2014.12.16,

Քննադատ

Գալանտուսի ու Գալուստ Սահակյանի էֆեկտը

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Հեռուստառեպորտաժներն իրենց դինամիկ, գրեթե կլիպային կադրերով, կարճ ու եռանդուն նախադասություններով, երիտասարդ ավյունով, տեղյակության պատրանքով մեր կյանքը հետաքրքիր են դարձնում: Իսկ եթե դրան գումարվում է նաև հումորը, ապա մեր կյանքը եռակի հետաքրքիր է դառնում։

Հումորը մի կարևոր առանձնահատկություն ունի. այն սկիզբ է առնում անհամապատասխանությունից (չափերի, տրամաչափերի, իրականի ու երևակայականի, իրավիճակի ու էության, խոսքի ու գործի):

Ասենք՝ որևէ բան (մարդ, դեպք, դեկորացիա, բույս), պոկում ես իր տեղից ու տեղադրում նոր համատեքստում: Անհամապատասխան հանգամանքներում հայտնված մարդը (դեպքը, բույսը, գաղափարը, միտքը) սկսում է նոր գույներով շողալ: Գույներից մեկը հումորն է:

Այդպես, օրինակ, վարվեց ՀՀ Կենտրոնական Բանկի կայքը, որն այս վերջին օրերին դոլար-դրամ խճճված հարաբերությունների պատճառով՝ մեծ քանակի այցելուներ ունեցավ: ԿԲ-ի կայքում առաջնային տեղում Գալանտուս Արտյուշենկոյիի մասին ինֆորմացիան է: Այդ «հրապուրիչ ծաղիկներով» ձնծաղիկը շատ նուրբ կապ ստեղծեց ԿԲ-ի առաջարկած դոլարի կուրսի հետ, որը կա՛մ շատ հին էր, կա՛մ էլ ընդհակառակը՝ շատ թարմ՝ վաղվա: Բայց ամեն դեպքում համապատասխան չէր իրականությանը:

Ծիծաղն առաջացավ համատեքստերի խաղից, կարևոր դարձավ ծաղիկը, այլ ոչ թե դոլար-դրամ պատերազմը: Գրեթե հիփիների փիլիոփայությամբ:

galantus

Հումորը կարող է կենդանացնել նիրհող լսարանին ու կարող է այդ նույն լսարանին կենդանու մակարդակի իջեցնել: Իհարկե, երկու դեպքում էլ դրանք հետաքրքիր մետամորֆոզներ են: Կենդանական, բթացնող, գոտկատեղից ներքև հումորի մասին չարժե խոսել:

Ավելի հետաքրքիր է ուսումնասիրել միջանկյալ տարբերակը, երբ հումորը սկսում է ծառայել հենց նիրհելու գործին, գերադասելի դարձնում պասիվ դիտողականությունը:

Ասենք՝ ծիծաղում ես (ավելի շուտ՝ խնդում), դրանով իսկ թեման փակում ու առաջ գնում: Սուր թեման սահում է մակերեսով ու առանց կծելու, քերծելու, սթափեցնելու կամ մտորելու դրդելու, ընկնում այն խորշը, որից ելք չկա: Ավելի ճիշտ ելքը մեկն է՝ մնալ խորշում ու հաճույք ստանալ: Լինել ինֆորմացիայի պասիվ սպառող:

Մեդիան պարբերաբար օգտագործում է հումորը որպես մեկնաբանության ֆորմատ: Դա առաջադեմ է ու նորաձև հատկապես լրահոսը ներկայացնելու դեպքում: Ինքնին հումորային հաղորդումները, սքեթչերն ու հումորային երանգ ունեցող շոուներն արդեն նվաճված տարածք են, իսկ լուրերը՝ ոչ այնքան: Լրահոսի պրեզենտացիան դեռ զարգանալու տեղ ունի:

Մեր հեռուստատեսությամբ «շաբաթվա լրատվության երգիծական ամփոփում» կա: Խոսքը «ԱրմՔոմեդիի» մասին է, որը հենց այդ նիրհելու գործին ծառայող ուրույն ու հեղինակային ֆորմատ է: Լավն են հեղինակները, լավն է ձեռագիրը, լավն է ռեպորտաժների մոնտաժը, բայց բոլորը միասին առաջացնում են տարակուսանք:

«ԱրմՔոմեդին» պատրաստող իրոք առաջադեմ ու նորաձև երիտասարդ տղամարդիկ գիտեն, որ իրենց թիրախային լսարանը ուրախանալ ու ծիծաղել է ուզում (անկեղծ ասած՝ բոլորս էլ ուզում ենք): Նրանք առաջարկում են հումորի այն տեսակը, որն ակտուալ ու օպերատիվ լինելու հավակնություն ունի:

Եվ քանի որ Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ դաշտերում անընդհատ ինչ-որ ծիծաղաշարժ դեպքեր են պատահում (ասվում է մի բան, արվում բոլորովին այլ), իսկ որոշ պաշտոնական անձինք հոմերիկ ծիծաղ առաջացնող մտքեր են ծնում (ճգնաժամի, կայունության, լուսավոր ապագայի մասին) ու հաջորդ վայրկյանին շարունակում այդ մտքերը անհեթեթ բացատրություններով, «ԱրմՔոմեդին» հարուստ նյութ է ստանում իր հաղորդումների համար:

Այդ հաղորդաշարը հենց այդ աբսուրդ մտքերն ու գործողություններն է ընտրում ու սրելով աբսուրդի աստիճանը, առաջարկում ծիծաղել մի բանի վրա, որն առանց սրելու էլ ծիծաղելի է:

Օրինակ՝ մեջբերվում է Գալուստ Սահակյանի այն ասածը, թե կոռուպցիա չկա, բայց կաշառակերություն կա, ընդ որում՝ բոլոր ոլորտներում: Սա իրոք ծիծաղելի միտք է, քանի որ հնչել է ոչ թե շարքային քաղաքացու շարքային զրույցում, այլ Հայաստանի հանրապետության երկրորդ դեմքի՝ ԱԺ նախագահի շուրթերով և Ազգային ժողովում: Դեմքի լուրջ արտահայտությամբ ասված պրիմիտիվ միտքն ու բարձր պաշտոնն այն համապատասխանությունն են ստեղծում, որն էլ ծիծաղ է առաջացնում:

Մի պահ մոռանանք, որ Գալուստ Սահակյանը նման մտքերի գիգանտ է, խնդիրն այն է, որ «ԱրմՔոմեդին» նրա անհեթեթ ասածները պոկում է լուրջ ամբիոնից ու նետում ժպիտների դաշտ: Այսինքն՝ գցում իր տեղը, բերում այն խորշը, որտեղ և պետք է լինի Գալուստ Սահակյանը: Եվ ծիծաղը, դառնալով թույլատրելի ու խրախուսելի, մարում է, քանի որ ձեռք է բերվում համապատասխանություն: Երկու մինուսները դառնում են պլյուս:

Դե մեր Գալուստ Սահակյանն է, մեր ակումբում, մեզ հասկանալի մտքեր է ասում:

Վերջ, թեման փակված է: Ծիծաղեցինք, հաշտվեցինք, որ այդպիսի ԱԺ ու ԱԺ-ի նախագահ ունենք և գնացինք առաջ:

Այն, ինչը հաճախ է հայտնվում էկրանին, նորմա է դառնում ու կայունություն ստեղծում: Կայունը հիմա հեգնելով հանդարտվելն է, այլ ոչ թե զայրանալով մտահոգվելը: Զայրույթը շարունակություն է ենթադրում, իսկ հեգնելով հաճույք ստանալը՝ թմբիր, անգործություն:

Իհարկե, «ԱրմՔոմեդին» հաջող նախագիծ է, բայց թող պատրանքներ չլինեն. նրանց ընտրած ֆորմատի ընդհանուր միտումը հենց հաշտեցումն է:

Լսարանի ու աբսուրդ իրականության հաշտեցումը, որն արվում է հավեսով ու ուղղված է բավականին երիտասարդ լսարանին: Այդ հաղորդման թիմին հաջողվել է հումորը, կոնվեյերի սկզբունքով արտադրելով, սիրուն փաթեթավորել սուր անկյուններն ու կոնֆետ սարքել փշոտ կյանքը: Այդ կոնֆետ կյանքում ամեն ինչ լավ է ու ամեն ինչ իր տեղում է:

Ընդհանրապես զանգվածային լրատվական միջոցները ձգտում են զանգվածային համաձայնության այն կետին, որն իր մեջ հակասություն չունի:

Սովորաբար դա ցածր (շատ ցածր) կետն է, գրեթե երրորդ դասարանի մակարդակը, որտեղ սեփական համատեքստն արարելու ուժ դեռ չկա: Փոխարենը այդտեղ լավ աշխատում է զանգվածային ծիծաղը: Եվ ծիծաղի միջոցով էլ կարելի է փուլ առ փուլ բարձրացնել այդ կետը: Եթե, իհարկե, նման նպատակ կա:

Հումորային դաշտ մտնելու համար քաջություն է պետք, այնտեղ մնալու համար՝ է՛լ ավելի մեծ քաջություն:

«ԱրմՔոմեդին», որն իր մեջ ներուժ ունեցող ու տարիներ առաջ իրոք տարբեր մակարդակների վրա աշխատող նախագիծ էր, այսօր կարող է (եթե ցանկանա) աշխատել ավելի լայն ու ավելի գիտակ լսարանի համար: Այն լսարանի, որը չի խնդում կտավի վրա մերկ կուրծք տեսնելով ու չի շտապում թշվառ մարդկանց թշվառ մտքերի վրա ծիծաղել: Գոնե փորձում է մի բան փոխել: Հումորով փոխելը շատ ավելի խորամանկ ու շնորհակալ գործ է, քան հումորով քնեցնելը:

Միգուցե մենք էլ շնորհակալություն ասենք «ԱրմՔոմեդիին»: Օրերից մի օր:

Նունե Հախվերդյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *