«Երբ ինքդ ունես հաշմանդամություն, դա և՛ հեշտացնում, և՛ բարդացնում է աշխատանքդ»

16.01.2017, vox populi

Հիմա, երբ փոփոխություն է նախատեսվում իրականացնել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ, մեր առաջնային խնդիրներից է օրինագծի պարզեցված ներկայացումը, վերլուծումը: Օրենքի նախագիծը, որն արհեստականորեն բարդացված է, պետք էր որևէ կերպ ներկայացնել մարդկանց, ում համար, որ գրվել է այն:

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» նախագծով համակարգային (երբեմն ոչ ցանկալի) փոփոխություններ կլինեն մի շարք ոլորտներում։ Ենթադրվում էր, որ օրենքի նախագիծը պետք է ապահովեր հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց իրավունքները՝ բացառելով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում, սակայն ստացվեց «ինչպես միշտ»։

Սոցիալական փոփոխությունները (խուսափում եմ «բարեփոխում» բառի կիրառումից) հաճախ ներկայացնում ենք հարց ու պատասխանի միջոցով։ Օրինագծում առկա խնդրահարույց դրույթները ներկայացնելու համար նոր շարք ենք սկսել`  «Ի՞նչ պետք է իմանալ նոր օրենքի նախագծի մասին. կարևոր և վտանգավոր եզրեր»։ Դրանք սովորաբար ամենաշատ ընթերցված նյութերն են:

Բացի տեխնիկական մատչելիությունից մեզ համար բովանդակության մատչելիությունը ևս կարևոր է: Ամենևին չենք խուսափում տերմինների կիրառումից, որովհետև դրանք կարող են օգտակար աղբյուր դառնալ նաև ոլորտով հետաքրքրվող մասնագետների համար։

«Disabilityinfo.am»-ի խնդիրներից մեկը մարդկային պատմությունների միջոցով տարբեր հիմնախնդիրների մասին պատմելն է։ Օրինակ` գրում ես աջակցող կենդանիների մասին, որոնք կյանքի տարբեր ոլորտներում օգնում են հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Իսկ Հայաստանում աջակցող կենդանի պահող մարդ դժվար է գտնել նաև հասարակական կազմակերպություններին։ Ուստի ստիպված ստեղծում ես մի հրապարակում, որը այն չէ, ինչ կցանկանայիր ունենալ։

Բարդ է նաև փորձագետներ գտնելը։ Կա մի քանի ակտիվ հասարակական կազմակերպություն և անձ, որոնք ամեն օր կարող են տարբեր թեմաներով հարցազրույցներ, մամուլի ասուլիսներ տալ։ Բայց գտնել հայաստանցի փորձագետ, որը տիրապետում է, օրինակ, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների մատչելիության հիմնախնդիրներին, անհնար է։ Ուստի լրագրողը ստանձնում է այն դերը, որը սովորաբար զբաղեցնում է փորձագետը։

Դժվարություններից մեկը կյանքիդ ուղղակիորեն առնչվող հարցերի մասին գրելն է։ Երբ ինքդ ունես հաշմանդամություն, դա և՛ հեշտացնում, և՛ բարդացնում է աշխատանքդ։ Հեշտացնում է, որովհետև ունես հաշմանդամության հետ կապված որոշակի փորձառություն, գիտես մանրամասները։ Դժվարեցնում է, որովհետև լինում են աշխատանքային իրավիճակներ, երբ դառնում ես ակտիվիստ։

Ակտիվիզմ-լրագրություն հարաբերությունների ու իրավապաշտպան լրագրության մասին մտքերը հանգիստ չեն տալիս ու երբեմն կարող են կաշկանդել։

Մեր թիրախային լսարանը ներառում, բայց չի սահմանափակվում հաշմանդամություն ունեցող մարդկանցով: Բայց չգիտենք, թե հաշմանդամություն ունեցող քանի մարդ է օգտվում ինտերնետից: Ենթադրություններ անել կարող ենք՝ հիմք ընդունելով աղքատության բարձր մակարդակը:

Կա նաև լուսաբանման հստակ շրջանակ ունեցող լրատվամիջոցների խնդիր: Երբեմն դուրս ես մղվում տարբեր գործընթացներից, քանի որ չես էլ հավակնում ունենալ զանգվածային լսարան: Օրինակ` հավատարմագրվել Ազգային ժողովում, քանի որ չունես օրական 2000 դիտում և այլն:

Մուշեղ Հովսեփյան  
«Disabilityinfo.am»-ի խմբագիր

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?