Լոնդոնյան օլիմպիական խաղերը կլուսաբանեն նաեւ հայ լրագրողները
Հանրային եւ «Կենտրոն» հեռուստաընկերությունները իրենց բացառիկ բովանդակությունը կունենան 2012-ի օլիմպիական խաղերից:
Հուլիսի 27-ից օգոստոսի 12-ն անցկացվելիք օլիմպիադան լուսաբանելու համար հեռուստաընկերությունները մարզական մեկնաբաններ են գործուղել Լոնդոն:
Օլիմպիական խաղերը մինչեւ 140 ժամ ուղիղ հեռարձակելու բացառիկ իրավունք ձեռք բերած Հանրային հեռուստաընկերության մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը ուղիղ միացմամբ կմեկնաբանի այն մրցաշարերը, որտեղ կմասնակցեն հայ մարզիկներ:
«Մեր մարզիկների մասնակցությամբ մրցաշարերից բացի՝ կցուցադրենք նաեւ օլիմպիադայի կարեւորագույն միջոցառումներն ու մրցաշարերը: Հ1-ի մյուս մեկնաբանները այստեղից կմեկնաբանեն այլ մրցաշարեր եւ սպորտաձեւեր
եւս»,- ասում է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Գագիկ Բունիաթյանը:
5 օլիմպիական խաղեր լուսաբանած մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանը օլիմպիադային կմեկնաբանի ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի եւ թեքվանդոյի մրցաշարերը:
Լոնդոն 2012-ի ընթացքում «Կենտրոն» հեռուստաընկերության համար կաշխատի մարզական լրագրող Կարո Պողոսյանը:
«Ռեպորտաժներ կունենանք բոլոր այն միջոցառումներից, որտեղ մասնակցում են մեր մարզիկները: Որոշ դեպքերում հնարավոր է՝ նաեւ Լոնդոնի հետ ուղիղ կապ հաստատենք հեռախոսի միջոցով: Իսկ կարեւորագույն միջազգային խաղերի տեսանյութերի համար կօգտվենք Reuters-ից»,- ասում է «Կենտրոն» հեռուստաընկերութան ռեժիսոր Ռուզաննա Ավագյանը:
Աննա Բարսեղյան








































Comments
Մեկնաբանել