2015.10.27,

Քննադատ

Անվստահելի ցանցային լրատվականներին բնորոշ մի քանի ցուցանիշ

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Հայաստանում անիմաստ և աննպատակ կայքերի թիվը, որոնք իրենց լրատվական են համարում, նորից սկսել է աճել։ 2014-ն ու այս տարվա սկիզբը բավականին հանգիստ էին, քանի որ ընտրություններն անցել էին, քարոզչական հարթակների իմաստը՝ հիմնականում կորչել։

Սակայն կարծես թե արդեն մտնում ենք 2016-ի նախընտրական արշավների փուլ, և լուրատեսակ նյութեր տարածողների թիվը կրկին սկսում է աճել։

Ստեղծված իրավիճակում կարևոր է, որպեսզի մարդը կարողանա կողմնորոշվել և թույլ չտա, որ իրեն սուտ կամ մանիպուլյատիվ տեղեկություններ կերակրեն։ Դրա համար ամենաճիշտը մի քանի վստահելի լրատվամիջոց ունենալն է, որոնց միջոցով կարելի է ճշտված տեղեկատվություն ստանալ։

Նույնիսկ եթե թվում է, թե որևէ անհայտ կայքից կարևոր և հրատապ լուր եք իմացել, լավ կլինի այն ճշտել վստահելի կայքից։ Եթե ճշտել չի ստացվում, արժե վերապահումներով մոտենալ այդ տեղեկատվությանը։

Իսկ ինչպես որոշել, թե որ կայքերին վստահել։

Կա մի քանի չափանիշ, որոնք պետք է հաշվի առնել`իրենց որպես լրատվական ներկայացնող, անբարեխիղճ կայքերը մաղելու համար։ Ինչքան ավելի շատ չափանիշներ են առկա, կայքն այնքան ավելի անվստահելի է։

Ահա այն հիմնական չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվել վստահելի աղբյուրներ ընտրելու գործում։

ա․ Ցանցային լրատվականը, որն իր «Մեր մասին» բաժնում ոչ մի հասկանալի տվյալ չունի (այն է՝ խմբագրի անունը, հասցեն, կապ հաստատելու տվյալներ), արդեն իսկ կասկածելի է։ Իհարկե, այս կետը չպետք է շատ միանշանակ ընդունել, քանի որ հնարավոր է՝ խիստ ընդդիմադիր ուղվածության լրատվականներն ուզենան թաքցնել իրենց ինքնությունը հասկանալի պատճառներով։ Ինչը ընդունելի է։ Բայց եթե կայքը տարածում է նյութեր, որոնք չունեն նմանատիպ հստակ ուղղվածություն, և մյուս կողմից թաքցնում խմբագրության դեմքը, դա արդեն ազդանշան է՝ այդ կայքին շատ լուրջ չվերաբերելու համար։

բ․ Կայքեր, որոնց լրահոսում հաճախ տեղ են գտնում մանիպուլյատիվ վերնագրեր։ Եթե լրահոսում հանդիպում են նյութեր, որոնցում խոսվում է աշխարհի վերջի, պատերազմի սկզբի, Երկրագնդի կործանման մասին՝ առանց հասկանալի հղումների։ Կամ երբ վերնագրում գրվում է «Մահացել է վարչապետը», «Մեծ վթար մետրոյում», «Ավտովթարից զոհվել է 120 մարդ», և միայն նյութը բացելիս է պարզ դառնում, որ այդ ամենը ուրիշ երկրում է տեղի ունեցել։ Նորմալ խմբագիրը պետք է վերնագրում նշի դեպքի վայրը։

գ․ Կայքեր, որոնց լրատվական նյութը կազմված է զուտ օգտատերերի ֆեյսբուքյան գրառումներից՝ առանց մեկնաբանության, վերլուծության կամ այլ կարծիքի ներկայացման։ Լրատվամիջոցը չի կարող պարզապես ստատուսի վերարտադրող լինել։ Սա, իհարկե, չի վերաբերում այն կայքերին, որոնք հենց նման սոցկայքերից լրաքաղով են զբաղվում։

դ․ Կայքեր, որոնց լրահոսում չափից շատ են «ՇՏԱՊ», «ՍԿԱՆԴԱԼ», «ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ» արտահայտություններ պարունակող վերնագրերը։ Նորմալ լրատվամիջոցները հաճախ կարող են օգտագործել «ՇՏԱՊ» բառը, երբ խոսքը հենց նոր ստացված, դեռ չմշակված հանրային կարևորություն ունեցող դեպքի մասին է։ Այս վերնագրով տրվում է կարճ նկարագրություն, մինչև լրագրողներն ավելի հանգամանալից նյութ կտրամադրեն։ Բայց երբ «շտապ»-ը դառնում է զուտ ուշադրություն գրավելու գործիք, սա արդեն նման լրատվամիջոցից զգուշանալու ազդանշան է։

ե․ Եթե կայքն անընդհատ հղում է կատարում վերացական «բրիտանական գիտնականներին», «թուրքական լրատվականներին», «բելգիական կազմակերպություններին» ՝ առանց նշելու կոնկրետ աղբյուրները, ուրեմն կայքում աշխատողներն էլ լավ չեն հասկանում, թե որն է իրենց աղբյուրը։ Ուրեմն, կարող են հանգիստ սխալվել։

զ․ Ցանկացած լրագրող և խմբագիր կարող է սխալվել։ Բայց արհեստավարժ լրագրողն իր սխալն ընդունում է, հետագայում տրամադրում է ճշգրտված տեղեկատվություն և ներողություն է խնդրում ընթերցողից։ Հայաստանում վատթարագույն դեպքում սխալը մնում է տեղում, կամ էջը պարզապես ջնջվում է, կարծես բան էլ չի պատահել։ Եթե կայքը, որն իրեն լրատվական է համարում, չի կարծում, որ պետք է միան ճշտված տեղեկատվություն տրամադրի, իսկ սխալներն՝ ընդունի, ապա հարկ է մտածել՝ արժե՞ արդյոք վստահել նման կայքի մյուս լուրերին։

Սա, իհարկե, շատ միանշանակ ցանկ չէ, բայց թույլ է տալիս ընտրություն կատարել։ Հարցն այն է, որ լրատվության դաշտում, անկախ ամեն ինչից, ընթերցողը պետք է իրեն սպառող զգա։ Եվ պետք է պաշտպանի սպառողի իր իրավունքները։

Լրատվական դաշտում դա արվում է հետևյալ կերպ՝ պարզապես դադարելով այցելել խաբող կայքերը։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *