Ընտրությունների օր ԱՄՆ-ում. մեդիայի քննադատության թիրախը թեկնածուներից փոխվեց դեպի ընտրողները

10.11.2015, Քննադատ

Լրագրող, հիմնական հետաքրքրությունները. հեռուստատեսություն, նոր մեդիա, էպիկուրյան փիլիսոփայություն

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների վերնագրերը ոչ թե ընտրությունների արդյունքների մասին էին, այլ ընտրողների անտարբերության

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղական ընտրություններ էին:

Երկրի մի քանի նահանգներ եւ բազմաթիվ խոշոր քաղաքներ ընտրում էին նահանգապետեր, քաղաքապետեր եւ քաղաքային խորհրդի անդամներ:

Ամերիկյան առաջատար լրատվամիջոցների վերնագրերը, սակայն, ոչ թե ընտրությունների արդյունքների մասին էին, այլ ընտրողների անտարբերության:

FoxNewsՏեղամասերը փակվեցին, ցածր մասնակցություն

WPԿարելի՞ է երիտասարդներին էժան խմիչքներով հրապուրել եւ բերել քվեարկության

BostonGlobeԸնտրողների մասնակցությունը Բոստոնում ավելի վատն էր, քան կարծում եք

Ընտրություններին մասնակցելու համար ԱՄՆ-ում քաղաքացիներն իրենք են գրանցվում, այլ կերպ ասած` խոսք են տալիս, որ կգան տեղամաս: Բայց, ինչպես լրատվամիջոցներն են նշում, «ամոթալի» է այն, որ նույնիսկ գրանցվածների շատ քիչ մասն է պահում խոստումը: Ընտրելու իրավունք ունեցողների, գրանցվածների եւ տեղամաս այցելողների թվերի մեջ սարուձորի տարբերություն կա:

Photo 1 Election in US

«Բոստոնի նորընտիր քաղաքային խորհուրդը թող չափավորի ցնծությունը, դեմոկրատիան, ճիշտ է, հաղթել է, բայց մի կերպ», գրում է «Բոստոն Գլոբ»-ը եւ շեշտում, որ գրանցվածների ընդամենը 10 տոկոսն է ընտրության եկել: Դա նշանակում է, որ շուրջ 645 հազար բնակչություն ունեցող Բոստոնում տեղական իշխանություն է ընտրել շուրջ 50 հազար մարդ:

«Ծիծաղե՞նք, թե՞ լաց լինենք»,- գրում է «Չիկագո Թրիբյուն»-ը եւ մասնակցության վերաբերյալ մեջբերում անում իր թղթակցի հաղորդագրությունից. «Մարդիկ ասում են, որ Ջասպերի շրջանում ընտրատեղամաս են եկել երկու ֆերմեր, երեք թեկնածու, երկու կով եւ մի գրպանահատ»:

Chicago_Tribune

Համատարած ցածր մասնակցության վիճակագրությունը կոտրեցին մի քանի քվեարկություններ իրենց բարձր ցուցանիշերով: Գաղտնիքն այն է, որ ընտրությունների օրը ամերիկյան հասարակությունը օգտագործում է տարբեր չափերի հանրաքվեներ անելու համար: Թեկնածուների անուններից բացի քվեաթերթիկի վրա տասնյակ այլ հարցեր կարող են լինել: Օրինակ՝

Համաձա՞յն եք, որ Յավապայ քոլեջի ֆինանսավորումը կրճատվի:

Համաձա՞յն եք, որ նահանգային հարկերը մնան նույնը:

Համաձա՞յն եք, որ Օք Բուլվարի տեղում խանութ կառուցվի:

Հենց այս տիպի հանրաքվեները հետաքրքիր դարձան թե՛ ընտրողների, թե՛ լրատվամիջոցների համար: Օրինակ՝ Հյուսթոնի ընտրություններում գրանցվեց մասնակցության այնպիսի բարձր ցուցանիշ, որ չէր եղել 2003 թվականից ի վեր: «Հյուսթոն Քրոնիքլ»-ը նույնիսկ հրապարակեց լեփ-լեցուն ընտրատեղամասի նկարը:

HoustonChronicle

Հյուսթոնում հանրաքվեի էր դրվել կանանց եւ տղամարդկանց զուգարանների տարբերությունը վերացնելու հարցը: Նույնասեռականների իրավունքների պաշտպանները ցանկանում էին, որ քաղաքն ունենա առանց հատուկ նշումների զուգարան, ընդհանուր թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար:

TreeAngle

Photo 2 Election in USԲողոք զուգարանների հավասարության դեմ «Ոչ մի տղամարդ կանանց զուգարանում»

Այ այստեղ #Houston հեշթեգը Թվիթերում նույնիսկ մի պահ առաջ անցավ ԱՄՆ ընտրությունների #ElectionDay հեշթեգից: Զուգարանների հարցը լուսաբանվեց, քննարկվեց ու վիճարկվեց ամբողջ լրատվական դաշտում: Նոյեմբերի 3-ին պարզ դարձավ, որ ընդհանուր զուգարանի հանրաքվեն բավականաչափ «այո» չի հավաքել: Կանայք ու տղամարդիկ առանձին կհոգան իրենց կարիքները:

Լրատվամիջոցների կողմից լայնորեն լուսաբանվեցին նաեւ այսպես կոչված «մարիխուանայի հանրաքվեները»: Օրինակ՝ Օհայո նահանգում քվեարկության էր դրվել 21-ից բարձր տարիքում մարիխուանա աճեցնելու եւ օգտագործելու հարցը՝ «Օհայոյի երրորդ ուղղումը»:

WP_2

Այս հարցին անդրադարձան բոլոր լրատվամիջոցները, պատվիրեցին իրենց հարցումները, արեցին սեփական կանխատեսումները այնքան, մինչեւ «կողմ»-ի ու «դեմ»-ի միջեւ գրեթե տարբերություն չմնաց: Վերջում, սակայն, առաջարկը հանրաքվեի միջոցով մերժվեց: Թե ովքեր ընտրվեցին Օհայոյի տեղական ինքնակառավարման մարմիններում, պետք է հատուկ փնտրել, իսկ այ մարիխուանայի հանրաքվեի մասին լուրերը հեղեղեցին մեդիան:

ԱՄՆ շատ նահանգներում ընտրողները տեղամաս են հասնում ոչ թե այս կամ այն թեկնածուի օգտին քվեարկելու համար, այլ հենց տեղական հանրաքվեներին մասնակցելու նպատակով: Հաճախ հանրաքվեի արդյունքները ամփոփում են հազարներով, իսկ բուն ընտրությունների արդյունքները մի քանի հարյուր ձայնով: Որպես հետգրություն ավելացնեմ, որ հազվագյուտ դեպքերում օգնում են նաեւ խաղաքարտերը:

Bradenton Herald

Բրեյդենտոն Բիչի քաղաքապետ Վիլիամ Շերոնն, օրինակ, քաղաքապետ դարձավ 195 ձայնով եւ մեկ տուզով: Քաղաքապետի երկու թեկնածուներն էլ հավասար ձայներ էին հավաքել՝ 195-195: Հանձնաժողովի նախագահը ճկուն շարժումներով խառնեց խաղաքարտերը, եւ տեսողության խնդիրներ ունեցող պարոն Շերոնը քաշեց տուզը: Նա հանձնաժողովի նիստի էր եկել իրեն ուղեկցող շան հետ: Երբ Բրեյդենտոն Բիչի արդեն վերընտրված քաղաքապետ Վիլիամ Շերոնին ասացին, որ տուզն է քաշել, նա նկատեց.

«Պատմություն կերտելու այնքան էլ լավ ձեւ չէ, բայց մենք կերտեցինք այն»:

Ամերիկյան լրատվամիջոցներն անդրադարձել էին նաեւ «մեկ թեկնածուով» քվեարկություններին: Համայնքային ղեկավար մարմիններում բազմաթիվ են եղել առանց մրցակիցների, մեկ թեկնածուով ընտրությունները: Ի տարբերություն Հայաստանի՝ նրանք ոչ միայն Հանրապետական կուսակցությւունից են եղել, այլեւ Դեմոկրատական:

Արմեն Սարգսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:

Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
 

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:
Լրացուցիչ տեղեկություններ ?