Պատերազմի լուսանկարիչը. Հակոբ Պողոսյան

28.11.2016, Խաչմերուկ

Լուսանկարիչ, օպերատոր Հակոբ Պողոսյանի օբյեկտիվի միջով է անցել Արցախյան պատերազմի գրեթե ողջ ընթացքը, նրա կադրերում վավերագրվել է հակամարտությունը, մահն ու հաղթանակը:

Գրեթե չորս տարի աշխատելով պատերազմական գոտում՝ լուսանկարիչը սեփական փորձով կարողացել է տիրապետել կոնֆլիկտային գոտիներում աշխատող ֆոտոլրագրողների աշխատանքի կանոններին, յուրացնել դրանք՝ ստեղծելով պատմության ու սերունդների համար մնայուն կադրեր:

Զինվորի և օպերատորի տարբերությունն այն է, որ զինվորը թիրախ է փնտրում, օպերատորը կամ լուսանկարիչը` ոչ:

«Պատերազմական գործողությունների ժամանակ ամենադժվարը առաջին պահն է. պետք է խուճապի չմատնվես, հավաքվես, կադրը ճիշտ որսաս և լուսանկարես: Օպերատորից, ամենակարևորը, պահանջվում է զգուշություն: Զինվորի և օպերատորի տարբերությունն այն է, որ զինվորը թիրախ է փնտրում, բայց դու՝ ոչ: Դու թիրախ չես կարող փնտրել, պետք է արագ կողմնորոշվես, ականջդ պայթյունների ձայնի կողմը լինի. որտեղ պայթյուն եղավ, այնտեղ զոհ կամ վիրավորներ են լինելու, հարկավոր է հասցնել ֆիքսել պահը և, ամենակարևորը, մարտի պահը»,-ասում է լուսանկարիչ, օպերատոր Պողոսյանը:

Անկեղծանում է` երբ 1992 թվականին որոշեց գնալ ու տեսանկարահանել պատերազմական գործողությունները, վախեր չուներ, վտանգների մասին չէր էլ մտածում, միակ նպատակն էր հասնել Ղարաբաղ:

«Մի ներքին ուժ կա, որը քեզ տանում է, այդ պահին չես մտածում ոչ մի բանի մասին` բացի քո մասնագիտական գործը կատարելուց»,-նշում է լուսանկարիչը:

Շուշի, 1992 թվական
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Շուշի, 1992 թվական
Լուսանկարը՝ Հակոբ ՊողոսյանիՇուշի, 1992 թվական
Լուսանկարը՝ Հակոբ ՊողոսյանիՀակամարտության գոտում աշխատելիս նա կարևորում է ֆոտոլրագրողի հոտառությունը, ներքին զգացողությունը և ունեցած ճիշտ տեղեկատվությունը, ինչի հանրագումարում հայտնվում է ճիշտ տեղում: Որպես օրինակ՝ ներկայացնում է քառօրյա պատերազմի ընթացքում Թալիշում կատարած աշխատանքը:

«Ապրիլի երեքին, երբ մտանք Թալիշ, գյուղն արդեն դատարկված էր, բայց ինֆորմացիա ունեինք, որ տներից մի քանիսում դեռ մարդիկ կան: Կապի մեջ էի հեռախոսով, անընդհատ ասում էին՝ բարձրացեք դեպի գյուղի վերևի հատվածը: Ինչ խոսք, վտանգ կար, բայց ես նորից չէի զգում: Այդ տարածքները լավ գիտեի, աշխատել էի 1992-93թթ.-ին, հասկանում էի, որ անընդհատ դեպի վերև գնալը նշանակում էր գնալ Ադրբեջանի կողմը: Հեռախոսի մյուս ծայրից փոխանցում էին, որ գյուղը գրեթե վերջանում է: Անընդհատ ռմբակոծում էին, տունը գտանք, բայց սպանված գյուղացիներով»,-պատմում է լուսանկարիչը:

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ի մի է բերում այն բոլոր վտանգները, որոնցով անցել է ու հաղթահարել, սակայն սթրեսն ու ծանր ապրումները՝ արյուն նկարահանելուց հետո, երբեք էլ չեն անցնում:

«Բոլորիս մեջ նստած է այդ ցավը, տարիներ անց էլ, երբ տղաներով հանդիպում ենք, զրուցում, խոսում, հասկանում ենք, որ ժամանակը ի զորու չէ անցկացնելու մեր միջի նստած ցավը»,-ասում է Հակոբ Պողոսյանը:

Լեռնային Ղարաբաղ, 1992-1993թթ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Լեռնային Ղարաբաղ, 1992-1993թթ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Լեռնային Ղարաբաղ, 1992-1993թթ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Երբ կադրում հայտնվում է մահը

1993 թվականի մարտի 27-ին Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղի համար մղվող մարտական գործողությունների ժամանակ Հակոբ Պողոսյանի տեսախցիկը ֆիքսում է՝ ինչպես են մահացու վիրավորվում ազատամարտիկներ Սաքո Հարությունյանը և Հայկ Վերդյանը:

«Տղաներին թիկունքից նկարելիս հանկարծ տեսնում եմ՝ կադրիս մեջ խփեցին Սաքոյին, նա ընկավ: Գոռում եմ.«Սաքոյին խփեցին....», կամերան դնում եմ գետնին՝ առանց անջատելու, երբևէ՝ ինչպիսի իրավավիճակ էլ որ լինի, տեսախցիկը անջատելու իրավունք չունենք: Ուզում եմ վազել իրենց օգնելու, պարզվում է ես նույնպես ոտքից վիրավոր եմ: Բեկորը մտել ու անցել էր ոտքիս միջով, բայց չէի զգացել: Կրակ էր թափվում, մի տասը րոպե հնարավոր չէր մոտենալ տղաներին: Բառեր չեմ գտնում ապրումներս նկարագրելու համար, շոկ էր: Այդ ամենը կրկնակի ծանր էր, քանի որ նրանք նաև իմ ընկերներն էին»,-ասում է Պողոսյանը:

Լուսանկարիչը խոսոտվանում է՝ կադրեր ունի արված, որոնց այսօր չի կարողանում նայել, միևնույն ժամանակ զարմանում է, թե ինչպես է կարողացել նկարահանել:

«Հադրութի հիվանդանոցում շուրջ 40 րոպե տեւողությամբ վիրահատություն եմ նկարել. ասեղային ռումբերով ռմբակոծել էին Հադրութը, բժիշկները հանում էին այդ քորոցները: Զարմանալին այն է, որ երբ աչքս հեռացնում էի տեսախցիկի օբյեկտիվից, չէի կարողանում նայել վիրահայտությանը, աչքերս փակում էի, բայց երբ դնում էի օբյեկտիվին, բաց աչքերով նկարում էի: Տեսախցիկը կամ լուսանկարչական սարքը մեզ համար վահան են: Եղել է դեպք, որ մեր հերոս տղաներից մեկի թաղումը նկարելիս խնդրել եմ փակեն դագաղը. նրան կենդանի ժամանակ նկարել էի ու թաղումը նկարելը սարսափելի էր ինձ համար»,- ասում է նա:

Լեռնային Ղարաբաղ, 1992-1993թթ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Լեռնային Ղարաբաղ, 1992-1993թթ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Լեռնային Ղարաբաղ, 1992-1993թթ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Լուսանկարը, հատկապես դիմանկարը, հիմնականում հաջող է ստացվում, երբ մարդուն ճանաչում ես:

«Պետք հասկանալ՝ ինչ բնավորության մարդ է, որ հետո չասեն՝ անձնագրի նկար է: Ես սկսել եմ նկարել Երասխավանի գործողություններից: Այդ ընթացքում, շատերը երբ զոհվում էին, այդքան ծանր չէի տանում, բայց Ղարաբաղում, որտեղ տղաների հետ ամիսներ ու տարիներ էի անցկացրել, մի պատառ հաց կիսել, կորուստները դաժան էին: Ու նորից ցավ, նորից սթրես»,- պատմում է լուսանկարիչը:

Սկզբունքը մեկն է` եթե զենք ես վերցնում, նվիրվում ես զենքին, եթե տեսախցիկ կամ լուսանկարչական սարք՝ նշանակում է` քո գործն է նկարելը:

«Ընկերներիս կորուստը երբեք չի ստիպել ինձ զենք վերցնել: Երբեք զենքը չի ձգել. անգամ եթե ինձ շատ մոտ մարդ է ընկել, տեսախցիկը զենքով չեմ փոխարինել, շարունակել եմ իմ պարտականությունը կատարել` նկարել: Ընկերներս թանկ էին ինձ համար, ես նրանց լուսանկարում էի, տեսանկարում, բայց չի եղել դեպք, որ մտածեմ վրեժի մասին...մեզ համար սա խիստ կարևոր է՝ այդ սահմանը զգալը»,-ասում է Հակոբ Պողոսյանը:

Լեռնային Ղարաբաղ, 2016թ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Լեռնային Ղարաբաղ, 2016թ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Լեռնային Ղարաբաղ, 2016թ.
Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Նրան աշխատելիս միշտ խանգարել է տեսանկարահանելն ու լուսանկարելը: Մարտական գործողությունների ժամանակ չի լուսանկարել: Նշում է, որ մարտերը ավելի հեշտ է տեսանկարահանել:

«Ինձ հոգեհարազատ է տեսանկարահանելը, պահի տակ մեկ էլ հասկանում ես, որ հիանալի խոսք ու շարժում է, ու դա պետք է ունենաս: Եթե կա լավ դինամիկա, արդեն լավ լուսանկար է: Հաճախ էին տղաներն ինձ ասում. «Մի՛ նկարի»: Բայց երբ սկսում են նկարել, անցնում է: Մարդիկ էլ կան՝ մինչև վերջ դեմ են լինում, նրանց պետք է կարողանաս որսալ, նրանք գուցե չեն գիտակցում, բայց դու գիտես, որ պատմություն ես վավերագրում»,-ասում է Պողոսյանը:

Գայանե Մկրտչյան

Մեկնաբանություններ

Զոյա's picture
Լուսանկարիչ, օպերատոր Հակոբին շատերն են ճանաչում: Հակոբը ճշմարիտ ու ազնիվ է իր ընկերներիի, ժողովրդի, երկրի առաջ: Նա իր երկրի ճակատագրով ապրող մարդ է: Նրա հոգին կարծր է ու փխրուն, աննկուն ու նուրբ, վեհ ու գեղեցիկ... Եվ այն նվիրվածությունը, խիզախությունը, բարությունը, որ փնտրում ենք կյանքում՝ կգտնենք Հակոբի լուսանկարներում ու վավերացրած կադրերում... Շնորհակալ եմ, որ նա կա, համեստ ու խոնարհ ՀԱՅԸ՝ լուսանկարիչ ազատամարտիկը:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?