Ապահովագրված լրագրություն

02.11.2016, Խաչմերուկ

Հակամարտությունների թվի աճն ու դրանց ինտենսիվության խորացումն աշխարհում վտանգի տակ է դնում նաև դրանք լուսաբանող լրագրողների կյանքն ու առողջությունը: Պակաս վտանգավոր չէ նաև հանրահավաքների, բողոքի ակցիաների լուսաբանումը: Լրագրողների պաշտպանության խորհրդի վիճակագրությունը փաստում է` անցած 5 տարիներին 110 լրագրող է զոհվել հակամարտություններ լուսաբանելիս, 45-ը` վտանգ պարունակող հանձնարարություն կատարելիս:

Լրագրողների կյանքը, առողջությունը կամ սարքավորումներն ապահովագրելը շատ լրատվամիջոցների ու ազատ լրագրողների պարտադիր անելիքների ցանկում են:

Անվտանգ լրատվության միջազգային ինստիտուտը ընդհանրացնում է լրագրողներին անհրաժեշտ ապահովագրության տեսակները երեք խմբում.

  • Ճամփորդական ու առողջապահական անձնական ապահովագրություն
  • Սարքավորումների ապահովագրություն
  • Կյանքի ապահովագրություն մահվան կամ հաշմանդամության դեպքում:
Rory Peck Trust-ը, որ ստեղծվել է օպերատոր Ռորի Փեքի` 1993-ին Ռուսաստանում ապստամբության ժամանակ սպանությունից հետո, անվտանգ լրագրության մշակույթի ջատագովներից ու նպաստողներից է, ավելի մանրամասն ցանկ է ներկայացնում` ինչն ապահովագրել և ինչու: Ապահովագրություն ընտրելիս կազմակերպությունը խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել բազմաթիվ մանրամասների, օրինակ, թե պայմաններով ինչ առողջապահական կենտրոն է նախատեսված ու որքան հեռու է այն դեպքի վայրից: Կամ` ինչ պայմաններ են գործում` մահվանից հետո մարմնի վերադարձի համար: Խորհուրդ է տրվում մտածել` վիրավորվելու պարագայում որքան աջակցության կարիք կլինի ու որքան ժամանակ: Rory Peck Trust-ն առանձնացնում է նաև առևանգման ու փրկագների համար ապահովագրությունը:
 
Անվտանգ լրատվության միջազգային ինստիտուտը շատ է կարևորում ճիշտ ապահովագրություն ընտրելու հանգամանքը որպես հետագա բազմաթիվ խնդիրներից խուսափելու հնարավորություն: Դրա համար, ըստ կազմակերպության, պետք է անհրաժեշտ ժամանակը հատկացնել ու ծանրութեթև անել ճամփորդությանը կամ հանձնարարությանը վերաբերող բոլոր հանգամանքները:

Մեդիա ոլորտի առաջատար համարվող լրատվամիջոցները սովորաբար իրենք են հոգում իրենց լրագրողների անվտանգության ու ապահովագրության խնդիրը: Օրինակ՝ BBC-ն լրագրողներին վտանգ պարունակող առաջադրանքի ուղարկելիս ապահովագրում է նրանց առողջությունը, ինչպես նաև ապահովում է առաջին օգնության փաթեթով ու անվտանգության պարագաներով` զրահաբաճկոնով, սաղավարտով և այլն: Իսկ ճամփորդության ապահովագրության համար BBC-ի լրագրողները վճարում են անձնական միջոցներից:

Սակայն սովորաբար համաշխարհային համարում ունեցող լրատվամիջոցները ապահովագրում են միայն իրենց աշխատակազմի անդամներին, իսկ իրենց տեղական թղթակիցներին կամ ազատ հիմունքներով իրենց համար նյութեր պատրաստողներին` ոչ: Ազատ լրագրողները հիմնականում իրենք պետք է հոգան իրենց ապահովագրության խնդիրը:

Rory Peck Trust-ը ներկայացնում է 7 կազմակերպությունների մի ցանկ, որոնք ապահովագրություն են տրամադրում հենց ազատ լրագրողների համար: Լրագրողների պաշտպանության խորհրդը առանձնացնում է նման 5 կազմակերպություն:

Insurance for Journalists նախաձեռնությունն ապահովագրութան համար աշխարհի երկրները բաժանել է 5 գոտիների, որոնցից ամենավտանգավորը անվանել է էքստրեմալ: Այս գոտու երկրներից են Սիրիան, Ուկրաինան, Իրանը, Հյուսիսային Կովկասը` Ռուսաստանում, Աֆղանստանը և այլն: Հայաստանը գտնվում է միջին գոտում, ինչպես մեր հարևաններ Ադրբեջանն ու Թուրքիան, Վրաստանը` ամենացածր` անվտանգ գոտում է: Insurance for Journalists-ի ծառայությունները կազմել են հենց լրագրողները` լրագրողների համար:

Անվտանգ լրատվության միջազգային ինստիտուտը Սիրիայի, Իրաքի ու Մալիի համար առաջարկվող ապահովագրական առաջարկների մի ցանկ է առանձնացնում, որտեղ երկու շաբաթվա առաջարկը տատանվում է 70-700 ֆունտ ստերլինգի սահմաններում (40 հազարից 400 հազար դրամ):

Ներկայում աշխարհում առաջարկվող լրագրողական ապահովագրության ամենամատչելի տարբերակներից են Լրագրողներ առանց սահմանի կազմակերպության փաթեթները` օրական մոտ 2,7 դոլար կամ եվրոյի չափով:

Վտանգավոր գոտիներում մասնագիտական գործունեության համար ապահովագրությունից զատ՝ ազատ լրագրողների համար գործում են նաև իրավական շատ հարցերի դեպքում պաշտպանություն ունենալու ապահովագրական առաջարկներ: Դրանցից մեկն է` վնասի փոխհատուցման պահանջի հետ գործ ունենալու համար նախատեսված ապահովագրությունը: Ազատ լրագրողները կարող են ապահովագրվել նաև պատվիրատուի` պայմանագիրը խզելու հավանականության դեմ, գրագողության համար մեղադրվելու դեմ և այլն:

Սառա Խոջոյան

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?