2016.09.19,

Քննադատ

Մամուլը և հիմնական բնազդը․ ով կհաղթի

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Համացանցի գաղտնիքներից մեկն այն է, որ թրաֆիքի մեծ, եթե ոչ հիմնական մասը, բաժին է ընկնում պոռնոգրաֆիային։ Ընդհանրապես, երբ ցանցը նոր էր սկսել զարգանալ, հենց պոռնոգրաֆիան այստեղ մտցրեց տնտեսական հարաբերություններ։ Դա էլ իր հերթին թույլ տվեց ինտերնետն ինչ-որ առումով դարձնել մեր կյանքի մի մաս։

Հավես ունեցողները կարող են տասնհինգ տարի առաջ գրված այս վերլուծությունը կարդալ և մոտավորապես պատկերացնել պոռնոգրաֆիայի ծավալները համացանցում։ Բայց մենք կփորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում հայացանցում այս և հարակից հարցերում։

Մենք տարբերվում ենք, քանի որ, օրինակ, պոռնոգրաֆիայի տարածումը Հայաստանում ոչ միայն բարոյապես դատապարտվում է, այլ նաև քրեորեն հետապնդվում է։ Մյուս կողմից, մեր հանրության համար Քրեական օրենսգիրքը երբեք խոչընդոտ չի եղել։ Առավել ևս, որ ցանցը հնարավորություն է տալիս օգտվելու օտար բարիքներից։ Արդեն հին, բայց իրական պատմություն է, որ Գուգլում տոկոսային առումով հենց Հայաստանից են ամենաշատը «porno» բառը փնտրում։ Նկարի վրա կարող եք տեսնել Գուգլի վիճակագրությունը 2004 թվականից սկսած։

Եվ տարիներ շարունակ մենք հետ էինք թողնում ալբանացիներին, թուրքերին և վրացիներին։ Նույնիսկ պարագվայցիները չէին դիմանում մեր եռանդին։ Սակայն վերջին ամիսներին ինչ-որ բան սկսեց փոխվել։ Վերջին երեք ամիսներին մենք սկսեցինք զիջել դիրքերը։ Անսպասելիորեն առաջ ընկավ Մոնղոլիան, Թուրքիան՝ նույնպես։

Ի՞նչ է կատարվում։ Միանշանակ գնահատականներ տալ, անկասկած, դժվար է։ Սակայն ինտերնետային վիճակագրություններում Հայաստանը միշտ տարօրինակությունների կրող է։ Դրանցից մեկն էլ այն է, որ աշխարհի մեծագույն պոռնկագրական կայքերը այստեղ զիջում են իրենց դիրքերը մամուլին։

Եթե նայենք Հայաստանից վերջին ամսվա այցելությունների վիճակագրությունը ըստ Similarweb-ի, կտեսնենք, որ սկզբից ամեն բան նորմալ է․ սոցցանցեր, Յություբ, Գուգլ։ Այսպես է ողջ աշխարհում։ Իսկ հետո մեզ մոտ գալիս են լրատվական կայքերը։ Առաջին «մեծական» կայքը հայտնվում է միայն տեղական չորս լրատվամիջոցներից հետո, այն էլ՝ քսանհինգերորդ տեղում։

Օրինակ՝ Գերմանիայում, որը հայտնի է անաչառ լրագրությամբ, խողովակներ սարքողների և լոգավազան մաքրողների մասին կայքերը շատ ավելին են դիտվում, քան հանրահայտ «Շպիգելը»։

Մեծ Բրիտանիայում «Դեյլի Մեյլն» է փորձում մրցակցել պոռնոգրաֆիայի հետ։ Բայց դե բոլորը գիտեն, որ «Դեյլի Մեյլը» բովանդակությամբ դրանցից շատ չի տարբերվում։

Դիտարկումները այսպես կարելի է շարունակել։ Եվ կարելի է հանգել մեկ ենթադրության․ վերջին ամիսները մեզ այնքան են քաղաքականացրել, որ մամուլը զբաղեցնում է պոռնոգրաֆիայի տեղը։ Հաշվի առնելով գալիք ընտրությունները՝ կարելի է ենթադրություն անել, որ միտումը կշարունակվի, և հանրությունը է՛լ ավելի կտրվի նորություններին և փորձագիտական վերլուծություններին՝ մոռանալով հիմնական բնազդները։

Սա լա՞վ է, թե՞ վատ. դեռ հայտնի չէ։ Քանի որ սա նորություն է մարդկության պատմության մեջ։ Ուշադիր հետևենք իրավիճակին։ Մի բան է պարզ․ քաղաքականությանը տրվելը ազգաբնակչության աճին չի նպաստում։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *