփեց «Բորուսիա»-ի 10 համարը:

Չեմ կարծում, իհարկե, թե սա ողջունելի քայլ է, որովհետեւ եթե ցույց ես տալիս եվրոպական առաջատար ակումբի խաղը, պետք է վերանաս ազգություններից: Բայց վատն այն է, որ կոնֆլիկտի հետեւանքը նաեւ հայաստանյան լուսաբանման մեջ է երեւում:

Հայաստանում չհեռարձակվեցին Մադրիդի «Ատլետիկո»-ի խաղերը, երբ մի խումբ (կարծում եմ՝ ոչ մեծ խումբ) պահանջեց, որ դրանք հեռուստատեսությամբ չցուցադրվեն միայն այն պատճառով, որ «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստների մարզազգեստի վրա գրված է՝ «Ադրբեջան՝ հրո երկիր», եւ տեղեկություններ կային նաեւ, թե Խոջալուի դեպքերի հետ կապված՝ մարզիկները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք պետք է մատուցեին:

Բնական է՝ որքան էլ ադրբեջանական ֆինանսավորումը հաճելի լինի «Ատլետիկո»-ին, նա չէր գնալու այդ պայմանին, եւ նման բան չեղավ, փոխարենը Հայաստանում չցուցադրվեց Իսպանիայի այս տարվա առաջնության լավագույն հանդիպումը:

Կարծում եմ՝ այս դեպքն ու Հենրիխ Մխիթարյանի անունը չտալը նույն հարթության վրա են, սա վկայում է կարճատեսության մասին թե՛ քաղաքական, թե՛ սպորտային առումով: Եթե, օրինակ, Մադրիդի «Ատլետիկո»-ն դառնա Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասնակից, ի՞նչ է, Հայաստանն այդ դեպքում չի՞ ցուցադրելու այդ խաղը: Կամ էլ «Ատլետիկո»-ի խաղը չի ցուցադրվել Հայաստանում, բայց բոլորը դիտել են այն մեկ այլ՝ ռուսական ալիքով: Այս դեպքում չցուցադրելու իմաստը ո՞րն է: Ընդամենը մարդկանց նեղ խմբի ցուցամոլ հայրենասիրությու՞նը:

Հայաստանյան մեդիայում նկատելի է նաեւ ադրբեջանական սպորտային անհաջողությունների չարախինդ լուսաբանումը: Սակայն չարախինդ հրապարակումներ անելուց առաջ պետք է նայել, թե ով ավելի մեծ հաջողություններ ունի սպորտում՝ Հայաստա՞նը, թե՞ Ադրբեջանը:

Եթե Հայաստանում կա ընդամենը մեկ-երկու սպորտաձեւ, որով մենք կարող ենք հպարտանալ կամ ունենալ կոչումներ (ֆուտբոլ, շախմատ), ապա մնացած մրցաձեւերում (անգամ ծանրամարտում, ըմբշամարտում, բռնցքամարտում, որոնք Հայաստանում հենակետային սպորտաձեւեր են համարվում) Ադրբեջանը մեզանից առաջ է անցել:

Չտեսնել այդ հաջողությունները եւ գտնել ու ծիծաղել ինչ-որ անհաջողության վրա, ընդամենը թուլության նշան է: Պետք է ուժեղ լինել ու սեփական հաջողությամբ հպարտանալ: Այս առումով կուզենայի, որ լրատվամիջոցներն ուղղորդվեին: Լավ իմաստով: Որ խմբագիրները կարողանային մարզական երիտասարդ լրագրողներին, որոնք չունեն ո՛չ լրագրության, ո՛չ էլ կյանքի մեծ փորձ եւ ամեն փոշու հատիկի մեջ ուզում են մեծ բաներ գտնել, բացատրել չափն ու ձեւը:

Հայաստանյան եւ ադրբեջանական մեդիան պետք է ամեն ինչ անի, որպեսզի կոնֆլիկտը, լինելով սպորտում, չդառնա ծիծաղելի:

Արմեն Նիկողոսյան
«Հայկական ժամանակ» օրաթերթի սպորտային մեկնաբան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?