«Ես իմ ժողովրդին ավելի լավ կծառայեմ՝ մեր մասին աշխարհին պատմելով»

30.06.2016, հայ

Մեդիային եւ հաղորդակցությանը առնչվող ամեն ինչով հետաքրքրվող մարդ:
Ջերմեռանդ հեծանվորդ, դժկամ լրագրող եւ միշտ ձգտող գրող: Media.am-ի թարգմանիչ:

 

Մարի Ներսեսյան-Սաղարյանը կանադական CTV-ի առցանց լուրերի ավագ պրոդյուսեր է: Ռայերսոն համալսարանի լրագրության ֆակուլտետում ուսանելիս նա իր երազած պրակտիկան անցավ The Globe and Mail-ում: Ապա «դեպքերի բերումով» դիմեց CTV-ին, որտեղ սկզբում լրագրող էր, հետո՝ պրոդյուսեր, և մինչ օրս այդ պաշտոնին է:

Նա հայտնաբերեց, որ սիրում է կազմակերպել և ղեկավարել. « Շատ արագ հասկացա, որ ուզում եմ ոչ թե թղթակից լինել դեպքի վայրում, այլ վերահսկել դեպքերի ընթացքը»:

Մարին կարծում է, որ տեղեկացված հասարակություն ունենալը կարևոր է, և փորձում է ավելի ու ավելի շատ մարդկանց մղել՝ լուրերին հետևելու: Որպես հայ նա իր դերը համարում է աշխարհին հայկական թեմաներ մատուցելը:

Դուք մասնագիտացել եք որպես թերթի լրագրող, բայց աշխատում եք առցանց լուրերի համար: Ինչպե՞ս եղավ:

Ես միշտ ուզել եմ թերթում աշխատել, բայց երբ Globe-ն ինձ իր առցանց բաժնին կցեց, հասկացա, որ սիրում եմ հրատապությունն ու այսրոպեականությունը: Սիրեցի լուրերի կայքի աշխատանքը:

Բախտավոր եմ առցանց բաժնում աշխատելուս համար, քանի որ իմ այս հմտություններն ինձ կապում են հաջորդ սերնդի հետ: Գուցե դա երջանիկ պատահականություն էր, գուցե՝ ոչ, գուցե՝ առաջ նայելու ունակություն…

Որպես առցանց լուրերի պրոդյուսեր՝ ձեր ամենօրյա պարտականությունները որո՞նք են:

Հանձնարարություններ տալ, խմբագրել, նախապես ծրագրել անելիքը, CTV-ի հեռուստատեսային թիմի հետ ժողովների մասնակցել, որպեսզի կարողանանք նյութեր, կադրեր փոխանակել:

Եթե ես մեկ այլ տեղում աշխատեի, խմբագիր կկոչվեի: Բայց քանի որ սա հեռուստատեսային աշխարհ է, պաշտոնս կոչվում է պրոդյուսեր:

Երբ տուն եմ վերադառնում, ընկղմվում եմ հաջորդ օրվա կազմակերպական հարցերի մեջ: Դու պարտավոր ես նախապես անել դա, պարտավոր ես նախ ինքդ քեզ կազմակերպել, որպեսզի ցանկալի արդյունքի հասնես: Ես ճաշելու փոխարեն ուտում եմ հենց գրասեղանիս մոտ: Անընդհատ հանդիպումներ, խմբագրելու լիքը գործ, դադար չկա՝ պիտի վստահ լինես, որ ժամանակին ու տեղին լրատվություն ես տարածում…

Ես սիրում եմ արագ արձագանքը, սիրում եմ մարդկանց ղեկավարել, գնահատել նրանց ուժեղ և թույլ կողմերը և այնպես եմ անում, որ գործն առաջ գնա լավ յուղած մեքենայի պես, որը հրատապ իրադարձության դեպքում կկարողանաս անմիջապես արձագանքել: Կարծում եմ՝ մենք դա լավ ենք անում:

Լուսանկարը՝ Կատյա Կոնյուխովայի

Դեպքի վայրում աշխատող ձեր լրագրողների համար պարտադի՞ր է մուլտիմեդիա նյութեր պատրաստելը:

Պարտադիր չէ: Մենք ասում ենք, որ մենք առաջին հերթին առցանց էջի համար ենք աշխատում: Ի դեպ, CTV news-ը Snapchat-ի իր գաղտնաբառն ունի, ես այն տվել եմ նրանց, և զարմանալիորեն լավ աշխատեց: Երբ լուրերի գլխավոր վարող Լիզա ԼաՖլամը Լոնդոնում էր՝ լուսաբանելու թագուհու ծննդյան տարեդարձը, ես չէի կարող կեղծել. ուղիղ եթեր է, և նրանք այնտեղ են: Գուցե ոմանք ասեն՝ արժե՞ր, բայց կարծում եմ, որ մշտապես Snapchat-ում եղողների համար արժեր:

Բոլոր թղթակիցների համար պարտադիր չէ՞ Twitter-ում իրենց անձնական հաշիվներն ունենալը:

Ոչ, պարտադիր չէ, բայց բոլորն այժմ ունեն: Ոմանք ավելի ակտիվ են, ոմանք՝ համեմատաբար պակաս: Բայց կարծում եմ, որ նրանցից շատերն են հասկանում առավելությունը. դա լրացուցիչ միջոց է՝ կարծիքներ ստանալու:

Դուք ինչպիսի՞ գործիքներից եք օգտվում հնարավոր լսարանն ուսումնասիրելիս:

Մենք մեր վերլուծական գործիքներն ունենք, որոնց մասին չեմ խոսի, որովհետև չեմ ուզում, որ մեր մրցակիցներն իմանան: Բայց ես տեսնում եմ, թե մեր կայքում ինչն են շատ նայում, ես նաև տեսնում եմ, թե աշխարհում որն է քննարկվող գլխավոր թեման, օրինակ, Facebook-ում կամ Twitter-ում. իհարկե, ես նայում եմ Twitter-ի միտումները, նկատում եմ նաև, որ երբեմն կեղծ արշավներ են արվում: Եղել է, որ բազմաթիվ էլեկտրոնային նամակներ ենք ստացել՝ ինֆոգրաֆիկայով, թե ինչպես են փախստականները կենսաթոշակառուներից ավելի մեծ գումար ստանում: Բայց ստուգեցինք և պարզեցինք, որ տեղեկությունները կեղծ էին: Դա մեր ամենակարդացված նյութերից է:

Ձեր կարծիքով, ո՞րն է մեդիայի դերը. լսարանի պահանջմունքին հետևե՞լը, թե՞ որոշելը, թե ինչն է կարևոր ու այդ մասին տեղեկություն պատրաստել-տարածելը, թեկուզ եթե լսարանը դա կարևոր չի համարում:

Համոզված եմ, որ շատ լրատվամիջոցներ լսարանի պահանջմունքի հետևից են ընկած, սակայն մենք, իրոք, դա չենք անում: Մենք ընտրությունները լուսաբանում ենք մինչև վերջ, նույնիսկ եթե մարդիկ արդեն ընտրական թեմաներից հոգնել են: Որովհետև դա կարևոր է:

Իմ նպատակն է, որ լրատվական յուրաքանչյուր նյութ հետաքրքիր լինի, և մարդկանց պետք է բացատրել, թե ինչու է դա հետաքրքիր, որովհետև երբեմն նրանք չգիտեն, թե ինչու պետք է դա իրենց հետաքրքրի:

Կպատմե՞ք ձեր սեփական՝ #KidFriendlyNews նախագծի մասին:

Ես փորձում եմ ամեն օր այնպես մատուցել լուրերը, որ երեխայի համար հասկանալի ու գրավիչ լինի. շատ կարևոր է տեղեկացված հասարակություն ունենալը: Խենթության եմ հասնում, երբ մարդիկ լուրերից անտեղյակ են լինում: Տխրում եմ:

Հիշում եմ՝ ծնողներիս հետ նստում էինք հեռուստացույցի առջև՝ դիտելու Նելսոն Մանդելայի ազատումը: Մենք ամբողջ ժամանակ լուրերն էինք քննարկում: Միշտ օրվա թերթեր կային մեր տանը: Ուստի, հույս ունեմ, որ #KidFriendlyNews-ի միջոցով մարդիկ իրենց երեխաների հետ կզրուցեն աշխարհի անցուդարձից:

Սա այն է, ինչի հնարավորությունը տալիս է սոցիալական մեդիան՝ մարդկանց հրապուրելու միջոցներ գտնել, որոնց շնորհիվ նրանք կկարդան ձանձրալի թվացող, բայց կարևոր բաները:

Կանադայում դուք երբևէ գրե՞լ եք սփյուռքահայ մեդիայի համար, թեկուզ երբ նոր-նոր էիք սկսում:

Ո՛չ, ես սկսել եմ Scarborough Mirror թերթում: Ավագ դպրոցում էի դեռ, զանգեցի ու ասացի, որ ուզում եմ առաջարկել կամավոր ծառայություններս, և նրանք ինձ վերցրին որպես պրակտիկանտ: Համալսարանի տարիներին Toronto Star-ում և Globe-ում եմ պրակտիկա անցել, որոշ բաներ «Հորիզոնի» համար եմ արել՝ առանց որևէ ակնկալիքի: Եվ անկեղծ եմ ասում՝ մտածում եմ, որ իմ ժողովրդին ավելի լավ կծառայեմ մեր մասին աշխարհին պատմելով: Ես երբեմն որոշ նյութեր գրում եմ Toronto Hye-ի համար: Բայց մենք ինքներս Ջարդի մասին գիտենք, ես ուզում եմ մնացած բոլորին պատմել այդ մասին, և մենք CTV-ում Ջարդի իրազեկման հարցում ավելի շատ բան ենք արել, քան այլ որևէ մեկը:

Մի անգամ շատ բարկացրին ինձ: Toronto Star-ի համար հոդված էի գրել մանթիի ( խմորով և մսով կերակրատեսակ) մասին: Բավական երկար էի աշխատել և մանթին ընտրել էի որպես Տորոնտոյի իմ համայնքի մասին պատմելու միջոց: Իսկ շաբաթը մեկ հեռարձակվող հայկական մի հեռուստաընկերություն հաղորդեց՝ «Այս շաբաթ Toronto Star-ը գրել է մանթիի մասին»: Եվ ոչ մի խոսք՝ իմ մասին: Toronto Star-ը չէր գրի մանթիի մասին, եթե իմ մտքով չանցներ գրել: Ես ահագին բարկացել էի: Մենք՝ հայերս, հավելյալ ջանք պիտի ներդնենք՝ մեկս մյուսին վեր բարձրացնելու:

Եղե՞լ է, որ ձեզ առաջարկեն որևէ կոնկրետ թեմա լուսաբանել, որովհետև հայ եք:

Ոչ, երբեք: Բայց երբ իմացա, որ պապիկս Ցեղասպանության մասին հուշեր է գրել, CTV-ում ասացի. ես իրոք ցանկանում էի մի բան անել այս թեմայով:

Հոդվա՞ծ:

Այո': Եվ ես պետք է բացատրեի, թե ինչու է դա կարևոր: Առիթը՝ ինչպես են աշխարհի լրատվամիջոցները լուսաբանում Ցեղասպանության թեման, և որն է նրանց քաղաքականությունը: Այժմյան ժամանակները չէին, երբ մարդիկ հանգիստ գործածում են «ցեղասպանություն» բառը: Վերջին տասը տարիներին այդ առումով շատ բան է փոխվել: Ես նաև հարցազրույց արեցի Թուրքիայի դեսպանի հետ. պարտավոր էի խոսել նաև մյուս կողմի հետ: Հատկապես, քանի որ հայ եմ, շատ մեծ պատասխանատվություն էր՝ անաչառ լինելու առումով: Հրապարակումից հետո նա զանգեց ինձ և ասաց, որ անաչառ գործ եմ արել:

Հայկական թեմաներին նախապատվություն տալի՞ս եք, կամ հատուկ ուշադրություն դարձնու՞մ եք:

Անձնապես՝ այո: Բայց իմ ձեռքի տակով անցնող նյութերին դա չի վերաբերում: Իսկ անձամբ հետաքրքրվում եմ հայկական թեմաներով, մարդկային պատմություններով, և ես ավելի հակված եմ ներգաղթի, օտար երկրում նոր կյանք սկսելու, Միջին Արևելքի, Արևելյան Եվրոպայի թեմաներին, քան իմ գործընկերներից ոմանք:

Որքանո՞վ է Կանադայի մեդիան հետաքրքրված Հայաստանից լուրերով կամ հայկական թեմաներով: Դրանք թեժ թեմաներ դառնու՞մ են:

Երբ #ElectricYerevan ցույցերն էին, մենք մի քանի նյութ հրապարակեցինք: Ոչ ոք չհետաքրքրվեց: Երևանում ավտոբուս պայթեց՝ ոչ ոքի չհետաքրքրեց: Գերմանիան ճանաչեց Ցեղասպանությունը. նյուզրումում այն գնահատվեց լրատվական տեսակետից արժեքավոր, այն մեր գլխավոր լուրերի մեջ էր, բայց իրականության մեջ այնքան էլ մեծ ուշադրության չարժանացավ: Նույնիսկ՝ երբ Հռոմի պապը ճանաչեց Ցեղասպանությունը, որն ինձ համար գոնե հետաքրքիր էր: Երբ Քիմ Քարդաշյանը Հայաստան էր մեկնում, այդ շրջանում որոշակի հետաքրքրություն կար: Բայց կարծում եմ, որ մի բանը մի անգամ իմացան, երկրորդ անգամ արդեն չեն ուզում լսել այդ մասին:

Երբ զրուցում էինք, ասացիք, որ ձեր երեխաներին խորհուրդ չէիք տա լրագրող դառնալ, ինչու՞:

Որովհետև նույն սթրեսները նրանց չեմ ցանկանում: Աշխատավարձը ցածր է, վերջերս Կանադայում այս ոլորտի շատ աշխատատեղեր կրճատվեցին: Ես նրանց խորհուրդ կտամ ընտրել եկամտաբեր գործ: Բայց դու պետք է նաև սիրես մասնագիտությունդ. ինքս սիրում եմ, հակառակ դեպքում, մինչ օրս դրանով չէի զբաղվի:

Հարցազրույցը՝ Ադրինե Տեր-Պողոսյանի
(բնագիր հարցազրույցը՝ անգլերեն)
Թարգմանությունը՝ Ռուզան Խաչատրյանի

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?