2015.05.25,

Քննադատ

Մի երկխոսության առիթով. լրագրողը չպետք է դառնա կողմ

Այս ուշագրավ զրույցի ընդամենը մի մասն է տպագիր խոսքի տեսք ստացել մամուլում: Հիշեցնենք՝ մայիսի 20-ին Գյումրի այցելած ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ինձ անհայտ մի լրագրողի միջեւ տեղի էր ունեցել հետեւյալ երկխոսությունը:

Ոստիկանապետը խոսել էր այն մասին, թե Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքից տուժածները երեք օր ոչ մի հայտարարություն չեն արել՝ հավելելով. «Պետք է դադարի մեր հասարակությունը «գողական մտածելակերպ» ունենալ: Երբ որ ծեծում են, երբ որ ծեծվում են՝ «մենք չենք ասի, գնացեք գտեք»: Դուք չեք ասի, մենք էլ չենք գտնի»:

Լրագրողը նկատել էր. «Գողականները իշխանության մեջ են, դրանից է, որ հասարակությունը շարունակում է…. Սուրիկ Խաչատրյանը՝ լավագույն օրինակ»: Վլադիմիր Գասպարյանն ընդհատել էր. «Գողականներ իշխանության մեջ չկան, բայց մտածելակերպ ունեցող մարդիկ կան ամեն տեղ՝ եւ՛ լրագրողների, եւ՛ մեր մեջ… Դուք էլ, մենք էլ, մյուսներն էլ մեր այս հասարակության անբաժան մասերն ենք: Ի՞նչ է, ձեր մոտ կաշառակեր ու սրիկա լրագրող չկա՞: Ուզում եք՝ 15 րոպե հետո մի դյուժին հանեմ դատարանի առաջ»:

Ահա այսքանը հրապարակվել է: Ու առարկելու հարց չկա Վլադիմիր Գասպարյանին՝ հաշվի առնելով, թե միայն վերջին շրջանում քանի լրագրող կանչվեց պատասխանատվության՝ խարդախության, շորթման դեպքերի համար: Ու հաստատ նրանց թիվը կարող էր լինել ավելին, եթե հայտնի դառնային ու ընթացք տրվեին լրագրողական կոռուպցիայի այն օրինակներին, որոնց մասին գիտեն մեր մասնագիտական շրջանակներում: Դեռ չենք խոսում «կեղծ լրագրողների» մասին, որոնք, ներկայանալով որպես որեւէ ԶԼՄ-ի թղթակից, հատկապես մարզերում փորձում են «փող աշխատել»:

Սակայն երկխոսության մասնակից լրագրողն առարկել էր ոստիկանապետին եւ պնդել. «80%-ը Բաղրամյան 26-ի կողմից է ֆինանսավորվում, Սերժ Սարգսյանի փեսայի հովանավորության տակ գործող կառույցներն են… Այո, ես լավ գիտեմ այդ մասին»: Չի հրապարակվել վերոհիշյալ առարկությունն ու Վլադիմիր Գասպարյանի արձագանքը, որ եթե գիտի՝ «Ես կարող եմ այդ հայտարարությունը ընդունեմ, ու կարող է վաղը տակից դուրս չգաք»:

«Էնքան նյութեր կան հայտարարություն ընդունելու…»,- ասել էր լրագրողը: Ի պատասխան՝ ոստիկանապետը մասնավորապես ասել էր, թե նման հայտարարություններ պետք չի անել, լրագրողը պետք է չարություն չունենա. «Եթե լրագրողն օբյեկտիվ է, նա չպետք է լինի այս կամ այն կողմից… Զգացմունքայնությունը վատ ծառայություն է մատուցում»:

Հարցերի նման ոճը շատ դուրեկան է մարդկանց մեծամասնությանը: Ուխ, ինչ համարձակ, «դուխով» ես՝ լսում ես ամեն անգամ, երբ չես խնայում ածականներ ու որակումներ իշխանությունների հասցեին:

Բայց էլի վերադառնանք արդեն հավերժական երկընտրանքին՝ լրագրողի գործը հաղորդե՞լն է, հասարակական եւ քաղաքական դաշտում առկա տեսակետները փոխանցե՞լը, թե՞ բանավեճի կողմ դառնալը: Չէ, իհարկե, հասկանալի է, որ բոլորս էլ ունենք մեր քաղաքական նախասիրությունները եւ համակրանքները, եւ երբեմն շատ դժվար է լինում դրանք չարտահայտելը:

Ինքս, օրինակ, որքան էլ ասպարեզ եմ տրամադրում Սուրիկ Խաչատրյանի պաշտպաններին, երբեք չեմ հանդգնի ինձ անաչառ համարել, երբ խոսքը նրա մասին է: Նույնը նաեւ օտարալեզու դպրոցների պարագայում էր: Շարքը կարող էի շարունակել: Ու նախկինում ավելի սուր դրսեւորումներ է ունեցել նախասիրություններիս «արտացոլանքը» լրագրողական գործունեության մեջ:

Սակայն ինչ որ բան փոխվեց, երբ դեպքերի բերումով մի անգամ տեսա, թե ինչպես է ընդդիմադիր մի թունդ գործիչ իշխանության ներկայացուցչի կենացը խմում, թե հպարտ է, որ իր ժամանակակիցն է: Մեկ այլ առիթով ականատես դարձա, թե հանրահավաքից անմիջապես հետո դրա ընդդիմադիր հռետորները ինչպես էին խնջույքում շուրջպար բռնել իշխանական գործիչների հետ:

Ոչ վաղ անցյալում էլ մինչ «ծառուկյանական» ու «մինասյանական» լրատվամիջոցները, փոխաբերական իմաստով «միմյանց կոկորդ էին կրծում»՝ մեղադրելով հնարավոր բոլոր մեղքերի մեջ, այդ երկու գործիչներն իրար հանդիպելիս այնպես ջերմ էին ողջունում՝ կարծես գտել էին կորած եղբորը:

Լրագրողներս քաղաքական գործիչների համար ընդամենը քարոզչական «թնդանոթի միս» ենք. մենք ապահովում ենք «հրետանային նախապատրաստությունը», որից հետո նրանք հանգիստ լուծում են սեփական հարցերը:

Քաղաքական գործիչները կարող են վիճել էլ, հաշտվել էլ, ու մատրոսովյան խիստ էնտուզիազմով այս ամենին վերաբերվողը վերջում մնալու է «վատամարդը»: Իհարկե, սեփական ընտրության հարց է, բայց եթե չի ստացվում վերեւից այս ամենին նայել, հաստատ իրոք չարժե նաեւ տեղ գրավել կողմերից մեկի կողքին:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *