«Մեդիան պետք է այնպես աշխատի, որ լուսաբանումը լրացուցիչ չբարդացնի իրավիճակը»

20.11.2014, Խաչմերուկ

Լրագրող

Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչք իրականացնելու ընթացքում Ադրբեջանի կողմից խոցվեց Լեռնային Ղարաբաղի ռազմական ուղղաթիռը: Այս մասին լուրն օրեր շարունակ հայաստանյան մեդիայի ամենաքննարկվող նյութն էր:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Միքայել Զոլյանը, ով այդ օրերին հետեւել է մեդիայի աշխատանքին, միջադեպի լուսաբանումը բաժանում է պայմանական երեք փուլերի` լուսաբանման իրենց առանձնահատկություններով: 

Որո՞նք էին միջադեպի լուսաբանման փուլերի առանձնահատկությունները:

Առաջինը տեղեկատվական փուլն էր, երբ օնլայն մեդիայում արագորեն տարածվեց միջադեպի մասին լուրը: Դրան անմիջապես հետեւեց հուզական փուլը. հրապարակումներում գերակշռում էին հույզերը, հայրենասիրական տոնայնությունը, որոշ դեպքերում շեշտվում էր հենց անձնական ողբերգությունը` ուղղաթիռի զոհերը, որոշ դեպքերում կոչեր էին արվում պատասխան գործողությունների:

Բավական ուշ` մի քանի օր անց սկսվեց վերլուծական փուլը, հարցեր բարձրացվեցին, թե ինչու դա տեղի ունեցավ եւ արդյոք դրանից կարելի էր խուսափել, արդյոք այս ամենը մարտավարական սխալի հետեւանք էր: Իհարկե, այդ ամբողջ ընթացքում կային նաեւ դավադրության տեսություներ:

Դավադրության տեսություններին հակված լինելն ընդհանրապես բնորոշ է մեր ամբողջ վերլուծական, քաղաքական եւ մեդիա դաշտին: Ռուսամետ կողմնորոշում ունեցող վերլուծաբաններն ու լրատվամիջոցները փորձում էին այդտեղ արեւմտյան հետք տեսնել, Ռուսաստանի դեմ հանդես եկող վերլուծաբաններն ու լրագրողները միջադեպը կապում էին Ռուսաստանի հետ:

Եթե լրագրողը կամ վերլուծաբանը պնդում է, որ այս կամ այն միջադեպը կազմակերպել է այս կամ այն մեծ տերությունը կամ այս կամ այն քաղաքական գործիչը, ցանկալի է, որ ավելի լուրջ փաստարկներ բերվեն, քան այն, որ «սա իրեն ձեռնտու է»: Նման դատողությունները կարող են նորմալ դիտվել ֆեյսբուքյան ստատուսներում, բայց պրոֆեսիոնալ լրագրողը կամ վերլուծաբանը պետք է ավելի լուրջ հիմնավորումներ ունենա:

Երեւանի մամուլի ակումբն իր ամփոփագրում նշեց, որ մեդիան բորբոքում է իրավիճակը` պատերազմական լեզու եւ ատելության խոսք օգտագործելով:

Առաջին փուլերում դա շատ ակնհայտ էր, եւ երբեմն ԶԼՄ-ների եւ սոցիալական ցանցերի միջեւ սահմանագիծը ջնջվում էր, ինչն, իհարկե, սխալ է: Մի բան է, երբ սոցցանցերում մարդն իր անձնական կարծիքն է արտահայտում, որը կարող է լինել նաեւ շատ ագրեսիվ եւ կոնֆլիկտի մյուս կողմի վերաբերյալ շատ բացասական, մեկ այլ բան, երբ մեդիան է այդ նույն լեզվով խոսում:

Բացի այն, որ դա վատ լրագրություն է (զգացմունքային եւ հուզական նյութերի համար բոլորովին էլ պետք չէ լինել պրոֆեսիոնալ լրագրող, ֆեյսբուքի ցանկացած օգտատեր կարող է անել դա), դա նաեւ վտանգավոր է կոնֆլիկտի հետագա խրախուսման առումով: Այդ վիճակը կարող է մանիպուլյացիայի տեղիք տալ: Եթե պետական մարմինն ուզում է բորբոքել կոնֆլիկտը, նա կարող է մանիպուլացնել մեդիան, եւ հակառակը, եթե պետական մարմինը չի ուզում բորբոքել կոնֆլիկտը, մեդիայի ճնշման տակ կարող է ստիպված լինել դրան գնալ:

Ցանկացած դեպքում մեդիան պետք է այնպես աշխատի, որ լուսաբանումը լրացուցիչ չբարդացնի իրավիճակը:

Հասկանում եմ, որ լրագրողների գործը շատ բարդ է, նրանք հաճախ շատ բարդ իրավիճակներում են աշխատում, բայց խորհուրդ կտայի, որքան հնարավոր է, զերծ մնալ զգացմունքային որակումներից, հատկապես ատելության կոչեր անելուց: 

Իհարկե, կատարվածը ողբերգական իրադարձություն էր, բոլորիս մոտ էլ այդ զգացմունքները կային, բայց լրագրողը պետք է ոչ թե իր զգացմունքներն արտահայտի, այլ տեղեկատվություն փոխանցի:

Սոցիալական եւ օնլայն մեդիայում ինչ-որ պահի սկսեցին շրջանառվել նաեւ ուղղաթիռի անձնակազմի անդամների անձնական լուսանկարները, ֆեյսբուքյան գրառումները:

Սա, երեւի, սոցիալական մեդիայի դարի հետեւանքն է, որից շատ դժվար է խուսափել: Մենք նման բան տեսնում ենք նաեւ Ուկրաինայի կոնֆլիկտի դեպքում. զոհերի սոցցանցային էջերը հաճախ հայտնվում են նորություններում:

Բայց այստեղ շատ լուրջ էթիկական խնդիր կա, որը պետք է հաշվի առնել, ի վերջո, գործ ունենք մարդկանց կյանքերի եւ նրանց հարազատների հետ, որոնց պետք է հարգել: Մեր հասարակությունում անհասկանալի արհամարհանք կա մահվան հանդեպ, այնպիսի տպավորություն կա, որ մեկ-երկու մահ ավել-պակաս նշանակություն չունի: Այս դեպքում էլ կարծես զինվորների մահը չի գնահատվում: 

Օրինակ` Իսրայելում մեկ զինվորի մահը կամ գերի ընկնելը սկանդալ է, եւ դա լուրջ հետեւանքներ է ունենում նաեւ պաշտոնյաների համար: Մեզ մոտ, իհարկե, զուտ քարոզչական տեսանկյունից շատ է խոսվում այն մասին, որ այդ մարդիկ հերոսաբար զոհվեցի: Բայց թե ով է մեղավոր, ով է պատասխան տալու զոհերի համար եւ արդյոք կարելի էր խուսափել դրանից, այս մասին, ցավոք, այնքան էլ չի խոսվում:

Ձեր գնահատմամբ` հասարակությունը ստացա՞վ այն ինֆորմացիան եւ այն ծավալով, որն անհրաժեշտ էր: 

Եվ’ այո, եւ’ ոչ, նայած` ում հետ ենք համեմատում: Մեր հարեւանների կամ հետխորհրդային երկրներից շատերի հետ համեմատած ծավալը գուցե նույնիսկ մեծ էր: Ես պատկերացնում եմ, որ հետխորհրդային այլ երկրներում դա էլ չէր լինի: Բայց անձամբ ինձ համար տեղեկատվության ծավալը բավական չէր: 

Փորձագիտական, ընդ որում` ռազմական փորձագետների կարծիքների պակաս կար: Նաեւ կարիք կար բարդ բաներն ավելի պարզ լեզվով ասելու, նեղ մասնագիտական կարծիքներն այնպես ներկայացնելու, որպեսզի միջին վիճակագրական հայաստանցու համար հասկանալի լիներ:

Նման դեպքերում այլ երկրներում ինֆոգրաֆիկներ եւ դիագրամներ են օգտագործվում, մեզ մոտ դրանք գրեթե չկային: Արդյունքում հիմա մի շարք հարցեր կան: Բայց դրականն այն է, որ այդ հարցերը տրվում են: Եվ դեռեւս չի կարելի ասել, թե թեմայի լուսաբանումն ավարտվել է ու մեդիան վաղվանից կմոռանա դրա մասին: Մենք այս միջադեպի մասին դեռ ավելին կիմանանք, քան գիտենք: 

Մի կողմից` քարոզչական պատերազմ կա, բնական է, որ դրանով էլ պետք է զբաղվել, եւ դրանով պետք է զբաղվեն համապատասխան մասնագետները: Բայց մյուս կողմից` կա նաեւ այն խնդիրը, որ մեր հասարակությունը պետք է պատկերացում կազմի, թե ինչ է տեղի ունեցել: Եվ այդ երկու խնդիրների միջեւ պետք է կարողանալ հավասարակշռություն գտնել:

Հարցազրույցը՝ Աննա Բարսեղյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?