«Լրագրողի գործում կարևոր է տեսնել այն, ինչ առաջին հայացքից տեսանելի չէ»

Միշտ ավելի հեշտ է լսել Ազգային ժողովում տեղի ունեցած որևէ սկանդալային հայտարարություն, մեղադրանք կամ անեկդոտ, անմիջապես սղագրել այն, դնել կայքում ու հազարավոր դիտումներ ապահովել: Խորքային նյութի պատրաստումը պահանջում է ջանք, թեման համբերատար փորփրելու, վերլուծելու, ավելի շատ զանգեր ու հարցումներ անելու կարողություն։

Պահանջում է նաև համակերպում այն մտքի հետ, որ արդյունքում հնարավոր է նյութն ավելի քիչ դիտումներ ունենա, քան րոպեական կազմված սկանդալային լուրը՝ հիմնված որևէ պատգամավորի, քաղաքական գործչի անզգույշ խոսքի վրա, որի տարածումը պահանջում է նվազագույն աշխատանք. միանգամից համատեքստից կտրում ու դնում են ինտերնետում, անգամ ասածի առիթն ու վայրը չեն նշում:

Իհարկե, սա լրագրություն չէ, ավելի շուտ առանց վերջնարդյունքն իմանալու տեղեկատվության տարածում է:

Բայց վստահ եմ՝ որքան էլ արագ պատրաստվող այդ լուրերը դիտվեն ու ընթերցվեն, միևնույն է, լսարանը որակյալ պրոդուկտի պահանջ ունի, և այդ պրոդուկտի ազդեցությունն ավելի մեծ է: Դա ասում եմ՝ նաև մեր փորձից ելնելով: Որակյալ նյութի սպառողը ավելի գիտակից և որոշումների վրա ազդող հատվածն է։

«Սիվիլնեթ»-ում հրապարակված նյութերը, որոնք տևում են, ասենք, 2-3 րոպե (օրինակ` «Քո գրպանից» հաղորդաշարը), բավական երկար են պատրաստվում: Տվյալները ստուգելու համար, օրինակ, հարցում ենք ուղարկում որևէ գերատեսչություն ու հաճախ ամիսներով սպասում պատասխանի: Իհարկե, ըստ օրենքի՝ պետք է պատասխանեն առավելագույնը 30-օրյա ժամկետում, բայց պատահում է, որ ուղարկում են կա՛մ կիսատ, կա՛մ էլ բոլորովին ուրիշ հարցի պատասխան, և մենք ստիպված ենք նորից հարցում ուղարկել, նորից սպասել:

Այդ պատճառով էլ շատ թեմաներ դանդաղում են, արդյունքի չեն հասնում և կախվում օդում որպես անավարտ հրապարակումներ: Հասկանում ենք, որ կարևոր է լինել հետևողական, զբաղվել թեմայի զարգացումներով:

Մենք շեշտադրումն անում ենք վիզուալ նյութերի վրա՝ սկսած ամենօրյա ռեպորտաժներից, վերջացրած անիմացիոն նյութերով և ինֆոգրաֆիկայով: Իսկ դա բավական աշխատատար պրոցես է: Նյութի պատրաստումը երկարում է, թանկանում:

Սովորաբար թեման ինքն է հուշում, թե վերջնական արդյունքը ինչ տեսք կունենա: Յուրաքանչյուրս (լրագրող, խմբագիր, ռեժիսոր, մոնտաժող) նյութին նայում է իր աչքով: Հնարավոր է նաև, որ փոխվի նախապես ծրագրված նյութի ձևաչափը, օրինակ, տեսանյութը դառնա ինֆոգրաֆիկա կամ տեքստ և հակառակը։

Կարծում եմ, որ հիմա լուրջ խնդիր է տնտեսական լրագրողների պակասը, հատուկենտ մարդիկ են երևում մեդիա դաշտում: Գուցե կտրուկ հնչի, բայց Հայաստանում քաղաքական վերլուծությունները որակյալ չեն և մեծ հաշվով հետաքրքիր չեն: Մեզ մոտ քաղաքականության մասին գրելու համար լուրջ պատրաստվածություն պարտադիր չէ (ցանկացած կարող է հոդված գրել՝ հաճախ չունենալով դրա համար պատշաճ մասնագիտական գիտելիքներ), իսկ տնտեսության մասին գրելիս հարկավոր է առնվազն տեղյակ լինել թվերին, վիճակագրությանը, փաստերին, և այդ ամենը կարողանալ համադրել, համեմատել:

Ասենք` հայտարարվում է, որ կառավարությունը որոշում ընդունեց այսինչ ընկերությանը արտոնություն տրամադրելու մասին: Շատերը տեղադրում են պաշտոնական հաղորդագրությունը և դրանով սահմանափակվում:

Դրանից այն կողմ եղածը տեսնելու փորձերը քիչ են: Մինչդեռ, օրինակ, հաճախ պարզվում է, որ արտոնություն ստացող ընկերությունը կապված է բարձրաստիճան կոնկրետ պաշտոնյայի հետ: Կառավարությունը փորձում է արտոնություն տալու որոշումը ներկայացնել դրական՝ բիզնեսին աջակցելու լույսի ներքո, բայց պարզվում է, որ իրականությունը բոլորովին այլ է:

Կարծում եմ՝ լրագրողի գործում ամենակարևորը տեսնելն է այն, ինչն առաջին հայացքից տեսանելի չէ: Շատ կարևոր է լրագրողի ինստիտուցիոնալ հիշողությունը։ Միայն առկա հում նյութը բավարար չէ լավ պրոդուկտ ստանալու համար։

Լրագրողական բացահայտումների հիմքում կապերն են, որոնք ստեղծվում են լրագրողների և նրանց տեղեկատվալան աղբյուրների միջև: Դա թե՛ անձնական կապերն են (ասենք` լրագրողն ու նախարարը կարող են միասին սուրճ խմել և զրուցել), թե՛ լրագրողի հոտառությունը:

Երբ, օրինակ, կառավարությունը գաղտնի որոշմամբ Մարզահամերգային համալիրի շենքը հանձնել էր պաշտպանության նախարարությանը, մեր լրագրողն իր հոտառության շնորհիվ հայտնաբերեց այդ գաղտնի փաստաթուղթը, լուրի «պոչը բռնեց» և բացահայտեց ողջ շղթան:

«Սիվիլնեթ»-ը խնդիր չի դնում աղմկահարույց և սկանդալային նյութեր անելու, բայց մեզ մոտ շատ են նյութերը, որոնք ենթադրում են իրավական հետևանքներ:

Օրինակ` ֆինանսների արդեն նախկին նախարարի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահումների, հարազատներին պատկանող ընկերություններին տրամադրվող արտոնությունների, բազմամիլիոնանոց պատվերների մասին մեր նյութերն առ այսօր իրավական որևէ հետևանք չեն ունեցել։

ՀՀ նախագահը պետական օդանավով անձնական նպատակներով մեկնում է Մոսկվա՝ հարսանիքի։ Նախագահի խոսնակը մեր լրագրողի հարցմանն ի պատասխան՝ չի էլ կաշկանդվում ասելու, որ դրա համար վճարվել է պետական բյուջեից՝ հարկատուների գրպանից։

Լրագրողական նյութերն անհետևանք են մնում: Բայց կարծում եմ՝ դա օրինաչափ է մեզ նման հասարակություններում, քանի որ Հայաստանում մյուս ինստիտուտները չեն աշխատում: Ասենք՝ դատական համակարգը: Ոչ մի պետական մարմին՝ դատախազություն, հատուկ քննչական ծառայություն և այլն, չի հանդգնի գնալ լրատվամիջոցի հրապարակման հետքերով, երբ հարցը վերաբերում է վերևներին։

Բայց դա չպիտի թևաթափ անի լրագրողներին, քանի որ նրանք առնվազն ցույց են տալիս գոյություն ունեցող խնդիրները: Եվ հարցեր են տալիս:

Լրագրողը պետք է պատրաստ լինի մարտահրավեր նետել: Իհարկե, եթե սուր հարցեր տաս, հաջորդ անգամ քեզ հարցազրույց չեն տա, բայց գոնե կկարողանաս օգտագործել քեզ տրված մեկ առիթը: Եվ թքած, որ հետո չեն կանչի:

Մարդիկ հոգնել են այն իրավիճակից, երբ չեն տեսնում, որ ընտրությունների միջոցով կարելի է որևէ բան փոխել։ Նրանք ուզում են հավատալ, որ բարեփոխողը կարող է մեկ մարդ լինել: Դա նման է հավատին, որ կա անդրշիրիմյան կյանք: Հավատի պահանջն այնքան մեծ է, որ ակամա սկսում ես հավատալ ենթագիտակցորեն անհավատալիին:

Չեմ ուզում միայն քննադատողի դերում լինել, մանավանդ, որ «Սիվիլնեթի» առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ փորձում է ոչ շատ ուրախ իրականության մեջ նաև վառ բաներ տեսնել: Լավը տեսնելը, վաղվա օրվան հավատալը բնական պահանջ է նաև լրագրողների մոտ:

Հիմա կարծես թե հասունացել է դասական լրագրության սահմանները խախտելու ժամանակը: Դասական տարբերակում լրագրողն անում է իր գործը և ակնկալում, որ հաջորդ քայլը կանեն մյուս ինստիտուտները: Մեզ մոտ այդպիսի իրավիճակ չէ:

Տեսանք, թե ինչպես էին հուլիսին ոստիկանները մարդկանց դաժանորեն ծեծում Խորենացու փողոցում, իսկ հետո տեսանք, թե ինչպես է ոստիկանությունն իր աշխատակիցներին շքանշաններով պարգևատրում: Այդ ժամանակ արդեն չի ստացվում դասական լրագրության կանոններով աշխատել, մանավանդ, որ դաժան ծեծվածների շարքում էր մեր նախկին խմբագիրներից մեկը՝ համակրելի ու բարի անձնավորություն:

Երևի այս պայմաններում լրագրողները (նաև ինժեներները, բժիշկները և այլն) մի քիչ ավելին են, քան դասական մասնագետներ: Չես կարող չլինել ըմբոստ մի երկրում, որտեղ 30 տոկոս աղքատություն կա, ամեն քայլափոխի պետական միջոցների չարաշահում և մսխում է, և որտեղ քաղաքացին անպաշտպան է:

Տարբեր ոլորտներում էլ կան լավ աշխատող կղզյակներ (նաև մեդիա դաշտում), բայց դրանք դեռ չեն դարձել կրիտիկական զանգված, որպեսզի ազդեն ընդհանուր իրավիճակի վրա:

Կարեն Հարությունյան
«Սիվիլնեթ» ինտերնետային հեռուստատեսության գլխավոր խմբագիր

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *