Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ. Հ1-ի եթերում խախտումներ չեն եղել

20.02.2011, Նյուսրում

ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը պատասխան նամակ է ուղարկել ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին՝ կցելով Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդից պահանջած նյութերը:

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը պարզաբանել է՝

««Ասպարեզ» ակումբը 2010 թվականի դեկտեմբերի 31-ի իր դիտարկումներն իրականացրել է ժամը 8.00-ից ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում, սակայն Հանրային հեռուստաընկերության եթերային օրը սկսվում է ժամը 8.00-ին եւ ավարտվում է հաջորդ օրվա նույն ժամին: Հետեւաբար՝ «Ասպարեզ» ակումբն իր հաշվարկներն իրականացրել է եթերային օրվա միայն մի մասի կտրվածքով, որի պարագայում ստացված արդյունքներն ամբողջական լինել չեն կարող:

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Հանրային հեռուստաընկերությունում առեւտրային գովազդը չպետք է գերազանցի ընդհանուր հաղորդումների յոթ տոկոսը:

Հանրայի հեռուստաընկերության վերերկրյա կապուղիներով հեռարձակվող ընդհանուր հաղորդումների տեւողությունը օրական կտրվածքով կազմում է 48 ժամ /Հ1 հեռուստաալիք՝ 24 ժամ, «Արարատ» հեռուստաալիք՝ 24 ժամ/, մինչդեռ «Ասպարեզ» ակումբն իր դիտարկումնեն իրականացրել է միայն Հանրային հեռուստաընկերության «Հ1» հեռուստաալիքի մասով, այն էլ մասնակի՝ 16 ժամ, 7 րոպե, 36 վայրկյան: Դիմումում նշվել է նաեւ, որ մեկ ժամում հեռարձակված հաղորդումների ընթացքում առեւտրային գովազդը գերազանցել է յոթ տոկոսը, սակայն, ինչպես վերը նշվեց, հաշվարկը պետք է կատարվեր ոչ թե մեկ ժամվա ընթացքում հեռարձակված, այլ ընդհանուր հաղորդումների ծավալից ելնելով: Հետեւաբար այս մասով եւս դիտարկումների արդյունքները ամբողջական լինել չեն կարող:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2010 թվականի դեկտեմբերի 31-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված 48 ժամ հեռուստահաղորդումներում առեւտրային գովազդը չի գերազանցում յոթ տոկոսը:

«Ասպարեզ» ակումբն իր դիտարկումներում նշել է նաեւ, որ գովազդի ծավալը մեկ ժամվա ընթացքում գերազանցել է 10 րոպեն: «Ասպարեզ» ակումբն իր դիտարկումները կատարել է ամբողջական ժամային հաշվարկով, սակայն «Գովազդի մասին» ՀՀ օրենքը եթերային ժամի հաշվարկման սկիզբի եւ ավարտի պահեր չի նախատեսում: Ուստի մեկ ժամվա հաղորդման ընթացքում տեղադրված գովազդի հաշվարկները եւս ամբողջական լինել չեն կարող»:

«Ասպարեզ» ակումբի դիտարկումների վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդի պարզաբանումները ՀՌԱՀ-ը հիմնավոր է համարել:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?