Սմարթ սարքի ամենակարևոր հավելվածը

28.03.2018, Քննադատ

Լրագրող

Սմարթ հեռախոսներն ու թաբլեթները շատ թանկ են մեզ համար, ոչ միայն ու ոչ այնքան դրանց (հաճախ (ան)արդարացիորեն բարձր) գնի, այլ մեր կյանքում ունեցած դերի ու դրանցում պարունակվող տեղեկատվության համար: Դրանք փոքր ու հարմարավետ համակարգիչ են մեր գրպանում, որոնց հետ անցկացնում ենք օրվա մեծ մասը, ու որտեղ պահում ենք մեր խիստ անձնական նկարները, տեսանյութերը, նամակները, ֆինանսների մասին ինֆորմացիան ու գաղտնաբառերը:

Աշխարհում ամեն օր կորցնում կամ գողանում են հարյուրավոր սմարթֆոններ ու թաբլեթներ: Վտանգն իրական է, բայց հաճախ անտեսված: Այդ պատճառով հարկավոր է լավ պաշտպանել մեր սարքերը` հետ բերելու կամ գոնե անցավ հրաժեշտ տալու հույսով, այնպես, որ դրանից չկարողանան օգտվել նաև չարագործները:

Ինչու պետք է պաշտպանել սմարթֆոնը կամ այլ մոբայլ սարք

Մտածեք, թե ինչ անձնական կամ կորպորատիվ տվյալներ կարող են գողացվել, ինչ գաղտնաբառեր, բանկային, սոցիալական մեդիայի, էլ.փոստի հաշվիներ կարող են վտանգվել այդ կորստով և որոշեք` կարիք ունե՞ք ձեր սարքը պաշտպանելու, թե՞ ոչ:

Ինչպես պաշտպանել սարքերը

1. Պաշտպանելու ճանապարհին ամենաառաջին խորհուրդը սարքի համար գաղտնաբառ ունենալն է: Որքան էլ անհարմար համարեք, ժամանակատար ու նույնիսկ տհաճ, միշտ ունեցեք գաղտնաբառ ձեր թաբլեթի/սմարթֆոնի համար: Լավ կլինի` բարդ, ալֆանումերիկ` տառերով և թվերով, եթե ալֆանումերիկի ցանկություն չունեք, գոնե պարզապես 4 նիշանոց թվերով:

2. Պարբերաբար պահեստավորեք (back up) ձեր սարքի ինֆորմացիան, որպեսզի սարքի կորչելու/անհետանալու դեպքում ինֆորմացիայի կորուստ էլ չլինի:

3. Ձեր սարքերը ֆիզիկապես ձեզ մոտ պահեք. մի թողեք այն ավտոմեքենայում կամ հյուրանոցի սենյակում (եթե ճամփորդում եք), սրճարանի սեղանին` երբ որոշում եք գնալ զուգարան:

4. Ձեր սարքերը միշտ լիցքավորված պահեք: Եթե ձեր սարքն անջատվի լիցք չունենալու պատճառով, հնարավոր չի լինի հետևել, թե որտեղ է այն գտնվում:

5. Օգտվեք հավելվածներից, որոնք օգնում են հետևել ձեր սարքի գտնվելու վայրին, երբ սարքը միացված է ինտերնետին: Սրանք, հնարավոր է, ամենակարևոր հավելվածներն են ձեր սմարթֆոնում կամ թաբլեթում:

Էփըլի արտադրանքի համար օգտագործեք Find My iPhone-ը, որը լռելյայն տեղադրված է սարքերում, իսկ Անդրոիդ օպերացիոն համակարգ ունեցող սարքերի համար` Find My Device-ը:

Այս հավելվածներն օգնում են գտնել կորած սարքը: Իսկ եթե այն գտնելու հույս այլևս չկա, օգնում են ապահով ոչնչացնել դրանում պարունակվող ինֆորմացիան և/կամ ընդմիշտ կոճկել սարքը այնպես, որ որևէ մեկը չկարողանա այն օգտագործել:

Հավելվածներն անվճար են և շատ հեշտ` օգտագործման համար:

Find My iPhone-ն աշխատում է նաև Մաք համակարգիչների, Էփըլի ժամացույցի, այփեդի ու այփոդ թաչի հետ, այնպես որ դուք կարող եք հետևել ձեր բոլոր սարքերին մեկ պատուհանից:

Հավելվածն ունի Activation Lock ֆունկցիան, որը ստեղծվել է կորցնելու կամ գողանալու դեպքում կանխելու այլ մարդկանց կողմից ձեր այֆոնը, այփեդը, այփոդ թաչը կամ սմարթ ժամացույցն օգտագործելը: Այն ավտոմատ միանում է, երբ սկսում եք օգտագործել Find My iPhone հավելվածը:

Նույնիսկ եթե ջնջեք ձեր սարքը հավելվածից, այն կկանխի ցանկացած մուտք ձեր սարք կամ սարքի վերաակտիվացում առանց ձեր թույլտվության, քանի որ ջնջելուց հետո էլ սարք մուտք գործելու, վերաակտիվացնելու, սմարթֆոնից ինֆորմացիա ջնջելու, Find My iPhone ծրագիրն անջատելու համար անհրաժեշտ կլինի ձեր Apple ID-ն ու գաղտնաբառը:

Այսինքն` առնաց ձեզ` սմարթֆոնն ու թաբլեթը խելացի սարքից կվերածվեն անօգտակար մետաղակտորի կամ լավագույն դեպքում` պահեստամասի:

Ինչ անել, երբ սարքը կորել է/գողացել են

1. Եթե արդեն ակտիվացրել եք Find My iPhone, Find My Device հավելվածները, փորձեք պարզել սարքի գտնվելու վայրը:

2. Ակտիվացրեք Lost Mode ֆունկցիան, որը կկոճկի սարքը ու կօգնի հետևել դրան: Այս ֆունկցիայով կարող եք նաև հաղորդագրություն թողնել գտնողին` նշելով ձեր կոնտակտային տվյալները:
Եթե ձեր սարքը լիցք չունի կամ ինտերնետին միացված չէ, Lost Mode-ը կակտիվանա միայն երբ սարքը միանա:

3. Դիմեք ոստիկանություն:

4. Փոխեք ձեր հաշիվների գաղտնաբառերը:

5. Մի դիմեք սմարթ սարքն արտադրող ընկերությանը, նա չի կարող ձեզ օգնել:

6. Երբ զգաք, որ արել եք բոլոր անհրաժեշտ քայլերը սարքը հետ բերելու համար, բայց այն այլևս չի վերադառնա, հանգիստ «բաց թողեք այն»` իմանալով, որ որևէ մեկն այլևս չի կարողանա օգտագործել ձեր սմարթֆոնը կամ թաբլեթը, որ ձեր տվյալներն ապահով են, իսկ սարքը ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ ալյումինե կտոր:

7. Եթե ցանկանում եք ավելին իմանալ ձեր սարքերի, սոցիալական մեդիայի հաշվիների, տվյալների պաշտպանության մասին, խաղացեք «Ցանցառ» խաղը: Կրթական այս խաղը կօգնի ծանոթանալ թվային տիրույթի վտանգների մասին և կսովորեցնի պաշտպանվել անվտանգության գործիքների կիրառմամբ:

Աննա Բարսեղյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?